Թեժ ֆուտբոլ «Էմիրեյթսում». Ման. Սիթին հիանալի խաղով հաղթեց Արսենալին🎥

Թեժ ֆուտբոլ «Էմիրեյթսում». Ման. Սիթին հիանալի խաղով հաղթեց Արսենալին🎥

16/02/2023 - 01:28

Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց առաջնության առաջատար «Արսենալի» դեմ։

Հանդիպումը մեկնարկեց հիմնականում հավասար և հետախուզական պայքարում, որն ընթանում էր գրեթե առանց գոլային պահերի։

22-րդ րոպեին աչքի ընկնելու լավ պահ ուներ Էդի Նկետիան, սակայն մոտ տարածությունից նրա գլխով հարվածից հետո գնդակը շեղ ընթացավ։

24-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, «զինագործների» աջ պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն գոլ նվիրեց հյուրերին, որն իր անվան դիմաց գրանցեց Կևին դե Բրույնեն` բացելով հաշիվը։

Բաց թողած գոլից հետո Միկել Արտետայի թիմը նետվեց առաջ` կորցրածը հետ բերելու և նախքան ընդմիջում խփեց պատասխան գոլը. 42-րս րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Բուկայո Սական։

Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում «քաղաքաբնակները» տիրեցին նախաձետնությանը և գրեթե ողջ ընթացքում ունեին խաղային ու տարածքային առավելություն, ինչն էլ խաղավերջում տվեց իր արդյունքը, քանի որ Պեպ Գվարդիոլայի սաները երկու գնդակ ուղարկեցին Արոն Ռամսդեյլի պաշտպանած դարպասը։

Նախ 72-րդ րոպեին Ջեք Գրիլիշը կրկին առաջ մղեց մանկունյական ակումբին, ապա 82-րդ րոպեին Էրլինգ Հալանդը մեծացրեց իր թիմի առավելությունը` հաշիվը դարձնելով 3:1։

Խաղավերջում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին. «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 3:1 հաշվով։

Այս հաղթանակից հետո «քաղաքաբնակները» վաստակեցին 51 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով գլխագորեցին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Արսենալը» նույնպես ունի 51 միավոր և նահանջեց 2-րդ հորիզոնական, սակայն «զինագործները», «քաղաքաբնակների» համեմատ, մեկ հանդիպում քիչ են անցկացրել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023