Սուարես․ «Դիտում եմ Բարսայի խաղերը և մշտապես կապի մեջ եմ Մեսսիի հետ»
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է, որ մինչ այժմ դիտում է իր նախկին ակումբի՝ «Բարսելոնայի» հանդիպումները, ինչպես նաև մշտապես կապի մեջ է Լեո Մեսսիի հետ․
«Ես նայում եմ «Բարսելոնայի» հանդիպումները, քանի որ սիրում եմ դիտել ֆուտբոլ և հիանում եմ այն ակումբով, որի գույները պաշտպանել եմ։
Գիտեմ, որ «Բարսելոնայում» ինձ սիրում են։ Ես ինքս երախտապարտ եմ «Բարսելոնային» այն ամենի համար, ինչ ակումբն ինձ համար արել է։
Դիտեցի «Բարսայի» հանդիպումը «Ռեալ Սոսիեդադի» դեմ (6։1)․ դա պարզապես հիասքանչ էր։ Թիմը բավական ակտիվ էր գործում․ նրա կազմում հանդես են գալիս ամենաուժեղ ֆուտբոլիստները
Բացի դրանից, ես գրեթե ամեն օր խոսում եմ Լեո Մեսսիի հետ»,- եզրափակել է ուրուգվայցի ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը 2014-2020 թվականներին հանդես է եկել կատալոնական ակումբի կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 283 հանդիպում՝ դառնալով 195 գոլի և 112 գոլային փոխանցման հեղինակ։
2020 թ․ սեպտեմբերին «Էլ պիստոլերոն» 7 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ատլետիկո», որի կազմում մինչ այժմ անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, Ռեալ-Սոսիեդադ