Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը դարձավ բրոնզե մեդալակիր
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մոտենում է ավարտին ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Սեպտեմբերի 17-ին պայքարի մեջ մտավ Հայաստանի վերջին ներկայացուցիչն` ազատ ոճային Արսեն Հարությունյանը, ով հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում։
23-ամյա ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 12:2 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Ջահոնգիրմիրզա Թուրոբովին, սակայն 1/4 եզրափակիչում 0:10 պարտվեց ճապոնացի Ռեյ Հիգուչիին։
Հետագայում Հիգուչին դուրս եկավ եզրափակիչ` հնարավորություն տալով Արսենին անցկացնել սփոփիչ գոտեմարտ։
Սփոփիչ գոտեմարտում Հարությունյանն անչափ լարված պայքարում 12:11 հաշվով հաղթեց ալբանացի Իսլամ Դուդաևին։
Այդ հաղթանակից հետո հայ ըմբիշը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար, որի համար նախատեսված գոտեմարտում 12:0 հաշվով ջախջախեց Սեթ Գրոսին (ԱՄՆ)։
Այսպիսով, Արսեն Հարությունյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Հարությունյան, Ըմբշամարտ