«Էնֆիլդի» կախարդանքը կորել է․ Բրայթոնը նույնպես գլուխը բարձր է հեռանում այնտեղից🎥
Անգիական Պրեմիեր լիգայի շրջանակում մոտենում է ավարտին 22-րդ տուրը։ Գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Բրայթոնի» դեմ։
Հանդիպման 3-րդ րոպեին Մոհամեդ Սալահը կարող էր բացել հաշիվը, սակայն եգիպտացի հարձակվողի հարվածը նպաստավոր դիրքից բարձր ստացվեց։
Ընհանրապես, կողմերն առաջին կեսի մնացած ժամանակահատվածում գրեթե պահեր չստեղծեցին և ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։
Հատկանշական է, որ առաջին 45 րոպերների ընթացքում երկու ակումբներն այդպես էլ որևէ դիպուկ հարված չկատարեցին․ բոլոր հարվածները կա՛մ շեղ ու բարձր էին կա՛մ էլ փակվում էին մրցակցի պատշապնների կողմից։
Երկրորդ խաղակեսը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ 58-րդ րոպեին Ստիվեն Ալսատեն «Բրայթոնին» առաջ մղեց։
Բաց թողած գոլից հետո Յուրգեն Կլոպի թիմը նետվեց առաջ՝ փրկելու հանդիպումը, սակայն «կարմիրների» խաղում այսօր մի բան այն չէր․ չկար սրություն և ոչ մի բան չէր ստացվում, իսկ որոշ դրվագներում Գրեհեմ Փոթերի սաները շատ ավելի լավ տեսք ունեին և կարող էին կրկնապատկել հաշվի տարբերությունը, սակայն Պասկալ Գրոսի ու Լեանդրո Տրոսարդի հարվածներից հետո «Լիվերին» փրկեց Կուիվին Կելեհերը, ով դարպասում փոխարինել էր Ալիսոն Բեկերին։
Բրազիլացին հանդիպումը բաց էր թողնում հիվանդության պատճառով։ Այդ մասին խաղից առաջ տեղեկացրել է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։
Այսպիսով, «Լիվերպուլին» չհաջողվեց խուսափել պարտությունից, իսկ «Բրայթոնը» «Էնֆիլդում» խոշոր անակնկալ է մատուցում՝ հաղթելով 0։1 հաշվով։
Հատկանշական է, որ նախքան ընթացիկ մրցաշրջանի 18-րդ տուրը «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում Պրեմիեր լիգայի շրջանակում չէր պարտվել նախորդ 68 հանդիպումներում, իսկ այժմ ընդամենը 4 խաղերի ընթացքում պարտվեց երկու անգամ։
«Բրայթոնն» այս հաղթանակից հետո վաստակեց 24 միավոր և բարձրացավ 15-րդ հորիզոնական, իսկ «Լիվերպուլը» մնաց 40 միավորով և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթիից» հետ մնալով արդեն 7 միավոր։ Մանկունյական ակումբը մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրայթոն, Գրեհեմ Փոթեր, Էնֆիլդ, Էնֆիլդ Ռոուդ, Լեանդրո Տրոսարդ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Պասկալ Գրոս, Ստիվեն Ալսատե