Հայտնի է, թե Ատլետիկոյից որ ֆուտբոլիստներն են վարակվել Covid-19-ով
Ինչպես արդեն հայտնել էինք, «Ատլետիկո Մադրիդի» երկու ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով, սակայն չէր հրապարակվել, թե որ ֆուտբոլիստներն են վարակվել։
Այսօր` օգոստոսի 10-ին, մադրիդյան ակումբն իր պաշտոնական կայքում հայտնել է, թե որ ֆուտբոլիստների մոտ է ախտորոշվել վարակը։
Covid 19-ի դրական թեստ են հանձնել ակումբի աջ պաշտպան Շիմե Վրսալկոն և կիսապաշտպան Անխել Կոռեան։ Երկու ֆուտբոլիստներն էլ ախտանշաններ չունեն և իրենց լավ են զգում։ Երկու ֆուտբոլիստներն էլ ինքնամեկուսացել են։
Հավելենք, որ, ըստ ՈՒԵՖԱ-ի նոր պահանջի, բոլոր ակումբները, որոնք Լիսաբոնում մասնակցելու են ՉԼ 1/4 եզրափակչին, պարտավորեն նախքան Պորտուգալիա մեկնելուց առաջ հանձնեն ՊՇՌ թեստ, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ Վրսալկոն և Կոռեան վարակված են։
Հաղորդվում է, որ «Ատլետիկոյի» բոլոր ֆուտբոլիստներն ու աշխատակիցները Լիսաբոն մեկնելուց հետո պետք է ևս մեկ անգամ հանձնեն ՊՇՌ թեստ։
Հիշեցնենք, որ «հնդկացիները» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում մրցելու է «Լայպցիգի» դեմ։ Հանդիպումը կայանալու է օգոստոսի 13-ին։ Վրսալկոն և Կոռեան միանաշանակ բաց են թողնելու հանդիպումը։
# Անխել Կոռեա, Ատլետիկո Մադրիդ, Լայպցիգ, կորոնավիրուս, Շիմե Վրսալկո, Չեմպիոնների-լիգա