Հերթական սկանդալը․ Կադիս-Վալենսիա հանդիպումն ընդհատվել է ռասիստական վիրավորանքների պատճառով🎥
Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Կադիսը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության է հասել «Վալենսիայի» նկատմամբ։
Այս հանդիպումը հայտնվել է բոլորի ուշադրության կիզակետում, քանի որ «Վալենսիայի» պաշտպան Մուկտար Դիախաբին ենթարկվել է ռասիստական վիրավորանքների։
Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ հանդիպման 30-րդ րոպեին Դիախաբիի ու «Կադիսի» ֆուտբոլիստ Խուան Կալայի միջև կոնֆլիկտ է ծագել, ինչից հետո, ըստ երևույթին, ֆրանսիացի պաշտպանի հասցեին ռասիստական վիրավորանքներ են հնչել։
Երկար ժամանակ Դիախաբիին կողմերը չէին կարողանում հանգստացնել։ 24-ամյա պաշտպանը, ի վերջո, չցանկացավ շարունակել հանդիպումը՝ լքելով խաղադաշտը։ «Վալենսիայի» նրա խաղընկերները, որպես համերաշխության նշան, նույնպես հեռացան դաշտից։
Հանդիպման գլխավոր մրցավար Դավիդ Մեդյե Խիմենեսը ստիպված էր դադարեցնել հանդիպումը։ Խաղը կանգնած էր մոտ 30 րոպե, սակայն, երկար քննարկումներից հետո, ամեն դեպքում, այն շարունակվեց։
Ինչ վերաբերում է Դիախաբիին, ապա նա չշարունակեց հանդիպումը՝ հանգրվանելով «Ռամոն դե Կարանսա» մարզադաշտի տրիբունայում։
Ինչպես տեղեկացնում է Cope-ն, Խուան Կալան որևէ ռասիստական արտահայտություն թույլ չի տվել Մուկտար Դիախաբիի հասցեին, իսկ հանդիպման գլխավոր մրցավարը այդ դրվագում ոչինչ չի լսել, այդ պատճառով «Վալենսիայի» ֆուտբոլիստները, չկարողանալով ապացուցել, որ, իրոք, հնչել են ռասիստական արտահայտություններ, որոշեցին շարունակել հանդիպումը, քանի որ վտանգ կար, որ «չղջիկների» անվան դիմաց տեխնիկական պարտություն կգրանցվի։
Marca-ն էլ հրապարակել է այդ հանդիպման արձանագրությունը, որտեղ գլխավոր մրցավար Դավիդ Մեդյե Խիմենեսը հաստատել է, որ նա և իր օգնականները որևէ ռասիստական արտահայտություն չեն լսել․
«29-րդ րոպեին ես ընդհատեցի հանդիպումը երկու ակումբների ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով։
«Այն բանից հետո, երբ Վալենսիայի» պաշտպան Մուկտար Դիախաբին մցարցկի հետ վիճելու համար դեղին քարտ ստացավ, ինձ ասաց հետևյալը․
«Նա ինձ անվանել է «սև կեղտ» (negro de mierda)»։
Այդ ամենն ասելուց հետո նա ցույց էր տալիս «Կադիսի» պաշտպան Խուան Կալային։
Հավելեմ, որ մրցավարական բրիգադի անդամներից ոչ մեկ որևէ բան չի լսել։
Մի քանի րոպե անց «Վալենսիայի» ֆուտբոլիստները որոշեցին լքել խաղադաշտը, ինչի պատճառով հանդիպումը որոշ ժամանակով կանգ էր առել։ Երկու ակումբները վերադարձան իրենց հանդերձարանները։
«Վալենսիայի» ներկայացուցիչները տևական ժամանակ «Կադիսի» իրենց գործընկերների հետ քննարկումներից հետո հայտնեցին մեզ, որ որոշել են փոխարինել Մուկտար Դիախաբիին և շարունակել հանդիպումը։
Դրան զուգահեռ որոշում կայացվեց երկու ակումբների ֆուտբոլիստներին տալ 5 րոպե ժամանակ՝ մկանները տաքացնելու համար, որպեսզի խուսափեն տարբեր վնասվածքներից։
Հանդիպումը վերսկսվեց 24 րոպե դադարից հետո, իսկ այնուհետև այն կայացել է ինչպես հարկն է»,- նշված է եղել հանդիպման արձանագրությունում։
Հավելենք, որ այդ խաղում «Կադիսը» հաղթական գնդակը խփել է 88-րդ րոպեին, որն իր ակտիվում գրանցել է Մարկոս Մաուրոն։
Այդ հաղթանակից հետո Ալվարո Չերվերա Դիասի սաները վաստակեցին 32 միավոր, բարձրացան 13-րդ հորիզոնական՝ ընդհուպ մոտենալով «Վալենսիային», որը մնաց 33 միավորով և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Չերվերա Դիաս, Դավիդ Մեդյե Խիմենես, Լա-լիգա, Խուան Կալա, Կադիս, Մարկոս Մաուրո, Մուկտար Դիախաբի, Վալենսիա