Լա լիգան վերադառնում է․ ի՞նչ սպասել առաջնության վճռորոշ փուլում

Լա լիգան վերադառնում է․ ի՞նչ սպասել առաջնության վճռորոշ փուլում

11/06/2020 - 14:12

Հունիսի 10-ին լրացավ ուղիղ երեք ամիսը ինչ իսպանական Լա լիգան կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատվել է։ Վերջին հանդիպումը կայացել է մարտի 10-ին, երբ «Էյբարը» բասկյան դերբիի շրջանակում սեփական հարկի տակ առանց երկրպագուների ներկայության 1։2 հաշվով պարտվեց Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռեալ Սոսիեդադին», իսկ այսօր`հունիսի 11-ին, արդեն վերսկսվում է առաջնությունը։ Առաջնության ավարտին դեռևս 11 տուր կա, իսկ թիմերը խաղալու են գրեթե 2-3 օրը մեկ։ Առաջնության վերջնամասը խոստանում է բավականին թեժ լինել, իսկ ի՞նչ արժե սպասել այդ թեժ վերջաբանից։

«Բարսելոնա», «Ռեալ»

Չեմպիոնական պայքարը միանշանակ ընթանալու իսպանական ֆուտբոլի առաջատարների միջև, քանի որ երկու ակումբներն էլ բավականին առաջ են պոկվել մոտակա հետապնդողներից։ Կայացած 27 տուրերից հետո առաջնության առաջատարը 58 միավորով «Բարսելոնան» է, իսկ «Ռեալը» երկու միավոր պակաս ունի, սակայն ակնհայտ է, որ երկու ակումբներն էլ նախորդ տարիների նման անպարտելի ակումբներ չեն և հաղթանակներն այլևս չեն տրվում հեշտությամբ։

«Բարսելոնան» վերջին 17 տարվա մեջ առաջին անգամ մրցաշրջանի ընթացքում նույնիսկ փոխեց գլխավոր մարզչին։ Հունվարին ակումբը պաշտոնանկ արեց Էռնեստո Վալվերդեին՝ նշանակելով Կիկե Սետիենին, ում մասին դեռևս վաղ է որևէ կարծիք հայտնել, սակայն տպավորություն է, թե Սետիենը չունի այն խարիզման, որպեսզի մարզի այդպիսի գրանդ ակումբ, և եթե Լեո Մեսսին վատ մարզավիճակում լինի, ապա բարդ է պատկերացնել, թե ինչպես է կատալոնական ակումբը շարունակելու չեմպիոնական պայքարը։

«Բարսելոնան» բազմաթիվ խաղային խնդիրներ ունի։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ակումբի պաշտպանությունում առկա են խնդիրներ։ Կատալոնական ակումբը կայցած 27 խաղում բաց է թողել արդեն 31 գոլ, ինչը սպասվածից բավականին շատ է։ Ժերար Պիկեն վաղուց չունի նախիին արագությունը, Կլեման Լանգլեն թոփ պաշտպան չէ, Սամուել Ումտիտին անընդհատ վնասվածք է ստանում, իսկ եզրային պաշտպանները նույնպես հուսալի չեն։ Պաշտպանությունում թույլ տված սխալների պատճառով ակումբը ընթացիկ մրցաշրջանում արդեն պարտվել է «Ատլետիկ Բիլբաոյին», «Գրանդային», «Լևանտեին», «Ռեալին», «Վալենսիային», այսինքն, այդ խաղերում հնարավոր էր գոնե չպարտվել, իսկ Լեո Մեսսիից կախվածությունը նույնպես արդիական է, ում խաղից էլ հենց կախված են «Բարսելոնայի» արդյունքները։

«Բլաուգարանասի» համար ուրախալի լուր կա․ շարք է վերադարձել Լուիս Սուարեսը, ով հունվարին ստացած ծնկի ծանր վնասվածքից հետո կարծես թե վերջնական ապաքինվել է և այժմ տքնաջան մարզվում է, որպեսզի լավ մարզավիճակով մոտենա առաջնության վճռորոշ փուլին։ Մարտին Բրեյթվեյթը միանաշանակ չի կարող մրցակցել նրա հետ մեկնարկային կազմում։

