Թրիլլերային վերջաբան ԱՊԼ-ում․ Չելսին հրաշքով ՉԼ ուղեգիր նվաճեց🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացան վերջին՝ 38-րդ տուրի բոլոր հանդիպումները, որոնք կայացան միաժամանակ։
Հատկապես թեժ ստացվեցին Չեմպիոնների լիգայի վերջին երկու ուղեգրերի համար մղվող պայքարը։
«Չելսին» հյուրընկալվելիս մրցեց մրցաշարային ոչ մի մոտիվացիա չհետապնդող «Աստոն Վիլլայի» դեմ։ Հանդիպման առաջին կեսում լոնդոնյան ակումբն ուներ թե՛ տարածքային և թե՛ խաղային առավելություն, սակայն Թոմաս Տուխելի սաներին չհաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։
Թվում էր՝ կողմերն ընդմիջան են գնալու 0։0 հաշվի պայմաններում, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «Աստոն Վիլլայի» ֆուտբոլիստները, ովքեր 43-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո Բերտրան Տրաորեի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։
Երկրորդ կեսի հենց մեկնարկում «ազնվականների» դժբախտությունները շարունակվեցին։ 52-րդ րոպեին Ժորժինիոն սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Ստյուարտ Ատվելը նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Անվար Էլ-Ղազին՝ կրկնապատկելով Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի առավելությունը։
Բաց թողած երկորդ գոլից հետո «Չելսին» հայտնվեց անչափ ծանր իրավիճակում, քանի որ զուգահեռաբար ընթացող խաղում էլ «Լեսթերը» 2։1 հաշվով հաղթում էր «Տոտենհեմին», և իրադարձությունների նման ավարտի դեպքում հենց «աղվեսներն» էին նվաճում Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Լոնդոնցիները հասկանով, որ այլևս կորցնելու ոչինչ չունեն՝ նետվեցին առաջ կորցրածը հետ բերելու։ Ունենալով հսկայական առավելություն՝ «թոշակառուները» կարողացան միայն կրճատել հաշիվը․ 70-րդ րոպեին աչքի ընկավ Բեն Չիլվելը։
Դին Սմիթի թիմին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը, ովքեր հաղթեցին 2։1 հաշվով։ Չնայած պարտությանը՝ «Չելսին» նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր, սակայն ամեն ինչ հերթով։
«Լեսթերը», որը մինչև 37-րդ տուրը զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը, կրկին ձախողեց առաջնության եզրափակիչ հատվածը։
«Աղվեսները» առաջնության վերջին տուրում «Քինգ Փաուեր» մարզադաշտում մրցեցին «Տոտենհեմի» դեմ։ Տանտերերը բավական ակտիվ սկսեցին հանդիպումը և 18-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ 11-մետրանոցից աչքի ընկավ Ջեյմի Վարդին։
Կարելի է ասել՝ առաջին կեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն «Տոտենհեմի» ֆուտբոլիստները նախքան ընդմիջման գնալը իրենց կատարած առաջին իսկ դիպուկ հարվածով հավասարեցրին հաշիվը․ 41-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Հարի Քեհյնը, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում։
Բրենդան Ռոջերսի սաները 52-րդ րոպեին ևս մեկ 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեին, որը կրկին անվրեպ իրացրեց Ջեյմի Վարդին։
Մինչև 76-րդ րոպեն հանդիպումը գրեթե ամբողջությամ ընթանում էր «Լեսթերի» ֆուտբոլիստների սցենարով, սակայն դրանից հետո «աղվեսներն» անհասկանալիորեն ձեռքից ոչ միայն բաց թողեցին հաղթական հաշիվը, այլև պարտվեցին 2։4 հաշվով։
Նախ 76-րդ րոպեին Հին Մին Սոնի իրացրացրած անկյունային հարվածից հետո Կասպեր Շմեյխելը, չգիտես ինչպես, հաջողացրեց դառնալ ինքնագոլի հեղինակ, ապա 87-րդ ու 90+6-րդ րոպեներին Գարեթ Բեյլը, օգտվելով «Լեսթերի» պաշտպանների անչափ վատ խաղից, երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ վերջնականապես քանդելով տանտերերին։
Այսպիսով, «Տոտենհեմը» իր համար ոչինչ չվորոշող խաղում 4։2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Լեսթերին»՝ թույլ չտալով վերջինիս օգտվել «Չելսիի» պարտությունից ու նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
«Լեսթերը» մնաց 66 միավորով և առաջնությունն ավարտեց 5-րդ հորիզոնական՝ ուղևորվելով Եվրոպա լիգա։ «Չելսին» իր հերթին մնաց 67 միավոր և «Տոտենհեմի» շնորհիվ մնաց 4-րդ հորիզոնականում՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Չեմպիոնների լիգայի վերջին ուղեգիրն էլ բաժին հասավ «Լիվերպուլին», որը վերջին տուրում սեփական հարկի տակ Սադիո Մանեի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին», վաստակեց 69 միավոր, շրջանցեց «Չելսիին»՝ առաջնությունն ավարտելով 3-րդ հորիզոնականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անվար Էլ-Ղազի, ԱՊԼ, Աստոն Վիլլա, Բեն Չիլվել, Բերտրան Տրաորե, Բրենդան Ռոջերս, Գարեթ-Բեյլ, Թոմաս ՏՈւխել, Լեսթեր, Լիվերպուլ, Կասպեր Շմեյխել, Հարի Քեյն, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ջեյմի Վարդի, Սադիո-Մանե, Տոտենհեմ