Զինագործները մտնում են Արտետայի դարաշրջան․ ընեթերցողի կարծիք

Զինագործները մտնում են Արտետայի դարաշրջան․ ընեթերցողի կարծիք

12/09/2020 - 00:38

Լոնդոնի «Արսենալի» համար 2019/20 մրցաշրջանը առեղծվածային դասավորվեց: Եղան, թե՛ ռեկորդներ և թե՛ հակառեկորդներ: Սարսափելի պարտություններից՝ մինչև շոկի հասցնող հոյակապ հաղթանակներ: Մեկ մրցաշրջանի ընթացքում թիմի ղեկը ստանձնեցին 3 տարբեր մարզիչներ: Ինչպես միշտ, այդպես էլ այս մրցաշրջանում թվում էր, թե «Արսենալը» չի զարմացնի մեզ` ֆուտբոլասերներիս, սակայն բոլոր թերություններով հանդերձ թիմը գեղեցիկ ավարտ դրեց մրցաշրջանին՝ մեկ ամսում նվաճելով 2 տիտղոս (Անգլիայի գավաթ և Անգլիայի սուպեր գավաթ): Բացի տիտղոսներից, նվաճեց նաև Եվրոպա Լիգայի ուղեգիր, որը մինչև վերջին պահը անիրատեսական էր թվում: Երկու եզրափակիչ, որոնք վերջին տարիների լավագույն խաղերն էին «Արսենալի»:  Իհարկե, այս ամենը իրագործելու մեջ իր առանձնահատուկ դերը ունի Միկել Արտետանլ, ով կարճ ժամանակահատվածում գտավ «Արսենալի» հաղթաթուղթը և պատվով ավարտեց մրցաշրջանը: Հիմա կփորձենք ամփոփել «Արսենալի» անցած ուղղին, կփորձենք հասկանալ, թե ի՞նչ է սպասվում «Արսենալին» եկող մրցաշրջանում, ի՞նչ օգուտ կտան ակումբի նորեկները, կկարողանա արդյո՞ք Արտետան պահել հաղթական ոգին, թե՞ այս ամենն ուղղակի կարճամետրաժ հեքիաթ էր:

Ինչու՞ Ունայի Էմերիին պաշտոնանկ արեցին:

2018/19 մրցաշրջանը ամբողջությամբ ձախողեց Ունայի Էմերին` լավագույն քառյակի շանսեր բաց թողնելով և Եվրոպա Լիգայի եզրափակչում «Չելսիից» խոշոր հաշվով պարտություն կրելով: Եկող մրցաշրջանից սպասելիքները ավելին էին: Մարզիչ, ով  «Սևիլիայի և «Վալենսիայի» հետ տպավորիչ արդյունքների էր հասել, միառժամանակ ՊՍԺ-ում համաշխարհային կարգի խաղացողների հետ աշխատելու փորձ ուներ, անկասկած հույս էին ներշնչում, որ նա կարող է «Արսենալ» բերել այն որակները, որոնց երկրպագուները այդքան սպասում էին: Սակայն, եղավ այն, ինչը անխուսափելի էր: Էմերին 2 ամսվա կտրվածքով առաջնությունում հաղթել էր ընդհամենը 4 խաղում:

Բացի թերի արդյունքներից, իսպանացին հասցրել էր տարաձայնություններ ունենալ թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ: Էմերին երբեք չի փայլել մարտավարական փիլիսոփայությամբ, ինչպես առաջնության մնացած թոփ մարզիչները: Իսպանացու կիրառած մարտավարության արդյունքում «Արսենալը» և՛ գնդակով, և՛ առանց գնդակի հաճախ տառապում էր դինամիկ վազքի բացակայությունից: Գնդակը խաղարկվում էր հետնամասից այնքան, մինչև կնկատվեր ազատ ֆուտբոլիստ, ում ուղղությամբ էլ կկատարվեր փոխանցումը: Սակայն հաճախ այդ ամենը տեղի չէր ունենում, քանի որ 10-ից 7 դեպքում անհատական խաղում թերանում էին պաշտպանները, ինչի արդյունքով մրցակիցը պատժում էր լոնդոնյան ակումբին: Էմերիի օրոք քիչ կարևոր հաղթանակներ չի տարել «Արսենալը», սակայն դրանք եղել են ուժեղ մոտիվացիայի ազդեցության տակ և ոչ շարունակական, իսկ ընդհանուր պատկերն այն էր, որ նա եկավ ներկայացնելու թերի մարտավարական գաղափարներ, մոլուցք և չարդարացված հույսեր երկրապգուներին, ինչի արդյունքում էլ նրան դռան կողմը ցույց տվեցին:

