Լիվերպուլն ու Լիդսը գոլային հրավառություն պարգևեցին🎥

Լիվերպուլն ու Լիդսը գոլային հրավառություն պարգևեցին🎥

12/09/2020 - 23:25

Սեպտեմբերի 12-ին մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանը։

1-ին տուրի շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց 16 տարի անց Պրեմիեր լիգա վերադարձած «Լիդսի» դեմ։ Թիմերը ֆուտբոլային երկրպագուներին իսկական գոլային հրավառություն պարգևեցին․ Յուրգեն Կլոպի սաները մեծ դժվարությամբ հաղթանակ տարան, իսկ խաղն ավարտվեց 4։3 հաշվով։

Խաղի հաշիվը բացվեց շատ արագ․ 4-րդ րոպեին մերսիսայդյան ակումբը 11 մետրանոց հարված վաստակեց, որն անվրեպ իրացրեց Մոհամեդ Սալահ։ Յորքշիրյան ակումբը բավականին արագ՝ 12-րդ րոպեին, Ջեք Հարիսոնի ջանքերով հավասարեցրեց հաշիվը։

20-րդ րոպեին տանտերեը կրկին հաշվի մեջ առաջ անցան։ Էնդրյու Ռոբերտսոնի ձախ եզրից իրացրած անկյունային հարվածից հետո Վիրջիլ վան Դեյկը հաշվիը դարձրեց 2։1, սակայն, 30-րդ րոպեին հոլանդացի պաշտպանը գոլ նվիրեց մրցակցին։ Վան Դեյկը սեփական տուգանային հրապարակում անփույթ գործեց, ինչից հետո Պատրիկ Բեմֆորդը երկրորդ պատասխան գնդակը խփեց։

Ամեն դեպքում, «Լիվերպուլի» ֆուտբոլիստները հաղթողի կարգավիճակով գնացին ընդմիջման։ Էնդրյու Ռոբերտսոնի իրացրած տուգանային հարվածի իրացումից հետո յորքշիրյան ակումբի ֆուտբոլիստները լավ չհեռացրին գնդակը սեփական տուգանային հրապարակից, ինչի արդյունքում գնդակը հայտնվեց Մո Սալահի մոտ, ով էլ շեշտակի հարվածով հերթական անգամ առաջ մղեց իր թիմին։

Երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 66-րդ րոպեին, Մարսելո Բիելսայի սաները հերթական անգամ հավասարեցրին խաղի հաշիվը․ Էլդեր Կոշտայի կատարած փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մատեուշ Կլիխը։

Երբ թվում էր՝ խաղը պետք է ավարտվի 3։3 հաշվով, «կարմիրները» ևս մեկ 11 մետրանոց հարվածի իարվունք վաստակեցին։ 88-րդ րոպեին Մոհամեդ Սալահը վերջին անգամ «Լիվերպուլին» հաշվի մեջ առաջ մղեց՝ պարգևելով ծանրագույն հաղթանակ, իսկ ինքը մրցաշրջանը սկսեց հեթ-տրիկով։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023