«Ռեալը» մարտավարական և խաղային առումով ընթացիկ մրցաշրջանում միանաշանակ ավելի լավ տեսք ունի, քան «Բարսելոնան», սակայն «արքայական» ակումբը նույնպես անմասն չէ խնդիրներից։ Նախ «Ռեալը» կայուն ֆուտբոլ չի ցուցադրում։ Ակումբը անհասկանալի միավորներ է բաժանում։ Վերջին նման դեպքերը տեղի ունեցան առաջնության դադարից անմիջապես առաջ, երբ «սերուցքայինները» սեփական հարկի տակ չկարողացան կոտրել հետնապահների թվում ընթացող «Սելտայի» դիմադրությունը (2։2), դրա հաջորդ տուրում անսպասելի պարտվեցին «Լևանտեին» (1:0), իսկ դադարից առաջ վերջին խաղում հյուրընկալվելիս 2։1 հաշվով պարտվեցiին «Բետիսին»։ Հատկանշական է, որ Զինեդին Զիդանի սաները կարծես թերագնահատում են որոշ մրցակիցների, քանի որ անմիջական մրցակիցների դեմ խաղերում «Ռեալը» գրեթե միավորներ չի կորցրել, դեռ ավելին` մեկական անգամ հաղթել է «Բարսելոնային», «Ատլետիկոյին», ինչպես նաև «Սևիլիային»։

Եթե պաշտպանությունում և դաշտի կենտրոնում «Ռեալը» գրեթե չունի որևէ խնդիր, ապա հարձակման գծում ակնհայտ խնդիրներ կան։ «Ռեալի» հարձակման գծի առաջատար Կարիմ Բենզեմայի խաղից շատ բան է կախված, քանի որ միակ բարձրակարգ հարձակվողն է, իսկ ֆրանսիացին միշտ չէ, որ կայուն ֆուտբոլ է ցուցադրում, դեռ ավելին՝ երբեմն-երբեմն այնպիսի դիրքերից է վրիպում, որտեղից ավելի հեշտ է դառնալ գոլի հեղինակ, քան վրիպել։ Բենզեման Կրիշտիանու Ռոնալդուի հեռանաուց հետո չունի այն խաղընկերը, ում համար կբացի տարածություն, կխաղարկի գնդակներ՝ դառնալով նաև գոլային փոխանցումների հեղինակ։ Էդեն Ազարը «Ռեալ» տեղափոխվելուց ի վեր՝ գրեթե միշտ վնասվածքից է ապաքինվում, Վինիսիուսը դեռևս շատ է տարվում անհատական խաղով, Ռոդրիգո Գոյեսը անփորձ է, Լուկաս Վասկեսը չունի այդ որակները, իսկ Գարեթ Բեյլի մասին խոսելն անիմաստ է։

Սակայն, հարձակման գծի խնդիրները Զիդանը լուծեց հզոր կիսապաշտպանությամբ։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի մասնագետը բացահայտեց Ֆեդե Վալվերդե անունով գերբազմաֆունկցիոնալ կիսապաշտպանին, ով ինչպես հարձակվում է, այնպես էլ հիանալի պաշտպանվում է։ Սակայն, կարծում ենք, որ Զիզուն մեկնարկային կազմում պետք է տեղ գտնի նաև Իսկոյի համար, քանի որ իսպանացի կիսապաշտպանը կապահովի կրեատիվություն։

Զիդանի համար ուրախալի է նաև այն փաստը, որ կարծես թե շարք են վերադառնում Էդեն Ազարն ու Մարկո Ասենսիոն, ովքեր լրացուցիչ խորություն կապահովեն կազմի համար համար։ Հուսով ենք` տեսնել «Չելսիի» ժամանակների Էդեն Ազարին, ով չէր ճանաչում որևէ հեղինակություն։

Ինչպես տեսնում եք, թե՛ «Ռեալը» և թե՛ «Բարսելոնան» անմասն չեն խաղային խնդիրներից, սակայն, միևնույնն է, հենց նրանց միջև էլ ընթանալու է չեմպիոնական պայքարը։ Երկու կողմերն էլ ազատված են եվրագավաթային խաղերից և ամբողջությամբ կկարողանան կենտրոնանալ հենց առաջնության վրա։ Խաղացանկի առումով կարելի է ասել, որ երկու կողմերն էլ հավասար բարդության հանդիպումներ են անցկացնելու։ «Բարսելոնան» հաջորդ 11 խաղերում կմրցի հետևյալ մրցակիցների դեմ.