Միկել Արտետայի ազդեցությունը. Արտետա vs Էմերի

Ունայի Էմերիի և ժամանակավոր պաշտոնակատար Ֆրեդրիկ Լյումբերգից հետո «Արսենալը» բժշկելու եկավ Միկել Արտետան: Երիտասարդ մարզի, ով ոչ ավել, ոչ պակաս Պեպ Գվարդիոլայի օգնականն էր: Որոշակի փորձ ձեռք բերելով Պեպից՝ Միկելը վերադարձավ իր նախկին ակումբ, բայց արդեն գլխավոր մարզչի կարգավիճակով: 38-ամյա մարզչի նշանակումից դեռ ոչ ոք չէր պատկերացնում, որ մարզչական լիարժեք դպրոց չանցած իսպանացին կտրուկ կազդի «Արսենալի» խաղի վրա իր գրանցած դրական արդյունքներով: 30 պաշտոնական խաղերում Միկելի գլխավորած թիմը գրանցեց 17 հաղթանակ, 7 ոչ ոքի և 6 պարտություն: Գոլերի ընդհանուր տարբերությունը 47-ը 27-ի հարաբերակթությամբ: Սա իհարկե փայլուն արդյունք է Միկելի կողմից: Ճիշտ է «Արսենալը» դուրս մնաց Եվրոպա Լիգայից՝ 1/16-րդ եզրափակչում կրելով պարտություն «Օլիմպիակոսից», սակայն մարզչի նվաճած 2 տիտղոսները «ծածկեցին» այդ ձախողումը:

Եթե փորձենք համեմատել Էմերիի գլխավորած «Արսենալը» ներկայիս «Արսենալի» հետ, կնկատենք ակնհայտ տարբերություն: Էմերին չուներ ուժեղ բնավորություն, չէր չուներ պլան Բ, չէր կարողանում ազդել իր որոշմամբ ֆուտբոլիստների վրա․ մեջբերենք Էկտոր Բելերինի խոսքերը. «Մենք Էմերիի ժամանակ թիմ չէինք»: Թերևս մի շարք բացասական կարծիքների կողքին կար այն, որ Էմերիին, այսպես ասած, «թույլ չտվեցին» ցույց տալ իր ամբողջ ներուժը, բայց փաստ է, որ նրա օրոք թիմում լավ մթնոլորտ չէր տիրում:  Իսկ Արտետայի հետ ամեն բան այլ է: Նա մի քանի ամսվա ընթացքում կարողացավ հեղափոխություն իրականացնել: Միկելին չափից շատ են հարգում և սիրում ֆուտբոլիստներն ու երկրպագուները: Դա առաջին հերթին գալիս է «Արսենալում» իր անցկացրած փառահեղ 6 տարիների ձեռք բերած հեղինակությունից: Իսպանացին շատ է նախապատվությունը տալիս երիտասարդ կադրերին, ինչը հաճախ չէինք տեսնում Էմերիի ժամանակ: Բնավորությամբ հանգիստ, հավասարակշռված, բայց միառժամանակ վճռական: Այս մրցաշրջանում «Արսենալի» ամենամեծ հիասթափությունը Մատեո Գենդուզին էր: Ֆրանսիացին, ով մրցաշրջանի սկզբում մեծ ազդեցություն թողեց Պրեմիեր Լիգայում, Արտետայի օրոք դժբախտորեն «ընկավ»: Առաջնության 30-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվեց «Բրայթոնին», որտեղ էլ պարտվեց 1-2 հաշվով: Հանդիպման վերջնամասում Մատեո Գենդուզին աչքի ընկավ ոչ պրոֆեսիոնալ պահվացքով և վիրավորական խոսքեր հնչեցրեց ուղղված «Բրայթոնի» ֆուտբոլիստներին, ինչից հետո այլևս Արտետան չհայտավորեց ֆրանսիացի ֆուտբոլիստին մնացած խաղերում: Բավականին կոպիտ, բայց հարգանքի արժանի որոշում: Ֆուտբոլիստ, ում հետ մեծ հույսեր էին կապում, այսօր հնարավոր է հեռանա ակումբից: Ահա, թե ինչու է Արտետայի օրոք թիմի մտնոլորտը կայուն:

