Սամուել Էտո’օյի որդու գեղեցկագույն գոլը տուգանայինի իրացումից հետո🎥
Մավրիտանիայում տեղի է ունենում Աֆրիկայի ազգերի գավաթի երիտասարդական առաջնությունը, որին հավաքականները մասնակցում են Մ-20 տարեկան ֆուտբոլիստներով։
Կամերունի Մ-20 տարեկանների հավաքականը, որը մրցաշարի ֆավորիտներից մեկն է, ընդգրկված է A խմբում։ «Անխորտակելի առյուծները» (խմբ․` Կամերունի հավաքականի մականունն է) վերջին՝ 3-րդ տուրի շրջանակում 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարան Մոզամբիկի իրենց հասակակիցների նկատմամբ։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 7-րդ րոպեին, իսկ գոլի հեղինակ դարձավ Կամերունի հավաքականի նախկին ավագ և առաջատար Սամուել Էտո’օյի որդին՝ Էթիեն Էտո’օ Պինեդան, ով տուգանայինի հարվածի իրացումից հետո դարձավ բավական գեղեցիկ գոլի հեղինակ։
Հատկանշական է, որ այդ խաղում 18-ամյա ֆուտբոլիստը ևս մեկ գնդակ գրանցեց իր անվան դիմաց դառնալով դուբլի հեղինակ։
Մրցաշարի շրջանակում Էթիեն Էտո’օ Պինեդան իր առաջին հանդիպումն էր անցկացնում, քանի որ նախորդ երկու խաղերում մնացել է պահեստայինների նստարանին։
Կամերունի հավաքականն իր խմբում հաղթել է բոլոր երեք խաղերում և պայքարը շարունակում է 1/4 եզրափակչում, սակայն դեռևս հայտնի չէ նրա մրցակիցը։
Հավելենք, որ Էթիեն Էտո’օ Պինեդան, ինչպես նախկինում իր հայրը, նույնպես հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում։
18-ամյա ֆուտբոլիստը 2020 թվականի օգոստոսին պայմանագիր է կնքել Իսպանիայի նշանակությամբ երկրորդ դիվիզիոնը՝ Սեգունդան, ներկայացնող «Ռեալ Օվիեդո» ակումբի հետ։
Հիշեցնենք, որ Սամուել Էտո’oն խփած 56 գոլով Կամերունի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է և հայտնի է իր՝ «Մալյորկայում», «Բարսելոնայում», «Ինտերում» և «Չելսիում» ունեցած մրցելույթներով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Էթիեն Էտոօ Պինեդա, Կամերունի հավաքական, Կամերունի Մ-20 տարեկանների հավաքական, Սամուել-Էտո՛Օ