Կալյարին դրամատիկ հաղթանակ է տարել․ Կալյարի 4։3 Սամպդորիա?
Ավարտվեց իտալական Ա սերիայի 14-րդ տուրը։ Տուրի վերջին խաղում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Կալյարին» սեփական հարկի տակ գերգոլառատ հանդիպման շրջանակում 4։3 հաշվով կամային հաղթանակ տարավ հետնապահների թվում ընթացող «Սամպդորիայի» նկատմամբ։
«Սամպդորիան» հանդիպման ընթացքում երկու անգամ առջևում է եղել 2 գնդակի տարբերությամբ, սակայն չի կարողացել պահպանել ոչ միայն հաղթական հաշիվը, այլև խաղի ամենավերջում ձեռքից բաց թողեց նաև ոչ-ոքին։
Խաղի հաշիվը 38-րդ րոպեին բացեց Ա սերիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու, 36-ամյա Ֆաբիո Կվալյարելան։ 52-րդ րոպեին Գաստոն Ռամիրեսը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։
69-րդ րոպեին Ա սերիայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտոբլիստ ճանաչված Ռաջա Նայնգոլանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ընդամենը 1 րոպե անց Ֆաբիո Կվալյարելան դարձավ դուբլի հեղինակ՝ վերականգնելով երկու գնդակի առավելությունը։
Ռոլանդո Մարանի սաներն այս ամենից չընկճվեցին, ընդհակառակը կարողացան բեկել խաղի ընթացքը։ Նախ երկու րոպեի ընթացքում՝ 74 և 76-րդ րոպեներին, Ժոաո Պեդրոն դարձավ դուբլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվն, ապա մրցավարի կողմից ավելացրած 6-րդ րոպեին Ալբերտո Չերին գլխով կատարած հարվածով հաղթանակ պարգևեց սարդինական ակումբին։
Մրցաշրջանի մեկնարկում երկու անընդմեջ պարտություններից հետո, «Կալյարին» 12-րդ անպարտելի հանդիպումն անցկացրեց և վաստակած 28 միավորով կրկին բարձրացավ 4-րդ հորիզոնական։ «Սամպդորիան» 12 միավորով զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։
# Ա-սերիա, Կալյարի, Սամպդորիա