Լիվերպուլը կորցնում է փառքը կամ  դասական Դիեգո Սիմեոնե?

Լիվերպուլը կորցնում է փառքը կամ դասական Դիեգո Սիմեոնե?

12/03/2020 - 03:05

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Լիվերպուլ» – «Ատլետիկո» դիմակայության պատասխան հանդիպումն անցավ թրիլլերային սցենարով։

«Լիվերպուլին» անհրաժեշտ էր խփել նվազագույնը մեկ գնդակ՝ բաց չողնելու պայմանով։ Առաջին խաղակեսում Յուրգեն Կլոպի սաները նկատելի առավելություն ունեին, սակայն բանը չէր հասնում իարական գոլային պահերին։ Միայն կարելի է հիշատակել Ռոբերտո Ֆիրմինոյի և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի հարվածները, երբ Յան Օբլակը փրկեց իր թիմին։

43-րդ րոպեին վերջապես հաջողվեց բացել հանդիպման հաշիվը։ «Լիվերպուլը» աջ եզրում խաղարկեց գնդակը․ Մոհամեդ Սալահը գնդակը փոխանցեց Չեմբերլենին, ով մի փոքր առաջ շարժվեց, և «գնդակը» կախեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղից Ժորժինիո Վեյնլադումը գլխի կատարած անկասելի հարվածով բացեց խաղի հաշիվը։

Երկրորդ խաղակեսում «կարմիրները» սկսեցին ավելի սուր գրոհել՝ ստեղծելով առնվազն 3-4 իրական գոլային պահ։

65-րդ րոպեին Սալահը նպաստավոր դիրքից հարվածեց, սակայն այն անհաջող ստացվեց, իսկ Էնդրյու Ռոբերտսոնը դատարկ դարպասի դիմաց հարվածեց դարպասաձողին։

68-րդ րոպեին Չեմբերլենի հեռահար հարվածից հետո Օբլակը կրկին փրկեց իր թիմին։

Մրցավարի կողմից ավելացրած ժամանակի երկրորդ րոպեին «Ատլետիկոն» ձախ եզրում վաստակեց տուգանային հարված։ Կոկեի փոխանցումից հետո Սաուլը հավասարեցրեց հաշիվը, բոլորն արդեն ցնծում էին, սակայն արձանագրվեց խաղից դուրս իրավիճակ։

«Լիվերպուլը» երկրորդ խաղակեսում ունենալով բազմաթիվ պահեր՝ այդպես չկարողացավ երկրորդ գնդակը փխել, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, իսկ ամեն ինչ դեռ առջևում էր։

94-րդ րոպեին «Լիվերպուլին» հաջողվեց կրկնապատկել հաշվի տարբերությունը։ Ժորժինիո Վեյնալդումը աջ եզրից բարձր փոխանցում կատարեց, ինչից հետո Ռոբերտո Ֆիրմինոն նախ հարվածեց դարպասաձողին, ապա գրավեց դատարկ դարպասը։

Թվում էր՝ «Լիվերպուլն» այսքան տանջանքներից հետո ձեռքից բաց չի թողնի հաղթանակը, սակայն «Ատլետիկոն» դեռ չէր ասել իր խոսքը։ Բաց թողած գոլից անմիջապես հետո՝ 97-րդ րոպեին, «Ատլետիկոն» մեծ նվեր ստացավ տանտերերի դարպասապահ Ադրիանից։ Իսպանացի դարպասապահը գնդակը խաղի մեջ մտցնելիս սխալ փոխանցում կատարեց, իսկ գնդակը հայտնվեց Ժոաո Ֆելիշի մոտ, ով անմիջապես փոխանցեց Մարկոս Լյորենտեին։ Իսպանաիցի կիսապաշտպանն էլ մի փոքր առաջ շարժվեց և նկատեց, որ ազատ է դարպասի աջ անկյունը և «բիլյարդային» հարվածով հաշիվը դարձրեց 2։1։

Այս հաշիվն արդեն ձեռնտու էր մադրիդյան ակումբին։ «Լիվերպուլը» գրեթե ողջ կազմով նետվեց առաջ՝ խփելու բաղձալի մեկ գնդակը, սակայն 105+1-րդ րոպեին հակագրոհ բաց թողեց։ Ձախ եզրում հայտնված Ալվարո Մորատան գնդակը փոխանցեց նույն Լյորենտեին, ով կրկին լուրջ դիմադրության չարժանանալով, տուգանային հրապարակի մատույցներից նույն ոճի հարվածով գրավեց Ադրիանի աջ անկյունը, դառնալով նմանատիպ գոլի հեղինակ։

Լրացուցիչ երկրորդ խաղակեսում Յուրգեն Կլոպի թիմն արդեն ուժասպառ էր եղել և կոտրվել` չկարողանալով որևէ լուրջ գրոհ անցկացնել։ Խաղավարտին մոտ՝ 120-րդ րոպեին, «Ատլետիկոն» նույնիսկ հաղթանակ կորզեց։ Դաշտի կենտրոնում Մորատան և Լյորենտեն խաղարկեցին գնդակը, վերջինիս փոխանցումից հետո Մորատան մեն-մենակ հայտնվեց Ադրիանի դիմաց և վարպետորեն գրավեց դարպասը՝ գերկամային հաղթանակ պարգևելով իր թիմին։

Այսպիսով, Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը լքում է պայքարը, իսկ «Ատլետիկո Մադրիդը» պայքարը շարունակում է մրցաշարի քառորդ եզրափակիչում։ «Լիվերպուլը» անհավանական մրցաշրջանը գրեթե ձախողում է՝ մի քանի օրերի ընթացքում լքելով երկու մրցաշարի 1/8 եզրափակչից։ Այս տարի մերսիսայդյան ակումբը կնվաճի ընդամենը մեկ տիտղոս, իսկ Դիեգո Սիմեոնեի առջև պետք է պարզապես խոնարվել։ Ինչպե՞ս նա հերթական անգամ գուշակեց փոփոխությունը՝ դաշտ դուրս բերելով Մարկո Լյորենտեին, ով դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ «Ատլետիկոն» սպասեց-սպասեց և օգտագործեց իր պահերը, իսկ «Լիվերպուլը» միանաշանակ կորցնում է փառքը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023