Ֆլիկ․ «Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանն այս հիանալի ակումբը մարզելու հնարավորություն տալու համար»

Ֆլիկ․ «Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանն այս հիանալի ակումբը մարզելու հնարավորություն տալու համար»

28/04/2021 - 14:05

Ինչպես գիտեք, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը լքելու է զբաղեցրած պաշտոնը, իսկ նրան փոխարինելու է Յուլիան Նագելսմանը, ով ներկայումս աշխատում է «Լայպցիգի» ղեկին։

Այդ նորության հասատատումից հետո Հանսի Ֆլիկը խոսել է իր զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին․

«Վերջին երկու տարիներն ինձ համար անմոռանալի էին։ Ինձ դուր էին գալիս ոչ միայն էմոցիաները, հաղթանակներն ու տիտղոսները, այլև ամենօրյա աշխատանքը դաշտում։

Հաջողության կարելի է հասնել միայն միասնականության շնորհիվ։ Մարզիչը ոչ ոք է առանց իր թիմի և ինձ բախտ վիճակվեց այստեղ հանդիպել ֆանտաստիկ ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և անձնակազմի, ովքեր անհավանական աշխատանք են կատարել։ Շնորհակալ եմ ընկերներ, շնորհակալ եմ, Կատլին (խմբ․՝ խոսքը Կատլին Կրյուգերի մասին է, ով «Բավարիայի» մենջերն է)։

Երախտապարտ եմ նաև ակումբի նախագահ Հերբերտ Հայներին, ինչպես նաև մյուս ղեկավար կազմին՝ Կարլ-Հայնց Ռումենիգեին, Օլիվեր Կանին և Հասան Սալիհամիջիչին այս հիանալի ակումբը մարզելու հնարավորություն տալու համար։

Հիասթափեցնող էր միայն այն, որ մենք չկարղացանք մեր ամենամեծ հաջողությունները տոնել երկրպագուների հետ։ Ես նրանց կարոտում եմ յուրաքանչյուր խաղին։

Ես «Բավարիայի» ընտանիքին ապագայում ցանկանում եմ միայն ամենայն բարիք։ Դատարկ խոսքեր չեն, երբ ես ասում եմ, որ այս ակումբը մարզելն ինձ համար մեծ պատիվ էր»,- նշել է Ֆլիկը, ում խոսքերը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ 56-ամյա մասնագետը «Բավարիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2019 թվականի նոյեմբերին։ Այդ պահից ի վեր մյուխենյան ակումբը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 83 հանդպում, տոնել է 68 հաղթանակ, 7 հանդիպում ավարտել ոչ-ոքի, ևս 8 խաղում էլ պարտվել է։

«Բավարիան» Ֆլիկի գլխավորությամբ 2020 թվականին նվաճեց բոլոր հնարավոր 6 տիտղոսները՝ դառնալով Բունդեսլիգայի, Գերմանիայի գավաթի, Գերմանիայի Սուպեր գավաթի, Չեմպիոնների լիգայի, ՈՒԵԱՖ-ի Սուպեր գավաթի, ինչպես նաև աաշխարհի ակումբային առաջնության հաղթող (խմբ․՝ ակումբը ԱԱԱ-ի հաղթող դարձել է 2021թ․։ Մրցաշարը պետք է անցկացվեր 2020-ի դեկտեմբերին, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այն տեղի ուենցավ 2021-ի փետրվարին, այդ պատճառով էլ այն համարվում է 2020 թվականի մրցաշար):

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023