Լացիոն կրկնակի բարդացրեց Միլանի կյանքը․ «արծիվները» ջախջախեցին «ռոսոներիներին» 🎥

Լացիոն կրկնակի բարդացրեց Միլանի կյանքը․ «արծիվները» ջախջախեցին «ռոսոներիներին» 🎥

27/04/2021 - 00:41

Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ «Լացիոն» մրցեց «Միլանի» դեմ։

Հանդիպման առաջին իսկ գրոհի ընթացքում «Միլանի» ֆուտբոլիստները կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Հական Չալհանօղլուի հարվածից հետո «Լացիոյին» փրկեց դարպասապահ Պեպե Ռեյնան։

Գոլային պահ ունեցան «ռոսոներիները», սակայն «Լացիոն» 2-րդ րոպեին նետվեց հակագրոհի և Խոակին Կոռեայի ջանքերով բացեց խաղի հաշիվը։

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում էլ երկու թիմերը կարող էին հաշվի մեջ փոփոխություն մտցնել, սակայն Սիմոնե Ինձզագիի սաներն ավելի դիպուկ գտվնեցին։

43-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Մանուել Լացարին, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն, դիտելով դրվագի կրկնապատկերը, չեղարկեց գոլը, քանի որ իտալացի լատերալը եղել էր խաղից դուրս վիճակում։

Կողմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում․ հաղթում էին հռոմեացիները։

«Արծիվները» երկրորդ խաղակեսն էլ շատ ակտիվ մեկնարկեցին և 51-րդ րոպեին, ի վերջո, երկրորդ գնդակն ուղարկեցին Ջանլուիջի Դոնարումայի դարպասը, իսկ գոլի հեղինակ դարձավ Խոակին Կոռեան՝ հաշիվը դարձնելով 2։0։

Խփված երկրորդ գոլը կարծես հանգստացրեց հանդիպումը։ Ճիշտ է՝ երկու թիմերի կողմից էլ մնացած ժամանակահատվածում կար ակտիվություն, սակայն բանը գոլային պահերին չէր հասնում։

Միայն 80-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն մոտ էր «Լացիոյի» առավելությունն էլ ավելի մեծացնելուն, սակայն իտալացի հարձակվողի «կախած» հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

87-րդ րոպեին, ամեն դեպքում, հռոմեացիները եռապատկեցին հաշիվը․ հարձակման աջ եզրից կատարած հուժկու հարվածով աչքի ընկավ Չիրո Իմոբիլեն։

Խաղավարտին մոտ այլևս գոլեր չտեսանք, իսկ «Լացիոն» ջախջախեց «Միլանին» 3։0 հաշվով։

Այս հաղթանակից հետո «արծիվները» վաստակեցին 61 միավոր և ամրապնդվեցին մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում և շարունակում են պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։

«Միլանն» էլ մնաց 66 միավորով և նահանջեց 5-րդ հորիզոնական։ Նույնքան միավոր ունեն նաև «Նապոլին» ու «Յուվենտուսը», որոնք լրացուցիչ ցուցանիշներով կիսում են 3-4-րդ հորիզոնականները։

Նշենք, որ 2-րդ տեղը զբաղեցնող «Ատալանտայի» անվան դիմաց էլ կա 68 միավոր, որը նույնպես պայքարում է ՉԼ ուղեգիր նվաճելու համար։

Վերջում ավելացնենք, որ «Լացիոն» վերոնշյալ բոլոր ակումբների համեմատ մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ Հռոմեական ակումբն այդ խաղի շրջանակում պետք է մրցի «Տորինոյի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023