Լիսաբոնում խիստ բժշկական կանոնակարգ է գործելու

Լիսաբոնում խիստ բժշկական կանոնակարգ է գործելու

12/08/2020 - 12:31

Այսօր՝ օգոոստոսի 12-ին, մեկնարկելու է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլը։ Ինչպես գիտեք, կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարն անցկացվելու է Լիսաբոնում, իսկ դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ խաղից։

«Ութի եզրափակիչն» անցնելու բավականին խստացված բժշկական կանոնակարգով, որը բաղկացած է ոչ ավել, ոչ պակաս 31 էջից։

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Լիսաբոնի լողափերը և տեսարժան վայրերը ֆուտբոլիստների համար փակ են լինելու։ Ֆուտբոլիստները հյուրանոցից կարող են լքել միայն նախնական համաձայնությամբ և նույնիսկ այդ դեպքում նրանք չեն կարող կոնտակտ ունենալ որևէ երրորդ անձի հետ։

Այն հյուրանոցում, որտեղ մնալու է որևէ թիմ, ապա պետք է լինի հատուկ ճաշասենյակ, իսկ սնունդը կարող են մատուցել միայն ակումբի աշխատակիցները։ Հագուստի մաքրումը նույնպես պետք է իրականացնեն ակումբի աշխատակիցները։

Խաղերից մեկ օր առաջ ակումբների բոլոր ֆուտբոլիստներն ու աշխատակիցները պետք է հանձնեն ՊՇՌ թեստ։ ՈՒԵՖԱ-ն խոստացել է, որ հանձնված թեստի պատասխանները կհայտարարի ոչ ուշ, քան հանդիպման մեկնարկից 6 ժամ առաջ։ Կորոնավիրուսի համաճարակի բռնկման դեպքում տվյալ ակումբի մրցելույթները շարունակվելու են, եթե այն ի վիճակի է հայտավորել 13 ֆուտբոլիստի և նվազագույնը մեկ դարպասապահի, որոնք նախապես եղել են հայտավորված։ Այդ դեպքում վարակակիրները հանձնում են կրկնակի թեստ և դրա բացասական արդյունքի դեպքում ակումբներն իրավունք կունենան նրանց վերահայտավորելու։

Խաղերից հետո հաճախ ֆուտբոլիստները հանձնում են նաև դոպինգ թեստեր, որոնց կանոնակարգը նույնպես փոխվել է։ Մեզի անալիզը հանձնելու պահին ֆուտբոլիստը պետք է կանգնած լինի հայելու հարևանությամբ, որպեսզի դոպինգ-հանձնաժողովի աշխատակիցը տեսնի այդ գործընթացը։

Բացի այդ ամենից, ֆուտբոլիստներին չի թույլատրվելու նաև փոխանակվել մարզաշապիկներով։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչի շրջանակում միմյանց դեմ են մրցելու հետևյալ զույգերը․

«Ատալանտա» – ՊՍԺ – 12․08

«Լայպցիգ» – «Ատլետիկո Մադրիդ» – 13․08

«Բարսելոնա» – «Բավարիա» – 14․08

«Մանչեսթեր Սիթի» – «Լիոն» – 15․08

Բոլոր հանդիպումների մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023