Թրիլլեր Հռոմում. Սասուոլոն գոլառատ խաղում հաղթեց Ռոմային🎥
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում «Սասուոլոն» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։
«Ներովերդին» պարզապես շոկային մեկնարկ էր պատրաստել «գայլերի» համար և արդեն 18-րդ րոպեի դրությամբ երկու գնդակի առավելություն ստացավ. դուբլի հեղինակ դարձավ Արման Լորյենտեն։
Շատ չանցած` 26-րդ րոպեին, տանտերերը Նիկոլա Զալևսկիի ջանքերով կրճատեցին հաշիվը։
Թվում էր` կողմերն ընդմիջման կգնան 2:1 հաշվի պայմաններում, սակայն «Սասուոլոն» 45+4-րդ րոպեին վերականգնեց երկու գնդակի առավելությունը։
«Ջալոռոսիների» կենտրոնական պաշտպան Մարաշ Կումբուլան սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Դոմենիկո Բերարդիի նկատմամբ, ինչից հետո էլ, չգիտես` ինչու, հրեց և ոտքով հարվածեց իտալացի հարձակվողին։
Հանդիպման գլխավոր մրցավար Միքայել Ֆաբրին ոչ միայն «Ռոմայի» դարպասին 11-մետրանոց նշանակեց, այլև ոչ սպորտային պահվածքի համար Կումբուլային պատժեց կարմիր քարտով` հեռացնելով դաշտից։
Նշակետին մոտեցավ Բերարդին, ով դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 3:1։
Ընդմիջմանը փոխարինման դուրս եկավ Պոաուլո Դիբալան, ով 50-րդ րոպեին դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ ու կրկին կրճատեց հաշիվը։
Այդուհանդերձ, Ալեսիո Դիոնիզիի թիմն, ունենալով քանական առավելություն, խաղային լուրջ առավելություն ուներ և 75-րդ րոպեին չորրորդ գնդակն ուղարկեց Ռուի Պատրիսիուի պաշտպանած դարպասն. աչքի ընկավ Անդրեա Պինամոնտին։
Հանդիպման վերջակետն, ամեն դեպքում, դրեցին «Ռոմայի» ֆուտբոլիստները. 90+4-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ժորժինիո Վեյնալդումը։
Այսպիսով, «Սասուոլոն» թրիլլերային խաղում 4:3 հաշվով հաղթեց «Ռոմային», վաստակեց 33 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։
«Գայլերը», 47 միավորով, 5-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալեսիո Դիոնիզի, Անդրեա Պինամոնտի, Արման Լյորենտե, Դոմենիկո Բերարդի, Ժորժինիո Վեյնալդում, Նիկոլա Զալևսկի, Պաուլո-Դիբալա, Ռոմա, Սասուոլո