Թրիլլեր Լոնդոնում. Տոտենհեմը 90+6-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լիվերպուլի դեմ խաղում 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմը» Լոնդոնում մրցեց «Լիվերպուլի» դեմ։
Հանդիպման մեկնարկում մերսիսայդյան ակումբն ուներ առավելություն, սակայն 26-րդ րոպեին ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, քանի որ անչափ կոպիտ խաղի պատճառով դաշտից հեռացվեց Կյորտիս Ջոնսն` իր թիմին թողնելով 10 ֆուտբոլիստներով։
Ստանալով քանակական առավելություն` «խթանները» 36-րդ րոպեին Հին Մին Սոնի ջանքերով առաջ անցան հաշվի հաշվի։
Այդուհանդերձ, նույնիսկ 10 ֆուտբոլիստներով Յուրգեն Կլոպի թիմը նախքան ընդիմջում կարողացան խփել պատասխան գնդակը. 40+5-րդ րոպեին աչքի ընկավ Կոդի Գակպոն։
Երկրորդ կեսի հենց մեկնարկից Անգե Պոստեկօղլուի սաները տիրեցին նախաձեռնությանն ու ունեին խաղային լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չէին կարողանում այն վերածել դարպասի գրավման։
Ամեն անգամ հյուրերին փրկում էր դարպասապահ Ալիսոն Բեկերը, ով փայլուն հանդիպում անցկացրեց` կատարելով 8 սեյվ։
69-րդ րոպեին «Լիվերպուլը» մնաց արդեն 9 ֆուտբոլիստով. Դիոգու Ժոտան, մեկ րոպեում ստանալով երկու դեղին քարտ, ուղևորվեց հանդերձարան։
Տանտերերն ամեն կերպ փորձում էին հաղթանակ կորզել, սակայն Կլոպի թիմը պաշտպանվում էր անձնուրաց։
Թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, սակայն, ի վերջո, «Տոտենհեմը» խփեց այդքան ցանկալի գոլը. 90+6-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ժոել Մատիպը։
Այսպիսով, «Տոտենհեմը» համառ պայքարում հաղթեց 2:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 17 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։
«Լիվերպուլը», ընթացիկ մրցաշրջանում կրելով առաջին պարտությունը, մնաց 16 միավորով և 4-րդն է մրցաշարային աղյուսակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգե Պոստեկօղլու, ԱՊԼ, Դիեգու Ժոտա, Ժոել Մատիպ, Լիվերպուլ, Կյորտիս Ջոնս, Կոդի Գակպո, Հին Մին Սոն, Յուրգեն-Կլոպ, Տոտենհեմ