«Ծնողներս ինձ միշտ սովորեցրել են թափել աղբը»․ Նեյմարի ու Մարսելի պաշտպանի լեզվակռիվը Twitter-ում
Հունվարի 14-ին կայացել է Ֆրանսիայի Սուպեր գավաթի հանդիպումը, որի շրջանակում ՊՍԺ-ն 2։1 հաշվով հաղթեց «Մարսելին»՝ հոբելյանական՝ 10-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։
Այդ հանդիպումից հետո ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ու «Մարսելի» իսպանացի պաշտպան Ալվարո Գոնսալեսը վեճի են բռնվել Twitter-ում։
Այս ֆուտբոլիստների հարաբերությունները սրվել են դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին Լիգա 1-ի ընթացիկ խաղարկության 3-րդ տուրի շրջանակում կայացած հանդիպումից հետո (խմբ․՝ այդ խաղում «Մարսելը» հյուրընկալվելիս հաղթել է 0։1 հաշվով)։ Այդ խաղում կողմերի միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով, երկու թիմերից միասին վերցրած, 5 հոգի հեռացվեցին խաղադաշտից, իսկ Նեյմարը Գոնսալեսին անդադար մեղադրում էր ռասիստական արտահայտություններ թույլ տալու համար։ Կողմերն իրենց վեճը շարունակել են Twitter-ում։
Եվ ահա, սուպերգավաթային հանդիպումից հետո Նեյմարը վերաբացել է այս թեման՝ Twitter-ում կատարելով հետևյալ գրառումը․
«Ո՞վ է արքան, Ալվարո՞ն 🏆»։
Ալվարո Գոնսալեսի պատասխանը չի ուշացել․
«Ծնողներս ինձ միշտ սովորեցրել են թափել աղբը։ «Մարսելը» հավերժ է»,- գրել է իսպանացի պաշտպանը՝ գրառմանը կցելով Նեյմարի հետ կոնտակտային պայքարի դրվագներից մեկի լուսանկարը։
«Բայց մոռացել են տիտղոսներ նվաճել սովորեցնել»,- պատասխանելու հերթը եղել է Նեյմարինը։
Վերջին մեկնաբանությանը Ալվարո Գոնսալեսը պատասխանել է տրամաբանությամբ։ Իսպանացի պաշտպանը տեղադրել է Պելեի լուսանկարը, որտեղ նա աշխարհի երեք գավաթով է, և գրել է հետևյալը․
«Հավերժ արքայի ստվերում»։
# Ալվարո Գոնսալես, Նեյմար, ՊՍԺ, Օլիմպիկ Մարսել, Ֆրանսիայի Սուպեր գավաթ