Թրիլլեր «Մոլինյոյում». Լիդսը հիանալի comeback-ով հաղթեց Վուլվզին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի մեկնարկային խաղում «Լիդսը» «Մոլինյո» մարզադաշտում հյուրընկավելիս մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։
Առաջին խաղակեսում «գայլերն» ունեին խաղային բավական լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Բրունո Լագեի թիմն ընդմիջման գնա երկու գնդակի առավելության պայմաններում. նախ 26-րդ րոպեին աչքի ընկավ Խոնի Կաստրոն, ապա 45+11-րդ րոպեին` Ֆրանսիսկո Տրինկոաոն։
Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում «Վուլվզի» համար ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։
53-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ռաուլ Խիմենեսը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից։
Ստանալով քանակական առավելություն` «Լիդսն» անմիջապես սկսեց բեկել հանդիպման ընթացքն ու շատ արագ ոչ միայն կրճատեց, այլև հավասարեց խաղի հաշիվը. 63-րդ ու 66-րդ րոպեներին համապատասխանաբար աչքի ընկան Ջեք Հարիսոնն ու Ռոդրիգո Մորենոն։
Խփած երկրորդ գոլից հետո էլ Ջեսի Մարչի թիմն ուներ լուրջ առավելություն, սակայն Դանիել Ջեյմսը, Ջեք Հարիսոնն ու Չարլի Կրեսվելը վրիպեցին նպաստավոր դիրքերից։
Երբ թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի արդյունքով, 90+1-րդ րոպեին, ամեն դեպքում, «Լիդսին» հաջողվեց հաղթանակ կորզել. գոլի հեղինակ դարձավ Լյուկ Էյլինգը։
Այսպիսով, յորքշիրյան ակումբը թրիլլերային պայքարում 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Վուլվզի» նկատմամբ, վաստակեց 29 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։
«Գայլերը», 46 միավորով, 8-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրունո Լագե, Լիդս, Լյուկ Էյլինգ, Խոնի Կաստրո, Ջեսի Մարչ, Ջեք Հարիսոն, Ռաուլ Խիմենես, Ռոդրիգո Մորենո, Վուլվերհեմփթոն, Ֆրանսիսկո Տրինկաո