Լևանդովսկին անձնական պայմանագրի պահանջ է ներկայացրել Բարսելոնային

Լևանդովսկին անձնական պայմանագրի պահանջ է ներկայացրել Բարսելոնային

08/04/2022 - 12:09

«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբի ներկայացուցիչները նվազագույնը երկու անգամ հանդիպել են Լևանդովսկու գործակալ Պինի Զահավիի հետ, իսկ այդ հանդիպումները դրական ազդեցություն են թողել կողմերի վրա։

Բանն այն է, որ Զահավին ու «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան բավական ջերմ հարաբերություններ ունեն, ինչն էլ կարող է խթանել, որ լեհ հարձակվողը համալրի «Բարսելոնայի» շարքերը։

Զահավին դեռևս սույն թվականի հունվարին է «կապտանռնագույններին» առաջարկել պայմանագիր կնքել Լևանդովսկու հետ, իսկ կողմերն այդ պահից սկսած, մտշապես եղել են կապի մեջ։

33-ամյա հարձակվողը նույնպես ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», քանի որ կարծում է` իր կարիերայի մյունխենյան փուլն ավարտվել է։

Հայտնի է, որ «Բավարիայի» ու Լևանդովսկու միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ դրա շուրջ կայացած բանակցություններն արդյունք չեն տվել։

Խնդիրն այն է, որ մյունխենյան ակումբը լեհ ֆուտբոլիստին պատրաստ է առաջարկել միայն 1 տարվա պայմագիր, իսկ Լևանդովսկին չի ցանկանում լինել «Բավարիայի» կարճաժամկետ ծրագրի մասնիկը, այդ պատճառով էլ նրա գործակալին խնդրել է փնտրել նոր ակումբ։

Հաղորդվում է, որ հանդիպումներից մեկի ժամանակ Լևանդովսկին Զահավիի միջոցով «Բարսելոնայից» 3 տարվա պայմանագիր է պահանջել, քանի որ, չնայած տարիքին, կարծում է, որ հանգիստ կարող է դեռևս մի քանի մրցաշրջան հանդես գալ բարձր մակարդակով։

Լևանդովսկին ցանկանում է տեղափոխվել այնպիսի ակումբ, որի կազմում կլինի գլխավոր աստղն ու կպայքարի տիտղոսների համար ու այդ տեսանկյունից նրան գրավում է իսպանական Լա լիգան։

Նշվում է, որ եթե «Բարսելոնան» կարողանա իրականացնել այս գործարքը, ապա ստիպված կլինի ծախսել մոտ 100 մլն եվրո։

Ընդ որում, հաշվի առնելով Լևանդովսկու խաղամակարդակը` «բլաուգրանան» պատրաստ է նման ֆուտբոլիստին գնելու համար ծախսել այդքան գումար։

Այս գործարքի միակ խոչընդոտն այն է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը երկմտանքով է մոտեցել Լևանդովսկու` 3 տարվա պայմանագիր կնքելու պահանջին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» Լևանդովսկու վաճառքից ցանկանում է ստանալ նվազագույնը 65 մլն եվրո, «Բարսելոնան» էլ իր հերթին այդ գումարը նվազեցնելու համար պատրաստ է գործարքում ներառել Սերժինիո Դեստին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023