«Մալյորկա» – ✈️ (13․06)

«Լեգանես» – ? (16․06)

«Սևիլիա» – ✈️ (19․06)

«Ատլետիկ Բիլբաո» – ? (23․06)

«Սելտա» – ✈️ (28․06)

«Ատլետիկո» – ? (1.07)

«Վիլյառեալ» – ✈️ (5․07)

«Էսպանյոլ» – ? (8.07)

«Վալյադոլիդ» – ✈️ (12.07)

«Օսասունա» – ? (15.07)

«Ալավես» – ✈️ (19.07)

«Ռեալի» կմրցի հետևյալ մրցակցիների դեմ․

«Էյբար» – ? (14.06)

«Վալենսիա» – ? (18․06)

«Ռեալ Սոսիեդադ» – ✈️ (21․06)

«Մալյորկա» – ? (24.06)

«Էսպանլյոլ» – ✈️ (28․06)

«Խետաֆե» – ? (1.07)

«Ատլետիկ Բիլբաո» – ✈️ (5․07)

«Ալավես» – ? (8.07)

«Գրանադա» – ✈️ (12․07)

«Վիլյառեալ» – ? (15․07)

«Լեգանես» – ✈️ (19.07)

Ինչպես տեսնում եք, կողմերը գրեթե նույն բարդության մրցակիցների դեմ կհանդիպեն, ինչը նշանակում է գրեթե 50/50 են չեմպիոնական հնարավորությունները, սակայն պետք է նշենք, որ երկրպագուների բացակայությունը նույնիսկ բարդ արտագնա հանդիպումների պայմաններում տանտերերին շատ մեծ առավելություն չի տա, այսինքն, շատ բան կվորոշի խաղային կարգը։ «Ռեալը» երեք տարի անց ցանկանում է չեմպիոնական գավաթը հետ վերադարձնել Մադրիդ, իսկ «Բարսելոնան»՝ երրորդ անընդմեջ անգամ դառնալ Լա լիգայի չեմպոին, սակայն, ինչպես նշեցինք, «արքայական» ակումբը մարտավարական և խաղային առումով ավելի լավ տեսք ունի, իսկ հավասար միավորների դեպքում չեմպիոն կհռչակվի հենց «Ռեալը», քանի որ անձնական հանդիպումներում ունի առավելություն։ Կայացած վերջին Էլ կլասիկոյում «Ռեալը» բոլոր ասպեկտներով տոտալ հաղթանակ տարավ «բլաուգրանասի» նկատմամբ, սակայն «սպիտակները» պետք է շտկեն արդյունքները ավելի թույլ թիմերի դեմ խաղերում, իսկ «Բարսելոնան» պետք է ավելի հստակ պաշտպանվի և ավելի շատ գոլային պահեր ստեղծի։ Ամեն դեպքում՝ բառի ամենաուղիղ իմաստով, կողմերի հնարավորությունները 50/50 են։ Հաջողություն ենք մաղթում երկու թիմերին էլ։

Եվրագավաթային ուղեգրեր

Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում են միանգամից հինգ ակումբներ՝ «Սևիլիան», «Ռեալ Սոսիեդադը», «Խետաֆեն», «Ատլետիկո Մադրիդը», «Վալենսիան»։

«Սևիլիան», որը մյուսներից ավելի հարմարավետ դիրքում է՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը, խաղային առումով այնպես չէ, որ ակումբը կատարյալ խաղ է ցուցադրում։ Ճիշտ է՝ Խուլիեն Լոպետեգին իր առջև դրված խնդիրը գոնե նվազագույն կերպով լուծում է։

