Հայտնի են դարձել Բարսելոնայի ու Spotify-ի միջև կնքված պայմանագրի մանրամասները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022/23 մրցաշրջանից սկսած, շվեդական հանրահայտ աուդիո հոսքային Spotify ընկերությունը լինելու է «Բարսելոնայի» նոր տիտղոսային հովանավորը։
Mundo Deportivo-ին հաջողվել է մի շարք մանրամասներ պարզել կողմերի միրև կնքված պայմանագրից։
«Բլաուգրանան» տարեկան 57,5 միլիոն եվրո կստանա տղամարդկանց և կանանց թիմերի մարզաշապիկների վրա Spotify-ի տարբերանշանի տեղադրման համար։
«Բարսելոնան» ևս 5 մլն եվրո կվաստակի մարզումային համազգեստի վրա տարբերանշանի տեղադրման համար։
Խաղային մարզաշապիկի վրա տարբերանշանի տեղադրման հարցում «Բարսելոնան» ու շվեդական ընկերությունը կնքել են 4, իսկ մարզումային համազգեստի հարցում` 3 տարվա պայմանագիր։
Համաձայնագրում կա նաև կետ, ըստ որի, «Բարսան» կստանա տարեկան 2,5 միլիոն եվրո, եթե պահպանի «պայմանագրի ակտիվացման ճիշտ պրակտիկայի» սկզբունքը, սակայն, թե ինչ է այն իրենից ենթադրում, չի նշվում։
Հայտնի է, որ կատալոնական ակումբի մարզադաշտը վերաբրենդավորվելու է և սկսելու է կոչվել «Spotify Նոու Կամպ», ինչի դիմաց «Բարսելոնան» տարեկան կվաստակի 5 մլն եվրո։
Նշենք, որ, ի տարբերություն կողմերի միջև կնքված հիմնական պայմանագրի, որը 4 տարով է, մարզադաշտի անվանափոխության համաձայնագիրը նախատեսված է 6 տարով։
Այսպիսով, սպասվում է, որ «Բարսելոնան» 4 տարվա ընթացքում Spotify-ի հետ համագործակցության արդյունքում կվաստակի 265 եվրո, որը տարբեր հավելավճարներով կարող է հասնել մինչև 275 մլն եվրոյի։
Հավելենք, որ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Spotify-ը հնարավորություն կունենա երկարաձգել այն ևս 15 տարով: Միաժամանակ ընկերությունը կսկսի ակումբին ավելի շատ վճարել՝ յուրաքանչյուր տարի ավելացնելով ևս 15-20 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Spotify, Բարսելոնա