Խետաֆեն խաղային խնդիրներ ունի, Վիլյառեալը ներխուժեց եվրագավաթային գոտի?

Խետաֆեն խաղային խնդիրներ ունի, Վիլյառեալը ներխուժեց եվրագավաթային գոտի?

16/06/2020 - 23:57

Իսպանական Լա լիգայի շրջանակում շարունակվում է 29-րդ տուրը։ Այսօր՝ հունիսի 16-ին, նախատեսված է երեք հանդիպում, որոնցից երկուսն արդեն ավարտվել են։

Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Խետաֆեն» առաջնությունը բավականին անհաջող է վերսկսել։ Պեպե Բորդալասի սաներն այսօր մրցում էին առաջնության հետնապահների թվում ընթացող «Էսպանյոլի» դեմ, որը պայքարում է տեղը բարձրագույն առաջնությունում պահպանելու համար։

Հանդիպման ողջ ընթացքում «Խետաֆեի» ֆուտբոլիստներն ունեին թե՛ տարածքայի, թե՛ խաղային առավելություն ունեին, ինչի պատճառներից մեկն այն էր նաև, որ 16-րդ րոպեից սկսած հյուրերը խաղում էին 10 հոգով։ Կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց «թութակների» կենտրոնական պաշտպան Բերնարդոն։

Եթե առաջին խաղակեսում «Խետաֆի» առավելությունն այդքան ակնհայտ չէր, ապա երկրորդ կեսում հյուրերի հստակ սկսեց զգացնել տալ մեկ խաղացողի պակասն ու հոգնածությունը, ինչն էլ հանգեցնում էր տանտերերի ստեղծած բազմաթիվ վտանգավոր գրոհներին, սակայն այդպես էլ չհաջողվեց խփել մեկ գնդակ և հաղթանակ կորզել։ «Էսպանյոլը» 10 հոգով դիմացավ և անչափ կարևոր միավոր կորցրեց։

«Խետաֆեն» առաջնության վերսկսումից հետո վաստակել է ընդամենը 1 միավոր և հերթական անգամ վտանգում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերել։ Պեպե Բորդալասի սաները վաստակեցին 47 միավոր՝զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ Նույնքան միավոր ունի նաև «Ռեալ Սոսիեդադը», սակայն բասկյան ակումբը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Էսպանյոլը» վաստակեց 24 միավոր և այժմ ընդամենը 2 միավորով է զիջում 17-րդ հորիզոնականը զբաղեցնող «Սելտային»։ Կատալոնական ակումբն այժմ 19-րդ հորիզոնականն է զբաղեցնում։

«Էսպանյոլի» անմիջական մրցակիցներից «Մալյորկան» հյուրընկալվել էր Եվրագավաթային ուղեգրերի համար պայքարող «Վիլյառեալին»։

Խաղը հիմնականում երկակի տպավորություն թողեց․ գրոհում էին կղզիաբնակները, սակայն հաղթանակ տարավ «դեղին սուզանավը»։ Առաջին խաղակեսում հյուրերը մի քանի անգամ կարող էին գոլի հեղինակ դառնալ, սակայն այդպես էլ չկարողացան աչքի ընկնել, իսկ «Վիլյառեալը» հանդիպման 16-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Սամուել Չուկուվեզեի աջ եզրից կատարած փոխանցումից հետո Կառլոս Բական գրավեց մրցակցի դատարկ դարպասը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում երկու թիմերն էլ աչքի ընկնելու հնարավորություններ ունեին, սակայն հաշվի մեջ այլևս փոփոխություն չեղավ, ինչի արդյունքում «Վիլառեալը» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։

Այսպիսով, «դեղին սուզանավը» վաստակեց 44 միավոր և բարձրանալով 7-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Վալենսիային»։ Նշենք, որ 7-րդ հորիզոնականը Եվրոպա լիգայի որակավորման փուլին մասնակցելու իրավունք է տալիս։ «Մալյորկան» մնաց 25 միավորով և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը՝ պայքարելով տեղը բարձրագույն առաջնությունում պահպանելու համար։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023