«Սևիլաին» ներկա պահին Երկիր մոլորակի երեսին մնացած այն քիչ ակումբներից է, որը ցուցադրում է Oldschool-յան հայտնի ֆուտբոլը, այսինքն, նախապատվությունը տրվում է եզրից բարձր փոխանցումներին դեպի տուգանային հրապարակ, մրցակցին հունից հանելուն, երբեմն նաև կոպիտ խաղին, ինչը բնորոշ է ավելի շատ անգլիական ցածր դիվիզիոնների ակումբներին։ Լոպետեգին գիտակցում է, որ եթե չկարողանա նվաճել ՉԼ ուղեգիր, ապա, ամենայն հավանականությամբ, անգործ կմնա, այդ իսկ պատճառով պետք է անի ամեն ինչ, որպեսզի ակումբը հասնի դրան, իսկ դրա համար պետք է նախ և առաջ օգտագործել գոլային պահերը, քանի որ «Սևիլիայի» կարգի թիմը նույնիսկ իր կարգի համար շատ է գոլային պահեր ստեղծում, սակայն հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգը անհավանական քանակի պահեր է վատնում, այդ պատճառով էլ ակումբը ձմռանը ձեռք բերեց Յուսուֆ Էն-Նեսերիին, ով հարձակման գծում ավելի հետաքրքիր տեսք ունի, դե իսկ Լուկաս Օկամպոսը միանշանակ առաջնության բացահայտումներից մեկն է, ում ծառայություններով արդեն հետաքրքրված են մի շարգ գրանդ ակումբներ։

«Ռեալ Սոսիեդադին» կարելի է համարել ՉԼ ուղեգրի համար պայքարող ամենավառ ֆուտբոլ ցուցադրող ակումբը։ Բասկյան ակումբը վերջին անգամ եվրագավաթային գլխավոր մրցաշարին մասնակցել է 7 տարի առաջ, իսկ նախորդ մրցաշրջանը եզրափակել է ընդամենը 9-րդ հորիզոնականում, սակայն Իմանոլ Ալգուասիլի՝ ակումբը գլխավորելուց հետո այս թիմը սկսեց վառ հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել։

Սան Սեբասիտանը ներկայացնող ակումբի հիմնական հաջողության գրավականներից մեկը նախորդ ամռանը ճիշտ ֆուտբոլիստներ ձեռք բերելն էր։ Խոսքը, իհարկե, Մարտին Էդեգորի, Նաչո Մոնրեալի, Ալեքսանդր Իսակի և Քրիստան Պորտուի ձեռքբերումներն էին։ Էդեգորն ընդհանրապես Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ով իր հասուն խաղով Զինեդին Զիդանին ստիպում է մտածել, որ ժամանակն է նորվեգացի տաղանդավոր ֆուտբոլիստին կրկին վերադարձնել «արքայական» ակումբ։ Բացի այս խաղացողներից՝ ակումբի կազմում փայլում է նաև Միկել Օյարսաբալը, ով կայուն տեղ ունի ոչ միայն ակումբի այլև արդեն Իսպանիայի հավաքականի կազմում։ Օյարսաբալն այնքան վստահ խաղ է ցուցադրում, որ նրան ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Կարելի է ասել, որ «Ռեալ Սոսիեդադում» վաղուց նման լավ սերունդ չի հավաքվել և ժամանակն է, որպեսզի ակումբը կրկին հանդես գա ՉԼ-ում, սակայն դժվար է լինելու՝ հաշվի առնելով նրա մրցակիցներին։

Կարելի է առանձնացնել նաև հենակետային գոտում հանդես եկող Միկել Մերինոյին, ով բասկյան ակումբի շարժիչներից մեկն է։ Մերինոն չկարողանալով ամրապնդվել «Բորուսիա Դորտմունդի» մեկնարկային կազմում՝ կարծես իր տեղն է գտել «Ռեալ Սոսիեդադում» և այսպես շարունակելու շնորհիվ շուտով հրավեր կստանա նաև Իսպանիայի հավաքականից։

Դե իսկ Ալեքսանդր Իսակը տիպիկ կենտրոնական հարձակվող է, ով փայլում ինտերգվեց իսպանական ֆուտբոլին։ Շվեդ հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում անկցարած 34 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։ Հատկապես տպավորիչ էին խաղացողի ելույթները Իսպանիայի Արքայական գավաթի շրջանակում, երբ բարձրահասակ հարձակվողը 7 խաղում դարձավ 7 գոլի հեղինակ՝ իր ակումբին դուրս բերելով մրցաշարի եզրափակիչ, որտեղ կմրցի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։

