Փոխադարձ սխալների երեկո․ «բյանկոներիներն» ավելի լավ իրացրին իրենց պահերը🎥
Իտալիայի գավաթի շրջանակում կայացավ «Ինտեր» – «Յուվենտուս» կիսաեզրափակչի դիմակայության առաջին հանդիպումը։
Առաջին խաղակեսում իրադարձությունները շատ արագ էին զարգանում։
9-րդ րոպեին միլանյան ակումբի ֆուտբոլիստները նետվեցին կայծակնային հակագրոհի, ինչի արդյունքում Նիկոլո Բարելայի՝ հարձակման աջ եզրից կատարած փոխանցումից հետո Լաուտարո Մարտինեսը բացեց խաղի հաշիվը։
Հանուն արդարության՝ նշենք, որ արգենտինացի հարձակվողի հարվածից հետո «Յունվետուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը անհաջող գործեց՝ չկարողանալով որսալ մրցակցի հարվածը։
Բաց թողած գոլից հետո «Յուվենտուսի» ֆուտբոլիստները սկսեցին տիրել նախաձեռնությանը, ինչն էլ նպաստեց, որ նրանք 26-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին։ Գնդակին մոտեցավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով էլ հուժկու հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը։
Անցավ ևս 10 րոպե, և արդեն թուրինյան ակումբի տղաները առաջ անցան հաշվի մեջ։ «Ինտերի» պաշտպաններ Ստեֆան դե Վրեյն ու Ալեսանդրո Բաստոնին, պարզապես, գոլ նվիրեցին մրցակցին։
Այդ դրվագում հոլանդացի պաշտպանը հետ փոխանցում կատարեց դեպի Բաստոնիին, ով էլ փորձեց խաբել պրեսինգի դիմող Ռոնալդուին, «շրջանցեց» իր տեղից դուրս եկած Սամիր Հանդանովիչին, սակայն Կրիշտիանուն արագ կողմնորոշվեց, խլեց գնդակը՝ գրավելով դատարկ դարպասը։
Երկրորդ խաղակեսն արդեն անցնում էր «ներաձուրիների» թելադրանքով։
57-րդ րոպեին աչքի ընկնելու անհավանական պահ ուներ Ալեքսիս Սանչեսը, ինչը ծնվել էր Մաթիաս դե Լիխիտի կոպիտ սխալից հետո։
Հոլանդացի պաշտպանը սեփական տուգանային հրապարակի մատույցներում կորցրեց գնդակը, ինչից հետո Սանչեսը հայտնվեց հարվածային դիրքում, սակայն նրա հարվածից հետո գնդակը դատարկ դարպասից մեծ դժվարությամբ հեռացրեց «Յուվեի» կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը։
69-րդ րոպեին էլ Մատեո Դարմիանի հարվածից հետո գործի մեջ մտավ արդեն Բուֆֆոնը՝ փրկելով իր թիմին։
78-րդ րոպեին «Յուվեի» պաշտպանները ևս մեկ նվեր մատուցեցին «Ինտերի» ֆուտբոլիստներին, ինչից հետո արդեն Քրիստիան Էրիկսենն էր մոտ աչքի ընկնելուն, սակայն դանիացու հարվածը շատ թույլ ստացվեց, և Բուֆֆոնը հեշտ որսաց գնդակը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ միլանյան ակումբի ֆուտբոլիստներն էին տիրում նախաձեռնությանը, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց խփել պատասխան գնդակը։
Այսպիսով, Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս հաղթեց 1։2 հաշվով, իսկ կողմերի միջև պատասխան խաղը կկայանա փետրվարի 9-ին Թուրինում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Coppa Italia, Ալեսանդրո Բաստոնի, Ալեքսիս-Սանչես, Անտոնիո Կոնտե, Ինտեր, Իտալիայի-Գավաթ, Լաուտարո Մարտինես, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Ստեֆան դե Վրեյ