Թեժ կրքեր Լոնդոնում․ Արսենալը մրցաշրջանն ավարտեց տիտղոսով🎥

Թեժ կրքեր Լոնդոնում․ Արսենալը մրցաշրջանն ավարտեց տիտղոսով🎥

01/08/2020 - 23:42

Այսօր՝ օգոստոսի 1-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի 2019/20 խաղարկության, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Արսենալն» ու «Չելսին»։

«Չելսիի» ֆուտբոլիստները բավականին արագ բացեցին խաղի հաշիվը։ 5-րդ րոպեին «կապույտների» բազմաքայլ գրոհի արդյունքում Մեյսոն Մաունթը ձախ եզրից ճեղքեց մրցակցի տուգանային հրապարակ, գնդակը փոխանցեց Օլիվիե Ժիրուին, վերջինս էլ այն հասցրեց Քրիստիան Պուլիշիչին, ով հիանալի կողմնորոշվեց, շրջանցեց Կիրան Թիրնիին և բացեց խաղի հաշիվը։

Ֆրենկ Լեմպարդի սաները 10-րդ րոպեին քիչ էին մնում կրկնապատկեին հաշվի տարբերությունը, սակայն նույն Պուլիշիչի կատարած հարվածից հետո Էմիլիանո Մարտինեսը դժվարությամբ հետ մղեց գնդակը։

28-րդ րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ներխուժեց «Չելսիի» տուգանային հրապարակ, սակայն «ազնվականների» ավագ Սեզար Ասպիլիկուետան կանոնների խախտում թույլ տվեց գաբոնցի հարձակվողի նկատմամբ։ Նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց հենց Օբամեյանգը՝ հավասրաեցնելով հաշիվը։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում Ֆրենկ Լեմպարդի սաները կրկին կարող էին հաշվի մեջ առաջ անցնել, սակայն Քրիստիան Պուլիշիչի հարվածը մոտ տարածությունից մի փոքր շեղ ստացվեց։ Այդ դրվագում ամերիկացի վինգերը հարվածի պահին ծանր վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը՝ խաղադաշտում տեղը զիջելով Պեդրոյին։

67-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան արդեն «զինագործները» հաշվի մեջ առաջ անցան։ Հեկտոր Բելերինը սեփական կիսադաշտում խփլեց գնդակը, հիանալի անցում ձեռնարկեց, ճանապարհին բախվեց Անդրեաս Քրիստիենսենին, սակայն վերջին պահին հասցրեց գնդակը փոխանցել Նիկոլա Պեպեին, ով փոխանցեց ավելի նպաստավոր դիրքում գտնվող Օբամեյանգին։ Վերջինս էլ հիանալի խաբս տվեց Մարկոս Ալոնսոյին և Կուրթ Զումային և վարպետորեն գրավեց Վիլի Կաբալյերոյի դարպասը։

Հանդիպման 73-րդ րոպեին «Չելսիի» ֆուտբոլիստները մնացին 10 հոգով։ Մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում Մատեո Կովաչիչը կանոնների խախտում թույլ տվեց Գրանիտ Ջակայի նկատմամբ։ Հանդիպման մրցավար Էնոթնի Թեյլորը գտավ, որ խորվաթ կիսապաշտպանն անչափ կոպիտ է խաղացել Ջակայի նկատմամբ, սակայն կրկնապատկերը ցույց տվեց, որ Կովաչիչը ոչ միայն «բաց» ոտքով չի խաղացել, այլև խաղացել է գնդակին։

Հանդիպման 79-րդ րոպեին ևս մեկ կասկածելի դրվագ գրանցվեց։ «Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամը քիչ մնաց մեն-մենակ հայտնվեր Էմիլիանո Մարտինեսի դիմաց, սակայն արգենտինացի դարպասապը դուրս եկավ սեփական տուգանային հրապարակից՝ որսալով գնդակը։ Տպավորություն էր, որ Մարտինեսը տուգանային հրապարակից դուրս որսաց գնդակը, սակայն այդ դրվագը վրիպեց մրցավարների ուշադրությունից և նույնիսկ չդիտեցին տեսակրկնապատկերը։

Խաղավարտին մոտ «Չելսին» փորձեց խփել պատասխան գնդակը և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, սակայն Ֆրենկ Լեմպարդի սաներին այդպես էլ չհաջողվեց փրկել խաղը։

Այսպիսով, Միկել Արտետայի սաները ձախողած մրցաշրջանն ավարտեցին նվաճած տիտղոսով։ «Արսենալը» 14-րդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթի տիտղոսը, ինչը մրցաշարի շրջանակում ռեկորդային ցուցանիշ է։ Հավելենք, որ այս հաղթանակի շնորհիվ լոնդոնյան ակումբը նվաճեց նաև Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023