Էվերտոնն ու Լեսթերը համառ պայքարում չպարզեցին հաղթողին 🎥
Ընթանում է անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրը, որի շրջանակում «Էվերտոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Լեսթերին»։
Կողմերը չկարողացան որոշել հաղթողին․ գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Հատկանշական է, որ խաղի մեկնարկից «աղվեսներն» ունեին տարածքային առավելություն, տիրում էին գնդակին, սակայն առաջինը գոլ բաց թողեցին սեփական դարպասը։
Հանդիպման 30-րդ րոպեին, անդրադարձից հետո կատարած հարվածով, խաղի հաշիվը բացեց տանտերերի կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը։
Բաց թողած գոլից հետո «Լեսթերի» ֆուտբոլիստներն էլ ավելի վտանգավոր սկսեցին գործել, սակայն արդյունքի կարողացան հասնել միայն 67-րդ րոպեին։
Գոլն իր անվան դիմաց գրանցեց բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը՝ վերականգնելով խաղի հավասարությունը՝ 1։1։
Խաղավարտին մոտ երկու թիմերն էլ աչքի ընկնելու հնարավորություններ ունեին, սակայն այլևս դարպասի գրավումներ չարձանագրվեցին։
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ամբողջ խաղի ընթացքում Կառլո Անչելոտիի սաները կարողացան միայն երկու անգամ դիպուկ հարվածել դարպասին, որոնցից մեկն էլ պսակվեց գոլով։
Այս ոչ-ոքիից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում դասավորվեցին հետևյալ կերպ.
«Լեսթերն» իր միավորների քանակը հասցրեց 39-ի և այս պահին եզրափակում է լավագույն եռյակը՝ իրենից առաջ թողնելով միայն մանկունյական երկու ակումբներին՝ «Մանչեսթեր Սիթիին» և «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Էվերտոնը» միավորների քանակով հավասարվեց «Տոտենհեմին»։ Երկու ակումբներն էլ վաստակել են 33-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ «Շնաձկները» 6-րդն են, իսկ «իրիսները»՝ 7-րդը։
# Բրենդան Ռոջերս, Էվերտոն, Լեսթեր, Խամես-Ռոդրիգես, Կառլո Անչելոտի, Յուրի Տիլեմանս, Պրեմիեր-լիգա