Զլատանին խոշոր որակազրկում է սպառնում․ նա, հնարավոր է, բաց թողնի Եվրո-ն
«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի կանոնդրությունը խախտելու համար, խոշոր որակազրկում է սպառնում։
Ինչպես տեղեկացնում է Sportbladet-ը, շվեդ ֆուտբոլիստը 2018 թվականից ի վեր 10 տոկոս մասնաբաժին ունի «Bethard» բուքմեյկերական ընկերությունում։ Զլատանն իր մասնաբաժինը կառավարում է «Unknown AB» ընկերության միջոցով, որն ամբողջությամբ պատկանում է իրեն։
Ըստ ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կանոնադրության՝ ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել միջազգային մրցաշարերի, որոնք անցկացվում են նրանց հովանու ներքո, եթե ունեն հետաքրքրություններ և շահեր բուքմեյկերական ընկերություններում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Զլատանն այդ օրենքը խախտել է, երբ «Միլանի» կազմում մասնակցել է Եվրոպա լիգային ու երբ Շվեդիայի հավաքականի կազմում՝ աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում։
«Bethard» ընկերության ներկայացուցիչները հաստատել են, որ Իբրահիմովիչը մինչ օրս մասնաբաժին ունի իրենց մոտ։
Հայտնի է, որ այդ ընկերությունը խաղադրույքներ է առաջարկել աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի Շվեդիա 1։0 Վրաստան և Կոսովո 0։3 Շվեդիա հանդիպումների համար, որոնց մասնակցել է 39-ամյա ֆուտբոլիստը, ինչպես նաև «Bethard»-ը մշտապես խաղադրույքներ է ընդունում Ա սերիայի հանդիպումների համար, իսկ այդ խնդրի մասին Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիան տեղյակ է արդեն մի քանի տարի։
Նշվում է, որ եթե ապացուցվի շվեդ ֆուտբոլիստի մեղքը, ապա նրան սպառնում է մինչև 3 տարվա որակազրկում և 100 հազար եվրոյի տուգանք, ինչի պատճառով նա չի կարողանա Շվեդիայի հավաքականի կազմում մասնակցել Եվրո-2020-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, ԵՎՐՈ-2020, Եվրոպա-լիգա, Զլատան-Իբրահիմովիչ, Միլան, Շվեդիայի ազգային հավաքական, ՈւԵՖԱ, ՖԻՖԱ