Լապորտան հաստատել է. Բարսելոնան աշխատում է Արդա Գյուլերի տրանսֆերի ուղղությամբ

Լապորտան հաստատել է. Բարսելոնան աշխատում է Արդա Գյուլերի տրանսֆերի ուղղությամբ

30/06/2023 - 11:13

«Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է «Ֆեներբախչեի» 18-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Արդա Գյուլերի ծառայություններով։

«Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ ակումբի սպորտային տնօրեն Դեկուն այժմ աշխատում է երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի ուղղությամբ.

«Դեկուն այժմ աշխատում է Արդա Գյուլերի տրանսֆերի ուղղությամբ։ Լա լիգան մեզ թույլատրել է գործարքներ իրականացնել, որոնք չեն վերաբերվելու ընթացիկ տարվան։

Մեր սկաուտները հետևել են Արդայի խաղին։ Բացի դրանից, մենք կարևորում ենք նաև Դեկուի կարծիքը։

Մենք փորձում ենք այս գործարքն իրականացնել հաջորդ տարվա համար»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքն էլ գրում է, որ Դեկուն այժմ Ստամբուլում է և գործարքի հարցում բանակցություններ է վարում «Ֆեներբախչեի» ներկայացուցիչների հետ։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան հաստատում է, որ «Բարսելոնան» 18-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելուց հետո նրան 1 տարով վարձավճարով կթողնի «Ֆեներբախչեի» կազմում։

Նշենք, որ Արդա Գյուլերի ու թուրքական ակումբի միջև գործող պայմանագրում առկա է հրաժարագնի կետ, որը 17,5 մլն եվրո է։

Հավելենք, որ Գյուլերը համարվում է թուրքական ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը։ Նա ավարտված 2022/23 մրցաշրջանում «Ֆեներբախչեի» կազմում անցկացրել է 35 հանդիպում` դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Երիտասարդ ֆուտբոլիստը վերջերս նաև առաջին գոլն է խփել Թուրքիայի հավաքականի կազմում` Եվրո-2024-ի որակավորման չորրորդ տուրում գրավելով Ուելսի դարպասը (2:0)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023