Խավի. «Դժվար իրավիճակները Բարսայի օգտին չեն լուծվում» 🎥
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպումից հետո «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին դժգոհել է գլխավոր մրցավար Խոսե Լուիս Մունուերա Մոնտերոյի կայացրած որոշումներից.
«Ես միայն եզրային մրցավարի հետ եմ զրուցել, ով ինձ ասաց, որ Օսկար Վալենտինը (Խմբ.` «Ռայո Վալեկանոյի» կիսապաշտպանը) ազդել է դրվագի վրա, սակայն վերջնական արդյունքում արձանագրեցին դարպասի գրավումը։
Մենք կարծում ենք, որ ազդեցությունը նշանակալի էր։ Դժվար իրավիճակները «Բարսայի» օգտին չեն լուծվում։
Բացի այդ, պետք էր 11-մետրանոց նշանակել Ռաֆինիայի նկատմամբ թույլ տված խախտման համար։ Ինձ ասացին, որ այդ դրվագում խախտում կար, սակայն որոշումը կրկին մեր դեմ էր։ Այդ դրվագում ակնհայտ 11-մետրանոց կար։
Այդուհանդերձ, դա արդարացում չէ։ Մենք միավորներ կորցրինք, քանի որ բավականաչափ լավ չանցկացրինք առաջին խաղակեսը։ Պետք է կենտրոնանաք երկրորդ խաղակեսում ցույց տված խաղի վրա ու լինենք ինքնաքննադատ։
Ես հասկանում եմ մեր հասցեին հնչող քննադատությունները, սակայն մենք ի զորու ենք փոխել իրավիճակը։ Դեռևս ժամանակ ունենք»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հավելենք, որ «Ռայո Վալեկանո» – «Բարսելոնա» հանդիպման 39-րդ րոպեին գլխավոր մրցավար Խոսե Լուիս Մունուերա Մոնտերոն արձանագրեց տանտերերի կիսապաշտպան Ունայի Լոպեսի խփած գոլը` կարծելով, որ խաղից դուրս իրավիճակում գտնվող Օսկար Վալենտինը չի ազդել դրվագի վրա ու չի փակել «բլաուգրանայի» դարպասապահ Ինիակի Պենիայի տեսադաշտը։
Բացի այդ, խաղավերջում «Ռայոյի» եզրային պաշտպան Ալֆոնսո Էսպինոն սեփական տուգանային հրապարակում վայր գցեց «Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինիային, սակայն Մոնտերոն կատալոնական ակումբի օգտին չնշանակեց 11-մետրանոց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆոնսո Էսպինո, Բարսելոնա, Լա-լիգա, Խավի, Խոսե Լուիս Մունուերա Մոնտերո, Ունայի Լոպես, Ռայո Վալեկանո, Ռաֆինյա, Ռաֆինյա-Լիդս, Օսկար Վալենտին