Հայտնի է դարձել Ռեալի ու Մբապեի միջև կնքվելիք պայմանագրի մանրամասները
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։
Արդեն հայտնի է դարձել, որ 25-ամյա ֆուտբոլիստը որոշել է կարկերան շարունակել «արքայական» ակումբի կազմում և մոտ օրերս դրա մասին պաշտոնապես կհայտնի «Պարի Սեն-Ժերմենին»։
El Debate-ն գրում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը «Ռեալի» հետ կնքելու է 6 տարվա պայմանագիր. այն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հունիսի 30-ը։
Մբապեի տարեկան աշխատավարձը հարկերը վճարելուց հետո լինելու է 32 մլն եվրո։
Սպասվում է, որ ֆրանսիացի հարձակվողը նաև 100 մլն եվրո հավելավճար կստանա` «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու համար։
Բացի այդ, Մբապեն կտնօրինի իր իմիջային իրավունքների 60%-ը։
Այդ իրավունքների օգտագործումը Մբապեին և «Ռեալին» առաջին իսկ մրցաշրջանում կարող է ապահովել 165 մլն եվրոյի եկամուտ, իսկ գումարի չափն ապագայում միայն ավելանալու է, հատկապես, եթե նրանք տիտղոսներ նվաճեն։
Նշվում է, որ Մբապեն «Ռեալի» շարքերը համալրելու է հենց տիտղոսներ նվաճելու, այլ ոչ թե ֆինանսական նպատակով։
Հավելենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, և նա «Ռեալ» տեղափոխվելու է ազատ գործակալի կարգավիճակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