ԿԼ. Նոայի և Ուրարտուի հաջորդ մրցակիցներն ու հանդիպումների ժամանակացույցը
Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» և չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն» բարեհաջող հաղթահարեցին Կոնֆերենցիենրի լիգայի որակավորման առաջին փուլը։
Ռուի Մոտայի գլխավորած «Նոան» պայքարից դուրս թողեց հյուսիսմակեդոնական «Շկենդիային»։ Ակումբը տանը հաղթեց 2:0, իսկ դրսում` 2:1։
«Նոան» մրցաշարի հաջորդ փուլում մրցելու է Մալթան ներկայացնող «Սլիմայի» դեմ։ Դիմակայության առաջին խաղը կայանալու է Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը` Մալթայում։
«Ուրարտուն» մրցեց Տալինի «Կալևի» (Էստոնիա) դեմ։ Դմիտրի Գունկոյի թիմը նույնպես հաղթեց երկու խաղում։ «Առյուծները» հյուրընկալվելիս առավելության հասան 2:1, իսկ սեփական մարզադաշտում` 2:0 հաշվով։
«Ուրարտուն» հաջորդ փուլում մրցելու է «Բանիկի» դեմ։ Առաջին հանդիպումը կայանալու է Չեխիայի Օստռավա քաղաքում, իսկ պատասխան խաղը` Երևանում։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կայանալու են հուլիսի 25-ին, պատասխան խաղերը` օգոստոսի 1-ին։
Հիշեցնենք, որ մրցաշարի այդ փուլին մասնակցելու են նաև Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» ու երկրի գավաթակիր «Արարատ-Արմենիան», որոնց մրցակիցները լինելու են համապատասխանաբար «Ստրուգան» (Հյուսիսային Մակեդոնիա) և «Զիմբրուն» (Մոլդովա)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ-Արմենիա, Բանիկ, Զիմբրու, Կոնֆերենցիաների լիգա, Նոա, Ուրարտու, Սլիմա Ուոնդերերս, Փյունիկ