Լայպցիգը վրեժխնդիր եղավ ՊՍԺ-ի նկատմամբ🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 3-րդ տուրի շրջանակում «Լայպցիգը» սեփական հարկի տակ մրցեց ՊՍԺ-ի դեմ։
Փարիզյան ակումբը դեռևս առաջին խաղակեսի միջնամասում կարող էր լուծել խաղի ելքը, քանի որ 6-րդ րոպեին Անխել դի Մարիան առաջ էր մղել իր թիմին, իսկ 16-րդ րոպեին նույն Դի Մարիան կարող էր կրկնապատկել հաշվի տարբերությունը, սակայն չկարողացավ հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը։
Այդ դրվագից հետո գերմանական ակումբը քիչ-քիչ հավասարեցրեց խաղը և նույնսիկ ստացավ խաղային առավելություն, ինչի շնորհիվ էլ 42-րդ րոպեին Քրիստոֆեր Նկունկուի ջանքերով հավասարեցրեց հաշիվը նախքան ընդմիջման գնալը։
Երկրորդ խաղակեսը ամբողջությամբ «ցլերի» կողմն էր և բոլոր ասպեկտներով առավելություն ունեին մրցակցի նկատմամբ, սակայն ընդամենը մեկ անգամ կարողացան գրավել Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը։ 56-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Շիմոն Մարցինյակը 11 մետրանոց հարված նշանակեց արդեն փարիզյան ակումբի դարպասին, որն անվրեպ իրացրեց Էմիլ Ֆորսբերգը։
Այդ բաց թողած գոլից հետո Թոմաս Տուխելի սաների մոտ բացարձակ որևէ բան չէր ստացվում և ողջ երկրորդ խաղակեսի ընթացքում ընդամենը 1 հարված կատարեցին Պետեր Գուլաչիի դարպասի ուղղությամբ, իսկ խաղն ավարտեցին 9 ֆուտբոլիստներով, քանի որ 69-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Իդրիսա Գեյեն, իսկ 90+5-րդ րոպեին՝ Պրեսնել Կիմպեմբեն։
H խմբի մյուս խաղում էլ «Իստամբուլ Բաշակշեհիրը» 2։1 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին», ինչից հետո այս խումբը ստացավ հետևյալ տեսքը․
1․ «Մանչեսթեր Յունայթեդ» – 6 միավոր
2․ «Լայպցիգ» – 6 միավոր
3․ ՊՍԺ – 3 միավոր
4․ «Բաշակշեհիր» – 3 միավոր
# Անխել-դի-Մարիա, Էմիլ Ֆորսբերգ, Թոմաս ՏՈւխել, Լայպցիգ, Յուլիան Նագելսման, Չեմպիոնների-լիգա, Պետեր Գուլաչի, ՊՍԺ, Քրիստոֆեր Նկունկու