Իսպանիան հիասքանչ խաղով հաղթեց Իտալիային` ուղևորվելով ԱԼ-ի եզրափակիչ🎥

Իսպանիան հիասքանչ խաղով հաղթեց Իտալիային` ուղևորվելով ԱԼ-ի եզրափակիչ🎥

07/10/2021 - 00:43

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց Իտալիայի ընտրանու դեմ։

Հանդիպման հաշիվը կարող էր բացվել արդեն 5-րդ րոպեին, երբ հեռահար հարվածով փորձեց աչքի ընկնել Ֆեդերեիկո Կիեզան, սակայն Իսպանիայի հավաքականին փրկեց դարպասապահ Ունայի Սիմոնը։

Այդ դրվագից հետո «ֆուրիա ռոխան» քիչ-քիչ սկսեց տիրել նախաձեռնությանն ու արդեն 17-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը. Միկել Օյարսաբալի` ձախ եզրից կատարած բարձր փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Ֆերրան Տորեսը։

Խփած գոլից անմիջապես հետո էլ իսպանացիները կարող էին կրկնապատկել իրենց առավելությունը. 19-րդ րոպեին Մարկոս Ալոնսոյի հարվածից հետո Ջանլուիջի Դոնարուման անչափ անհաջող գործեց և չկարողացավ ֆիքսել գնդակը, որն անդրադարձավ դարպասաձողից, ինչից հետո Լեոնարդո Բոնուչին այն հեռացրեց դատարկ դարպասից։

Դրանից հետո «սկուադրա աձուրայի» ֆուտբոլիստները մի քանի վտանգավոր գրոհ անցկացրին։ Մասնավորապես աչքի ընկնելուն մոտ էին Ֆեդերիկո Բերնարդեսկին և Լորենցո Ինսինյեն, սակայն վերջիններս վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Հանդիպման 42-րդ րոպեին էլ, երկրորդ դեղին քարտի պատճառով, դաշտից հեռացվեց Իտալիայի հավաքականի ավագ Լեոնարդո Բոնուչին, ով օդային մենապայքարում արմունկով հարվածեց Սերխիո Բուսկետսին։

Ստանալով քանակական առավելություն` Լուիս Էնրիկեի սաները նախքան ընդմիջման գնալը` 45+2-րդ րոպեին, կրկնապատկեցին իրենց առավելությունը։

Կրկին աշխատեց Օյարսաբալ-Տորես զույգը, իսկ վերջինս հաշիվը դարձրեց 2:0` դառնալով դուբլի հեղինակ։

Կողմերն ընդմիջման գնացին Իսպանիայի` երկու գնդակի առավելությամբ։

Երկրորդ խաղակեսն անցավ ավելի հանգիստ պայքարում. Էնրիկեի սաները փորձում էին հանգստացնել խաղը, իսկ իտալացիների խաղում առանձնապես ոչինչ չէր ստացվում։

Երկրորդ կեսի ամենավտանգավոր պահը, կարելի է ասել, գրանցվեց 64-րդ րոպեին, երբ Երեմի Պինոյի փոխանցումից հետո Միկել Օյարսաբալը մոտ տարածությունից չկարողացավ գլխի դիպուկ հարվածով գրավել դարպասը։

78-րդ րոպեին էլ աչքի ընկնելուն մոտ էր Մարկոս Ալոնսոն, սակայն այդ դեպքում էլ «սկուադրա աձուրային» փրկեց Դոնարուման։

Իտալիայի հավաքականը, որը երկրորդ կեսում հիմնականում չէր գրոհում, 83-րդ րոպեին, ամեն դեպքում, մեկ գնդակ հետ բերեց. Երեմի Պինոն դաշտի կենտրոնում սխալ փոխանցում կատարեց, ինչից հետո Ֆեդերիկո Կիեզան մեն-մենակ դուրս եկավ Ունայի Սիմոնի դիմաց և գնդակը փոխանցեց Լորենցո Պելեգրինիին, ով էլ կրճատեց հաշվի տարբերությունը։

Ամեն դեպքում, այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին. Իսպանիան 2:1 հաշվով հաղթեց Իտալիային։

Այսպիսով, «ֆուրիա ռոխան» նվաճեց Ազգերի լիգայի եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում հոկտեմբերի 10-ին կմրցի Բելգիա – Ֆրանսիա զույգի հաղթողի դեմ։

Հավելենք, որ ընդհատվեց Իտալիայի հավաքականի անպարտելիության անհավանական շարքը. «սկուադրա աձուրան» մինչ այս պահը չէր պարտվել 37 անընդմեջ հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023