Հանսի Ֆլիկը շատ մոտ է Բարսելոնան գլխավորելուն
Հանսի Ֆլիկը, ամենայն հավանականությամբ, շուտով կնշանակվի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։
Իսնսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ կատալոնական ակումբում բոլորը համաձայն են Ֆլիկի նշանակման հարցում։
Աղբյուրի փոխանցմամբ` 59-ամյա մասնագետը միշտ ցանկացել է մարզել «բլաուգրանան»։ Նա, հանուն «Բարսելոնայի», հրաժարվել է բանակցել անգլիական մի շարք ակումբների հետ։
Գերմանացի մասնագետն այժմ սպասում է «կապտանռնագույնների» վճռորոշ քայլերին` գլխավոր մարզչի պաշտոնից Խավիին հեռացնելու հարցում։ Ակումբը դեռ պետք է իր որոշման մասին հայտնի 44-ամյա մարզչին։
Նշվում է, որ Ֆլիկի համար «Բարսելոնայի» հետ կնքվելիք պայմանագիրն ու աշխատավարձը խնդիր չէ. նա պատրաստ է աշխատել ցանկացած պայմաններով։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան X-ի (նախկինում` Twitter) հայտնում է, որ կատալոնական ակումբի ներկայացուցիչները մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել Ֆլիկի հետ, իսկ կողմերի միջև բանակցությունները վերջնական փուլում են։
Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգին էլ պարզ է դարձել, որ «Բարսելոնայի» ղեկավարները Ֆլիկին արդեն հայտնել են իրենց որոշման մասին։
Հանսի Ֆլիկը 2000-2005 թթ. մարզել է «Հոֆենհայմը», 2006-2014 թթ. Գերմանիայի հավաքականում եղել է Յոաքիմ Լյովի օգնականը, 2014-17 թթ. Գերմանիայի ֆուտբոլային միությունում զբաղեցրել է սպորտային տնօրենի պաշտոնը։
Մասնագետը 2019 թ. տեղափոխվել է «Բավարիա» և նշանակվել Նիկո Կովաչի օգնական, իսկ խորվաթ մասնագետի հեռացումից հետո նույն տարվա հոկտեմբերին դարձել է մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ։ «Ռեկորդ մայսթերը» Ֆլիկի գլխավորությամբ առաջին իսկ մրցաշրջանում դարձավ թրեբլի հեղինակ` հաղթելով Բունդեսլիգան, Գերմանիայի գավաթն ու Չեմպիոնների լիգան։ «Բավարիան» հետագայում նվաճեց նաև ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, Գերմանիայի Սուպերգավաթն ու հաղթեց Աշխարհի ակումբային առաջնությունը` «Բարսելոնայից» հետո դառնալով միայն երկրորդ ակումբը, որն օրացույցային մեկ տարում հաղթել է հնարավոր բոլոր 6 տիտղոսները։
Ֆլիկը 2021-2023 թթ. մարզել է նաև Գերմանիայի հավաքականը։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավիի ու ակումբի նախագահ Ժոան Լապորտայի միջև կոնֆլիկտ է ծագել։ Ֆունկցիոներին դուր չի եկել, որ մարզիչը հրապարակավ դժգոհել է ակումբի ֆինանսական վատ վիճակից և նշել, որ այդ ասպեկտում «Բարսելոնան» չի կարող մրցել Մադրիդի «Ռեալի» և եվրոպական այլ գրանդների հետ։
Խավին «Բարսելոնան» մարզում է 2021 թ. հոկտեմբերից։ Կատալոնական ակումբը նրա գլխավորությամբ դարձել է Լա լիգայի հաղթող և Իսպանիայի Սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Խավի, Հանս-Դիտեր Ֆլիկ