Իտալական կրքեր «Սան Սիրոյում». Նապոլին հաղթեց Միլանին🎥
Իտալական Ա սերիայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Նապոլիի» դեմ։
Հանդիպման առաջին կեսն անցավ «ռոսոներիների» խաղային առավելության պայմաններում, ովքեր ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն նախքան ընդմիջում այդպես էլ չկարողացան բացել հաշիվը։
Հատկապես հիշատակման է արժանի Օլիվիե Ժիրուի դրվագը, երբ ֆրանսիացի հարձակվողի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսում էլ «Նապոլին» կերպարանափոխված տեսք ուներ. Լուչիանո Սպալետիի թիմն սկսեց ավելի համարձակ ֆուտբոլ խաղալ, ինչի արդյունքում էլ 55-րդ րոպեին վաստակեց 11-մետրանոց, որն անվրեպ իրացրեց Մատեո Պոլիտանոն` առաջ մղելով «Նապոլիին»։
Այդուհանդերձ, նեապոլիտանական ակումբի ուրախությունը կարճ տևեց, քանի որ «Միլանը» բաց թողած գոլից հետո մեծացրեց ճնշումն ու 69-րդ րոպեին Օլիվիե Ժիրուի ջանքերով խփեց պատասխան գնդակը։
Թվում էր` խփած գոլից հետո տանտերերը ոգևորության ֆոնին կստանան նաև հոգեբանական առավելություն, սակայն այդ ամենն արագ կոտրեց Ջովանի Սիմեոնեն, ով 78-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով կրկին առաջ մղեց «Նապոլիին»։
86-րդ րոպեին Ստեֆանո Պիոլիի թիմը քիչ մնաց հավասարեցներ հաշիվը, սակայն Պիեր Կալուլուի մոտ տարածությունից կատարած հարվածից հետո այս խաղում արդեն երկրորդ անգամ «Նապոլիին» փրկեց դարպասաձողը։
Ի վերջո, Սպալետիի թիմին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվն` առավելության հասնելով 2:1 հաշվով։
«Նապոլին» վաստակեց 17 միավոր և գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
Նույնքան միավոր ունի նաև «Ատալանտան», որը, սակայն, լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Միլանն» էլ, ընթացիկ մրցաշրջանում կրելով առաջին պարտությունը, մնաց 14 միավորով և նահանջեց 5-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լուչիանո-Սպալետի, Մատեո Պոլիտանո, Միլան, Նապոլի, Ջովանի Սիմեոնե, Ստեֆանո Պիոլի, Օլիվիե Ժիրու