«Ատլետիկո Մադրիդը» ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ լուրջ սերնդափոխության ենթարկվեց։ Ակումբից հեռացան հիմնական տոն տվող ֆուտբոլիստները, որոնց էլ կարելի է համարել մադրիդյան ակումբի վերջին տարիների հաջողության գրավականը։

Հեռացող ֆուտբոլիստներին փոխարինելու եկան Դիեգո Սիմեոնեի կողմից ընտրված մի շարք ֆուտբոլիստներ, սակայն առաջնության ընթացքը ցույց տվեց, որ այդ խաղացողներից շատերին ժամանակ է հարկավոր, որպեսզի հարմարվեն Էլ չոլոյի խաղային ձեռագրին։

Ակնհայտ է, որ «Ատլետիկոյի» նորեկներից շատերը, հատկապես բազմամիլիոնանոց Ժոաո Ֆելիշը դեռևս չեն արդարացնում սպասելիքները։ Մադրիդյան ակումբը պետք է լուծի հարձակման գծում առկա բազմաթիվ խնդիրները, քանի որ Անտուան Գրիզմանի հեռանալուց հետո ակումբը անչափ քիչ թվով գոլեր է խփում, իսկ լավագույն ռմբարկու Ալվարո Մորատան կա՛մ մի քանի անընդմեջ խաղ դառնում է գոլի հեղինակ կա՛մ էլ դաշտում երկար ժամանակով կորում է։ «Ատլետիկոյի» վերջին արդյունքները ցույց են տալիս, որ ակումբը նախկինի պես պաշտպանությունում չունի որևէ խնդիր, քանի որ այնպես, ինչպես պաշտպանվում է «Ատլետիկոն», եվրոպական ֆուտբոլում գրեթե ոչ մի ակումբ չի կարող, սակայն ընթացիկ մրցաշրջանում Յան Օբլակը կարծես թե չունի այն վստահ տեսքը, ինչ նախորդ մրցաշրջաններում։

«Ատլետիկոյի» գրանցած վերջին արդյունքները հերթական անգամ ապացուցում են, որ երկար տարածություններում ակուբն այնքան էլ մրցունակ չէ, որքան գավաթային մրցաշարերում։ «Հնդկացիների» ֆուտբոլիստների և ակումբի նախագահի տված վերջին հարցազրույցներից ակնհայտ է դառնում, որ մադրիդյան ակումբը շեշտը դնելու է Չեմպիոնների լիգայի վրա, քանի որ նրանք ցանկանում են վերջապես հաղթել ամենահեղինակավոր մրցաշարը։ Այդ ամենն ավելի իրատեսական է թվում այն բանից հետո, որ մադրիդյան ակումբը պայքարից դուրս թողեց գործող գավաթակիր «Լիվերպուլին»։

Սակայն, պետք է նշենք, որ եվրագավաթային մրցաշարերը վերսկսվելու են օգոստոսին, իսկ դա նշանակում է, որ նախ պետք է կենտրոնանալ առաջնության վրա, նվաճել ՉԼ ուղեգիր, քանի որ դեռևս հայտնի չէ, թե ինչ ձևաչափով է անցկացնվելու եվրոպական գլխավոր մրցաշարը, ինչից կարելի է ենթադրել, որ մադրիդյան ակումբը միանշանակ ամեն ինչ կանի, որպեսզի առաջնության միջոցով ձեռք բերի ՉԼ ուղեգիր։

ՉԼ ուղեգրերի համար պայքարող ակումբներից «Ատլետիկոն» ամենակարևոր ասպեկտներում միանշանակ լավագույնն է։ Խոսքը փորձի, խաղացողների պատրաստվածության, մարտավարության, և իհարկե, ոգու մասին է, ինչը «հնդակցիներին» տալիս է առավելություն՝ դարձնելով ՉԼ ուղեգրի գլխավոր ֆավորիտ։

