Կատալոնական թեժ դերբի. Լյուկ դե Յոնգը 90+7-րդ րոպեին  Բարսային փրկեց պարտությունից🎥

Կատալոնական թեժ դերբի. Լյուկ դե Յոնգը 90+7-րդ րոպեին Բարսային փրկեց պարտությունից🎥

14/02/2022 - 02:00

Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում կայացավ կատալոնական հերթական դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Էսպանյոլն» ու «Բարսելոնան»։

Կարելի է ասել` «Բարսելոնան» հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 2-րդ րոպեին Պեդրին առաջ մղեց հյուրերին։

Խփած գոլից հետո էլ «բլաուգրանան» վերահսկում էր հանդիպման ընթացքն ու 38-րդ րոպեին հաշիվը կրկնապատկելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն Ադամա Տրաորեի` մոտ տարածությունից կատարած հարվածից հետո «Էսպանյոլին» փրկեց դարպասապահ Դիեգո Լոպեսը։

«Բարսելոնայի» այդ գրոհը երկրորդ տեմպ ստացավ, ինչից հետո հարվածային դիրքում հայտնվեց արդեն Ֆերրան Տորեսը, սակայն նրա գլխով կատարած հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ։

Այդ դրվագներից հետո գործեց ֆուտբոլի գլխավոր օրենքը. չես խփում դու, խփում են քեզ։ 41-րդ րոպեին «պերիկիտոսը» հավասարեցրեց հաշիվը. հեռահար հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Սերխի Դարդերը։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի մեկնարկն անցնում էր Խավիի սաների առավելությամբ, ովքեր էլ 56-րդ րոպեին կրկին առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկավ Գավին։

Այդուհանդերձ, գոլային գրոհի ժամանակ Ֆրենկի դե Յոնգը խաղից դուրս իրավիճակում էր եղել, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը չարձանագրեց դարպասի գրավումը։

Հյուրերի ակտիվ գործողություններից հետո պատմությունը կրկնվեց. 64-րդ րոպեին «Էսպանյոլը» առաջ անցավ հաշվի մեջ, իսկ գոլի հեղինակ դարձավ Ռաուլ դե Տոմասը։

Բաց թողած երկրորդ գոլը կարծես կոտրեց «Բարսայի» ֆուտբոլիստներին, ովքեր, ճիշտ է, հանդիպման մնացած ժամանակահատվածում ավելի ակտիվ էին, սակայն նրանց խաղում չկար նախկին սրությունը։

Երբ թվում էր` «Էսպանյոլը» կհաղթի, 90+7-րդ րոպեին Ադամա Տրաորեի կատարած բարձր փոխանցումից հետո Լյուկ դե Յոնգը գլխի դիպուկ հարվածով հավասարեց հաշիվն ու «Բարսելոնային» փրկեց պարտությունից։

Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, ինչից հետո Խավիի թիմը վաստակեց 39 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

«Էսպանյոլը», 28 միավորով, 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023