Ինտերի նախկին ֆուտբոլիստներն ընդհատում են միլանյան ակումբի հաղթարշավը🎥
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի շրջանակում առաջատարների թվում ընթացող «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Սամպդորիայի» դեմ։
Հանդիպումն ընդհանուր առմամբ անցավ միլանյան ակումբի առավելությամբ, սակայն անանկնալ արդյունք գրանցվեց, քանի որ «Սամպդորիայի» ֆուտբոլիստներին հաջողվեց հաղթել 2։1 հաշվով։
Անտոնիո Կոնտեի սաներն արդեն 8-րդ րոպեին կարող էին բացել հանդիպման հաշիվը, սակայն Ալեքսիս Սանչեսը նախ վրիպեց 11-մետրանոց հարվածն իրացնելիս, ապա՝ վրա հասած Էշլի Յանգի հարվածը դիպավ դարպասաձողին։
Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում շատերի համար անսպասելիորեն Կլաուդիո Ռանիերիի թիմը երկու գնդակի առավելություն ստացավ, քանի որ նախ՝ 23-րդ րոպին Անտոնիո Կանդրևան բացեց խաղի հաշիվը, ապա՝ 38-րդ րոպեին Բալդե Կեյտան կրկնապատկեց այն։
Հատկանշական է, որ ջենոական ակումբի երկու գոլերն էլ խփեցին «Ինտերի» նախկին ֆուտբոլիստները, ընդ որում, Կանդրևայի տրանսֆերային իրավունքները մինչև հիմա էլ պատկանում են «ներաձուրիներին»։ «Սամպդորիայի» կազմում նա հանդես է գալիս վարձակալությամբ։
Երկրորդ խաղակեսում «Ինտերի» ֆուտբոլիստներն ունեին բացահայտ առավելություն, սակայն ընդամենը մեկ անգամ կարողացան դառնալ գոլի հեղինակ։ 65-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Ստեֆան դե Վրեյը։
Հետագայում էլ «կապտասևերն» ունեին խաղը փրկելու առնվազն 2-3 իրական պահեր, սակայն, այդպես էլ չկարողացան խփել փրկության գոլը։
Այսպիսով, «Սամպդորիան» հաղթեց 2։1 հաշվով և ընդհատեց «Ինտերի» 7 խաղից բաղկացած հաղթանակների շարքը։ «Սամպդորիան» վաստակեց 20 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, իսկ «Ինտերը»՝ 36 միավորով 2-րդն է՝ առաջատար «Միլանին» զիջելով 1 միավոր, սակայն «ռոսոներիներն» իրենց հանդիպումն անցկացնելու են ավելի ուշ։ «Միլանը» Երևանի ժամանակով 23։45 րոպեից սկսած մրցելու է «Յուվենտուսի» դեմ։
# Ա-սերիա, ԱՆտոնիո Կանդրևա, Անտոնիո-Կոնտե, Ինտեր, Կեյտա Բալդե, Կլաուդիո Ռանիերի, Միլան, Սամպդորիա, Ստեֆան դե Վրեյ