«Խետաֆեն» վերոնշյալ ակումբներից ամենատարօրինակ ակումբն է, քանի որ Պեպե Բորդալասի սաները միանշանակ իրենց պատրաստվածությամբ և խաղային որակներով ոչ միայն զիջում են իրենց մրցակիցներին, այլև խաղային առումով այս ակումբը պարզապես չի ցուցադրում այնպիսի ֆուտբոլ, որը կստիպի մեզ ասել, որ մադրիդյան արվարձաններից մեկը ներկայացնող ակումբը արժանի է հանդես գալ Չեմպիոնների լիգայիում։ «Խետաֆեն» վերջին տարիներին եվրագավաթային մրցաշարերում հանդես եկող ակումբներից ունի վատագույն ցուցանիշը փոխանցումների ճշգրտության առումով։

«Խետաֆեն» ցուցադրում է այնպիսի ֆուտբոլ, որը երկրպագուների շրջանակում ավելի հայտնի է որպես անտիֆուտբոլ, սակայն արդեն երկրորդ մրցաշրջանն է ակումբը պայքարում է ՉԼ ուղեգրի համար, իսկ դա նշանակում է, որ Պեպե Բորդալասն ի վիճակի է նույնիսկ այդպիսի կազմով պայքարել բարձր տեղերի համար՝ ապահովելով նաև արդյունք։ «Խետաֆեն» հիմնականում հույսը դնում է հակագրոհներով խաղի վրա՝ գրոհելով երկու եզրերով էլ։ Գրոհելիս մադրիդյան ակումբը հիմնականում շեշտը դնում գնդակը պաշտպանությունից արագ դուրս բերել, փոխանցել այն եզրերից մեկը, հաղթել մենապայքարներում, իսկ վերջում գնդակը բարձրից փոխանցել դեպի տուգանային հրապարակ, որտեղ էլ հարձակվողներ Խայմե Մատան կամ Անխելը հիանալի են պայքարում երկրորդ հարկում։

Բացի վերոնշյալից՝ պետք է նշենք, որ «Խետաֆեն» ֆիզիկական առումով բավականին ամուր կորիզ է, ինչն էլ թույլ է տալիս նվազագույն ռեսուրսներով, քամել առավելագույնը։ Մադրիդյան ակումբին այդ հատկանիշը արդեն հասցրել է Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ՝ ճանապարհին շրջանցելով նաև «Այաքսին»։ Ամեն դեպքում՝ կրկին ցանկանում ենք նշել, որ «Խետաֆեն» իր խաղով չի ստիպում առանձնացնել, որ արժանի է հանդես գալ Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում։

«Վալենսիան» նշված բոլոր թիմերից գտնվում է ամենավատ վիճակում՝ չորրորդ հորիզոնականը զբաղեցնող «Ռեալ Սոսիեդադին» չիջոլով չորս միավոր, ինչը միանշանական անկանխատեսելի ֆուտբոլում չնչին առավելություն է, սակայն պետք է նշենք, որ «չղջիկները» ընթացիկ մրցաշրջանում իրենց անմիջական մրցակիցներից և ոչ մեկի նկատմամբ որևէ հաղթանակ չեն տարել։

Ալբերտ Սելադեսի թիմին կարելի է համարել անչափ արկածախնդիր ակումբ, քանի որ վալենսիական թիմը կարող է հաղթել «Բարսելոնային», չպարտվել «Ռեալին» ու «Ատլետիկոյին», սակայն խոշոր հաշվով պարտվել «Խետաֆեին», իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ատալանտան» ի ցույց դրեց ակումբի բոլոր խնդիրերը։ Եթե հարձակման գծում ակումբը չունի լուրջ խնդիրներ, ապա պաշտպանությունում առկա են անհավանական խնդիրներ։ Բերգամոն ներկայացնող ակումբը երկու խաղում 8 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

«Վալենսիայի» միակ առավելությունն այն է, որ ակումբը արդեն խաղացել է իր մրցակիցների դեմ և մնացած 11 խաղերում մրցելու է միայն «Սևիլիայի» դեմ՝ այն էլ վերջին տուրում։ Սակայն, դժվար է ասել, թե «Վալենսիան» ինչ վիճակում է մոտենում առաջնության վերսկսմանը, քանի որ իսպանական ակումբներից հենց «չղջիկներն» էին ամենաշատը տուժել կորոնավիրուսից։ Հայտնի է, որ միայն ակումբի ֆուտբոլիստներից նվազագույնը 6-7 հոգի Covid-19-ի դրական թեստ են հանձնել և դժվար է ասել, թե ինչ ֆիզիկական վիճակ ունեն այժմ այդ ֆուտբոլիստները։

