Լոնդոնն ավերված է, Մյունխենը ցնծում է?

Լոնդոնն ավերված է, Մյունխենը ցնծում է?

26/02/2020 - 02:11

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել էր «Բավարիային»։

Առաջին խաղակեսը կարելի է ասել հավասար ընթացք ունեցավ։ Թիմերը փոփոխական գրոհներով անցկացրին այն, սակայն մյունխենյան ակումբի գրոհները շատ ավելի վտանգավոր էին։

Առաջին խաղակեսի վտանգավոր պահերից կարելի է հիշատակել Ռոբերտ Լևանդովսկու և Թոմաս Մյուլլերի դրվագները։ Առաջին դրվագում լեհ գոլահարը հայտնվեց հարվածային դիրքում, սակայն նրա սուր անկյունից կատարած հարվածը հաջող չստացվեց և Վիլի Կաբալյերոն հեռացրեց գնդակը, իսկ 30-րդ րոպեին Մյուլլերը տուգանայինի մատույցներից պտտեցրած հարված կատարեցի, ինչից հետո գնդակը մի փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքին։

34-րդ րոպեին Մյուլլերը խաղի հաշիվը բացելու ևս մեկ հնարավորություն ուներ։ Սերժ Գնաբրին ձախ եզրից բարձրից փոխանցում կատարեց գերմանացի խաղացողի ուղղությամբ, ով առանց նայելու գլխով հարվածեց դարպասին, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին։

42-րդ րոպեին արդեն «Չելսին» ուներ խաղի հաշիվը բացելու հիանալի հնարավորություն։ Մարկոս Ալոնսոն ձախ եզրից մտավ մրցակցի տուգանային հրապարակ և հարվածեց, սակայն Մանուել Նոյերը փրկեց իր թիմին։

Երկրորդ խաղակեսում մյունխենյան ակումբը «ազնվականներին» ոչ մի հնարավորություն չտվեց՝ մրցակցի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ։

Խաղի հերոսներ դարձան Ռոբերտ Լևանդովսկին և Սերժ Գնաբրին։

51-րդ րոպեին Գնաբրին եզրափակեց իր իսկ սկսած գրոհը։ Նա հիանալի փոխանցումով Լևանդովսկուն դուրս բերեց հարվածային դիրք, սակայն լեհ հարձակվողը ավելի խելացի գտնվեց և գնդակը փոխանցեց Գնաբրիին, ով էլ ավելի հարմար դիրքից բացեց հանդիպման հաշիվը։

Հաջորդ իսկ լուրջ գրոհին՝ 54-րդ րոպեին, ձախ եզրում զարգացած գրոհի ժամանակ Ռոբերտ Լևանդովսկին հերթական փայլուն փոխանցումը կատարեց Գնաբրիին, ով էլ մտնելով մրցակցի տուգանային հրապարակ, գրավեց Կաբալյերոյի դարպասը, դառնալով դուբլի հեղինակ։

Հեղինակած երկու գնդակից հետո էլ «Բավարիան» առնվազն 2-3 անգամ կարող էր հաշիվը դարձնել ավելի խոշոր, սակայն երկու անգամ նպատստավոր դիրքերից վրիպեց նույն Գնաբրին, մեկ անգամ էլ Կոուտինիոն, իսկ «Չելսին» գրոհները եզրափակելու հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, քանի որ վերջին փոխանցումը եզրափակող խաղացողները միշտ ուշանում էին դարպասային հրապարակում։

76-րդ րոպեին Ալֆոնսո Դևիսը պատ խաղարկելով Ֆիլիպե Կոուտինիոյի հետ, միայնակ շրջանցելով «Չելսիի» գրեթե ողջ պաշտպանությունը, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և գնդակը փոխանցեց Ռոբերտ Լևանդովսկուն, ով էլ մոտ տարածությունից կատարած հարվածով հաշիվը դարձրեց խոշոր՝ 0։3։

Խաղավարտին մոտ կարելի է հիշատակել միայն Մարկոս Ալոնսոյի կարմիր քարտը, ով անհասկանալի հարված հասցրեց նույն Լևանդովսկուն։ Մրցավարը դիտեց տեսակրկնապատկերը և իսպանացի խաղացողի կողմից արմունկով հարված նկատեց՝ որոշելով ուղիղ կարմիր քարտ տալ իսպանացուն։

Այպսիսով, «Բավարիան» երկրորդ խաղակեսում արեց այն, ինչը չէր ստացվել առաջինում՝ լիովին ոչնչացնելով մրցակցին։ «Բավարիան» գրեթե 100%-ով լուծեց հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023