Սուարես․ «Իհարկե, կարոտում եմ Մեսսիին»
«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր և «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի միջև փոխհարաբերությունների մասին։
«Իհարկե, կարոտում եմ Մեսսիին։ Նա ֆուտբոլիստ է, ում բոլորն են ճանաչում, սակայն նա նաև իմ ընկերն է, որի պակասն այս պահին շատ եմ զգում։ Կարոտում եմ մեր ամենօրյա շփումը ոչ միայն ֆուտբոլի, այլև, առհասարակ, ամեն ինչի մասին։
Մեր երեխաները, ովքեր միասին էին խաղում, նույնպես կարոտում են միմյանց։ Մենք բոլորս գիտեինք, որ այս փոփոխությունն անխուսափելի էր՝ կապված մեր տարիքի հետ և պետք է պատրաստ լինեինք դրան։
Կարծում եմ մարզիչն ինձ չի կարոտում (խմբ․՝ խոսքը «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի մասին է), որովհետև նա ինձ ասաց, որ ուրախ է իմ հեռանալու առթիվ։ Գուցե Լեոն նույնպես ամեն օր կարոտում է իր ընկերոջը»,- ասել է ուրուգվացի հարձակվողը France Football-ին տված հարցազրույցի ժամանակ, որին էլ, իր հերթին հղում է անում GFFN-ը։
Հիշեցնենք, որ «Էլ Պիստոլերոն» մադրիդյան ակումբ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2020 թվականի սեպտեմբերի 25-ին ընդամենը 5 մլն եվրոյի դիմաց։ Մինչ այս պահը նոր ակումբի կազմում Սուարեսը մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, տրանսֆերներ