Այսպիսով, այս իրավիճակում առավելություն կստանա այն թիմը, որն ավելի ստաբիլ ֆուտբոլ կցուցադրի, և այն ակումբը, ում խաղացանկը համեմատաբար ավելի թեթև է։ Այդ առումով մի փոքր առավելություն ունի «Վալենսիան», որը ինչպես նշեցինք, մնացած խաղերում միայն մեկ անգամ կմրցի անմիջական մրցակիցներից մեկի հետ՝ վերջին տուրում հյուրընկալվելով «Սևիլիային»։ Խաղացանկի առումով ամենաբարդը կարծես «Ռեալ Սոսիեդադի» խնդիրն է, որը մինչև առաջնության ավարտը կմցրի «Խետաֆեի», «Սևիլիայի» և «Ատլետիկոյի» դեմ։ Ամեն դեպքում՝ պետք է նշենք, որ այս թիմերից յուրաքանչյուրն էլ միմյանց դեմ մեկական հանդիպում ունեն անցկացնելու և գտնվում են հավասար պայմաններում, սակայն կարծում ենք, որ «Ատլետիկո Մադրիդը», ի վերջո, կդառնա ուղեգրերից մեկի սեփականատերերը, իսկ մյուսը կդառնա կա՛մ «Սևիլիան» կա՛մ «Ռեալ Սոսիեդադը»։

Բացի այս ամենից` ակումբները պետք է ավելի շատ շահագրգռված և մոտիվացված լինեն ՉԼ ուղեգիր նվաճել, քանի որ դա հնարավորություն կտա լրացուցիչ գումար աշխատել, իսկ այս ծանր ֆինանսական վիճակում ակումբներին չի խանգարի լրացուցիչ մի քանի միլիոն եվրոն։

Գոյության կռիվ

Յուրաքանյուր տարի իսպանական Լա լիգայում ընթանում է ոչ միայն թեժ չեմպիոնական և եվրագավաթայի տեղերի պայքար, այլև մինչև վերջին տուրը հայտնի չի լինում, թե որ ակումբներն են լքելու բարձրագույն առաջնությունը։ Ընթացիկ մրցաշրջանը կարծես թե նույնպես բացառություն չի լինելու, քանի որ առնվազն հինգ ակումբ կարող է հայտնվել անհաջողակների շարքում։

«Էսպանյոլը», որն ունի Եվրոպա լիգայի ուղեգրերի համար պայքարող կազմ, ընթացիկ առաջնության բացարձակ հիասթափությունն է։ Կատալոնական ակումբը կարծես թե չդիմացավ խիտ խաղացանկին՝ անհաջող հանդես գալով ինչպես առաջնությունում, այնպես էլ Եվրպոա լիգայի փլեյ-օֆֆում։ Ակումբը միանշանակ իր կազմով Սեգունդայի թիմ չէ և տխուր կլինի տեսնել, թե ինչպես է «Էսպանյոլը» 24 տարի անց կրկին լքում բարձրագույն առաջնությունը։

Կատալոնական ակումբը ձմռանը ձեռք բերեց «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող Ռաուլ դե Տոմասին, ով կփորձի փրկել կատալոնական ակումբին խայտառակությունից։ Դե Տոմասն արդեն հասցրել է 4 անգամ աչքի ընկնել, սակայն շատ բարդ է լինելու։

Այնպես է դասավորվել, որ «կաչաղակները» մինչև առաջնության ավարտ կմրցեն իրենց անմիջական մի քանի մրցակիցների դեմ, մասնակվորապես «Էյբարի», «Սելտայի» և «Լեգանդեսի» դեմ։ Հատկանշանակ է, որ այդ բոլոր խաղերը «Էսպանյոլն» անցկացնելու է սեփական հարկի տակ, որտեղ խնդիրներ է ունենում նույնիսկ «Բարսելոնան»։

