Լեռնային Արցախը կմասնակցի VBET ՀՊԼ-ի 2022/23 մրցաշրջանին
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հուլիսի 4-ին կայացել է Գործկոմի հերթական նիստը։
Աղբյուրի փոխանցմամբ` նիստի ժամանակ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվեց «Լեռնային Արցախ» ՖԱ նամակը, որում ակումբը, ներկայացնելով լրացուցիչ տեղեկատվություն, դիմել էր VBET Պրեմիեր Լիգայում հանդես գալու համար:
Ակումբը հավաստիացրել էր, որ պատրաստ է բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ. խմբագրություն) Հոդված 17-ի պահանջները, որոնց բացակայության պատճառով ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի՝ ապրիլի 1-ին կայացած նիստը մերժել էր ակումբին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու արտոնագրի տրամադրումը:
ՀՖՖ Գործկոմի անդամները, մանրամասնորեն քննարկելով «Լեռնային Արցախ» ՖԱ հարցը, որոշեցին թույլատրել «Լեռնային Արցախ» ՖԱ-ին մասնակցել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 մրցաշրջանին:
Այսպիսով, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 մրցաշրջանին կմասնակցեն հետևյալ 10 ակումբները՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը», «Ուրարտուն», «Նոան», «Վանը», ԲԿՄԱ-ն, «Շիրակը» և «Լեռնային Արցախը»:
ՀՖՖ հայտնում է նաև, որ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/23 մրցաշրջանը մեկնարկելու է հուլիսի վերջին և անցկացվելու է 4 խաղաշրջանով, որի խաղացանկն ու ժամանակացույցը կհրապարակվեն ավելի ուշ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Ալաշկերտ, Արարատ, Արարատ-Արմենիա, ԲԿՄԱ-Երևան, Լեռնային-Արցախ, ՀՖՖ, ՀՖՖ-գործկոմ, Նոա, Շիրակ, Ուրարտու, Վան, Փյունիկ