Իսպանիան դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն` հաղթելով Անգլիային 🎥

Իսպանիան դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն` հաղթելով Անգլիային 🎥

15/07/2024 - 00:53

Եվրո-2024-ի եզրափակիչում Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Իսպանիայի ու Անգլիայի հավաքականները։

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ հիմնականում հավասար և հետախուզական պայքարում, իսկ կողմերը զգուշավոր ֆուտբոլ խաղացին։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում իսպանացիները սառը ցնցուղ էին պատրաստել մրցակցի համար, քանի որ 47-րդ րոպեին Նիկո Վիլիամսն առաջ մղեց «ֆուրիա ռոխային»։

Խփած գոլից հետո էլ Լուիս դե լա Ֆուենտեի սաները լուրջ ճնշում էին գործադրում Ջորդան Պիկֆորդի դարպասի ուղղությամբ և քանիցս կարող էին կրկնապատկել առավելությունը, սակայն անչափ նպաստավոր դիրքերից վրիպեցին Դանի Օլմոն, Ալվարո Մորատան ու Լամին Յամալը։

73-րդ րոպեին «երեք առյուծները», կարելի է ասել, անակնկալ հավասարեցրին հաշիվը. գեղեցիկ գրոհը հեռահար տպավորիչ հարվածով եզրափակեց փոխարինման մտած Քոուլ Պալմերը։

Անգլիացիների խփած գոլը կարծես չփոխեց խաղի սցենարը, քանի որ Իսպանիայի հավաքականը նետվեց առաջ` հաղթանակ կորզելու և հասավ իր նպատակին։

86-րդ րոպեին «ֆուրիա ռոխայի» բազմաքայլ գրոհը եզրափակեց Միկել Օյարսաբալն ու խփեց Իսպանիայի չեմպիոնական գոլը։

Խաղավերջում Գարեթ Սաութգեյթի գլխավորած հավաքականը խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխելու անհավանական պահ կորցրեց. 90+1-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Դեկլան Ռայսի հարվածից հետո Իսպանիային փրկեց դարպասապահ Ունայի Սիմոնը։ Վրա հասած Մարկ Գեհիի հարվածից հետո էլ գնդակը դատարկ դարպասից հեռացրեց Դանի Օլմոն։

Այսպիսով, Իսպանիայի հավաքականը համառ ու դիտարժան պայքարում հաղթեց 2:1 հաշվով և դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն։ Անգլիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ պարտվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023