Դժվար է պատկերացնել, թե ինչպես է «Լեգանեսը» պատրաստվում տեղը պահպանել բարձրագույն առաջնությունում, երբ ակումբից ձմռանը հեռացան հիմնական գոլահարներ Յուսուֆ Էն-Նեսերին և Մարտին Բրեյթվեյթը, սակայն փորձառու մասնագետ Խավիեր Ագիրեն փորձում է փրկել թիմին։

«Լեգանեսը» 2020 թվականին ավելի վստահ տեսք ունի և առաջնության շրջանակում պարտվել է ընդամենը 3 հանդիպում։ Առաջնության երկրորդ հատվածում ակումբը նույնիսկ կարողացավ անչափ կարևոր 1 միավոր խլել «Ատլետիկո Մադրիդից»։

Ինչպես «Լեգանեսը», այնպես էլ «Էսպանյոլը», հաջորդ տուրերում ոչ մեկ անգամ մրցելու են իրենց անմիջական մրցակիցների դեմ։ Բացի դրանից՝ երկու ակումբներն էլ հանդիպում ունեն անցկացնելու նաև «Ռեալի» ու «Բարսելոնայի» դեմ, ինչն էլ ավելի է բարդացնում կողմերի խնդիրը, սակայն, որպես կանոն, հետնապահները առաջատար ակումբների դեմ գերմոտիվացված են հանդես գալիս, ինչը լրացուցիչ հույսեր է տալիս նման ակումբներին։

Առաջնության երրորդ վատագույն ակումբը` «Մալյորկան», որը կարծում ենք՝ տեղը բարձրագույն առաջնությունում պահպանելու ամենաքիչ հնարավորությունները ունի, քանի որ ինչպես «Էսպանյոլը» և «Լեգանեսը», կղզիաբնակները նույնպես պետք է մրցեն «Ռեալի» և «Բարսայի» դեմ։ Առաջնության վերսկսումից հետո հենց առաջին տուրում «Մալյորկան» սեփական հարկի տակ կմրցի «Բարսելոնայի» դեմ։

Բացի դրանից՝ «գազարագույնները» պետք է հյուրընկալվեն նաև «Ատլետիկոյին» ու «Սևիլիային», ինչը էլ ավելի է բարդացնում նրանց խնդիրները, քանի որ «Մալյորկան» առաջնության երկրորդ վատագույն պաշտանությունը ունեցող ակումբն է, իսկ նման պարագայում խփած և բաց թողած գոլերի ավելի լավ հարաբերակցություն ունեցող ակումբները որոշակի առալություն են ստանում։

Կարծում ենք տեղը բարձրագույն խմբում պահպանելու համար վճռորոշ կլինեն «Էյբար» – «Լեգանես», «Էսպանյոլ» – «Էյբար», «Մալյորկա» – «Սելտա», «Էսպանյոլ» – «Սելտա», «Մալյորկա» – «Լեգանես», «Էսպանյոլ» – «Լեգանես» հանդիպումները։

Ինչպես տեսնում եք, իսպանական Լա լիգայի շրջանակում դեռևս բաց են բոլոր կարևոր հարցերը և առաջնության վերսկսումից հետո բոլոր թիմերը ներդնելու են բոլոր հնարավոր ամեն ինչ, որ հենց իրենք դառնան այդ հաջողակ ակումբը։

Հուսանք՝ եռամսյա դադարը ֆունցկիոնալ առումով ֆուտբոիստների վրա այնքան էլ վատ չի անդրադառնա։ Մեկ խաղում ակումբներին թույլատրվելու է իրականցնել հինգ փոփոխություն, ինչը մի փոքր մեղմում է իրավիճակը։

Չնայած երկրպագուների բացակայությանը՝ անկնալում ենք մինչև վերջին տուրը տեսնել դրամատիկ պայքար ինչպես առաջնության վերնամասում, այնպես էլ ստորին հատվածներում։ Արդեն այսօր՝ հունիսի 11-ին, առաջնությությունը վերսկսվում է ֆանտաստիկ դերբիով․ «Սևիլիան» սեփական հարկի տակ կընդունի «Բետիսին»։ Կարճ ասած՝ իսպանական Լա լիգան վերադառնում է։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Միքայել Մելիքբեկյան

# , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023