Իտալական գրանդը շատ մոտ է Վլահովիչի տրանսֆերն ավարտին հասցնելուն
«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, հունվարի 25-ին` վաղ առավոտյան, «բյանկոներիները» սերբ հարձակվողի տարսնֆերի հարցում բանակցություններ են սկսել «Ֆիորենտինայի» հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերն արդեն շատ մոտ են գործարքն ավարտին հասցնելուն. սերբ ֆուտբոլիստը թուրինյան ակումբի հետ համաձայնեցրել 5 տարվա պայմանագիր` տարեկան 7 մլն եվրոյի աշխատավարձով, իսկ «Յուվենտուսը» նրա տրանսֆերի դիմաց «Ֆիորենտինային» առաջարկել է 65 մլն եվրո գումար։
«Մանուշակները» պատրաստ են ընդունել «ծեր սենյորիայի» առաջարկը, որպեսզի որքան հնարավոր է շուտ փոխարինող գտնեն Վլահովիչի համար։
Արդեն կան խոսակցություններ, որ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը Վլահովիչի փոխարեն մտադիր է գնել «Բազելի» հարձակվող Արթուր Կաբրալին։
Սկիրան Twitter-ի իր միկրոբլոգում գրում է նաև, որ Դուշան Վլահովիչը դեռ 2021 թ. հոկտեմբերից կատարել է իր ընտրությունը և ցանկանում է տեղափոխվել միայն «Յուվենտուս» և այս ընթացքում մերժել է բազմաթիվ ակումբների։ Խոսքը «Արսենալի», «Նյուքասլի», «Ատլետիկո Մադրիդի» և «Բորուսիա Դորտմունդի» մասին է։
Հիշեցնենք, որ Դուշան Վլահովիչը «Ֆիորենտինայի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 108 հանդիպում` դառնալով 49 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Բորուսիա-Դորտմունդ, Դուշան Վլահովիչ, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, Նյուքասլ, տրանսֆերներ, Ֆիորենտինա