Լիվերը վերջապես ուրախացնում է իր երկրպագուներին  🎥

Լիվերը վերջապես ուրախացնում է իր երկրպագուներին 🎥

01/03/2021 - 01:03

Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդին»։

Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին տանտերերը և արդեն 5-րդ րոպեին կարող էին հաշվի մեջ առաջ անցնել, սակայն Դևիդ Մաքգոլդրիկի հարվածից հետո հիանալի խաղաց մերսիսայդյան ակումբի դարպասապահ Ալիսոն Բեկերը՝ փրկելով իր թիմին վերահաս գոլից։

Մինչև ընդմիջում իրենց պահերը վատնեցին նաև «Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Ռոբերտո Ֆիրմինոն, Մոհամեդ Սալահը և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, որոնց հարվածներից հետո հրաշալի էր գործում «Շեֆիլդի» դարպասապահ Արոն Ռամսդեյլը՝ փրկելով իր թիմին վերահաս գոլերից։

Հանդիպման 36-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Շեֆիլդի» հարձակվող Օլիվեր Մաքբերնին, սակայն գոլը չեղարկվեց, քանի որ շոտլանդացին այդ դրվագում խաղից դուրս վիճակում էր։

Ինչևէ, առաջին խաղակեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց․ կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց Կյորտիս Ջոնսի գոլով, ով, վերջապես, բացեց հանդիպման հաշիվը՝ առաջ մղելով Յուրգեն Կլոպի թիմին։

«Լիվերպուլը» նետվեց առաջ՝ զարգացնլու հաջողությունը և արդեն 64-րդ րոպեի դրությամբ հաղթում էր մրցակցին երկու գնդակի առավելությամբ, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց հյուրերի պաշտպան Քին Բրայանը՝ անզգուշաբար գրավելով սեփական դարպասը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաջողությանն ավելի մոտ էին Կլոպի տղաները, սակայն մինչև խաղավարտ այլևս գոլեր չգրանցվեցին, և «Լիվերպուլը» հաղթեց «Շեֆիլդին» 2։0 հաշվով։

Հատկանշական է, որ մերսիսայդյան ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում նախորդ 4 հանդիպումներում անընդմեջ պարտություններ էր կրել։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» 26 հանդիպումներից հետո վաստակեց 43 միավոր և այս պահի դրությամբ զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։

«Շեֆիլդը» նույնքան հանդիպումներից հետո իր ակտիվում ունի ընդամենը 11 միավոր և մրցաշարային աղյուսակի ակնհայտ հետնապահն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023