Երիտասարդ կադրեր

Արսեն Վենգերը երբեք չի վարանել հնարավորություն տալ երիտասարդ խաղացողներին և ակադեմիայի շրջանավարտներին խաղալ գլխավոր թիմում: Միկել Արտետան շարունակելով ավանդույթը՝ հնարավորություն է ընծայում պատանի ֆուտբոլիստներին: Մի շարք ֆուտբոլիստներ ձեռք բերեցին նոր խաղամակարդակ: Բուկայո Սակա, Ջո Վիլոք, Կիրան Թիրնի, Գաբրիել Մարտինելի և այլոք… Ֆուտբոլիստներ, որոնց շնորհիվ առաջընթաց գրանցեց «Արսենալը»: Ներկայացնենք ֆուտբոլիստներին․

1․ Բուկայո Սակա, 19 տարեկան : Բազմակողմանի եզրային հարձակվողը (կիսապաշտպանը) ընդամենը 17 տարեկան էր, երբ երկու տարի առաջ իր նորամուտը նշեց Եվրոպա Լիգայում  և այժմ դարձել է հիմնական կազմի ֆուտբոլիստ: Ավարտված մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը դուրս է եկել խաղադաշտ 38 անգա՝ դառնալով 4 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Եվրոպա Լիգայի շրջանակներում Սական գրավեց գերմանական «Այնտրախտի» (3-0) դարպասը:  Անգլիացին դարձավ «Արսենալի» պատմության երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփում եվրագավաթներում` 18 տարեկան և 14 օրական: Առաջինը թիմի նախկին կիսապաշտպան Աարոն Ռեմզին էր, ով 2008-ին «Ֆեներբախչեի» դարպասը գրավել էր 17 տարեկան և 300 օրական հասակում։ Շարունակելով ռեկորդների շարքը` Բուկայոն 11 գոլային փոխանցմամբ առաջին պատանին է, ով 2006 թվականից ի վեր մեկ մրցաշրջանում կատարել է կատարել է ամենաշատ ասիստը՝ կրկնելով Սեսկ Ֆաբրեգասի ցուցանիշը։  Հետևաբար, Սական համարվում է Պրեմիեր Լիգայի ամենատաղանդավոր երիտասարդներից մեկը հասունանալով և ավելի մեծ փորձ ձեռք բեռելով լոնդոնյան ակումբում: Երիտասարդ անգլիացին «Արսենալի» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր, ինչը խոսում է այն մասին, որ  Արտետան կկարողանա ապավինել մի խաղացողի, որն ունի բոլոր հատկանիշները հիմնական կազմում լինելու համար:

2. Գաբրիել Մարտինելի, 19 տարեկան: Մարտինելին, որպես այդպիսին, ֆուտբոլային կրթություն ստացել է բրազիլական «Իտուանո» ակումբում, որտեղ էլ տպավորիչ արդյունքներ ցույց տալուց հետո «Արսենալը» 7 մլն եվրո վճարեց նրա տրանսֆերի համար: Մարտինելին, ի սկզբանե, կենտրոնական հարձակվող է եղել, նաև կարող է խաղալ երկու եզրերում` հիմնականում փայլուն է գործում ձախ եզրում: Ավարտված մրցաշրջանում Գաբրիելի անցկացրած բոլոր 26 խաղերում հիմանական կազմում է ընդգրկվել միայն 5 խաղում: Այնուամենայնիվ, նրա դիրքային տեղաշարժը, համաձայն Միկելի մարտավարության, չի նվազեցրել նրա ազդեցությունը: Ֆուտբոլիստը 10 անգամ գրավեց մրցակիցների դարպասը և 4 անգամ աչքի ընկավ գոլային փոխանցմամբ: Մարտինելին առաջին պատանի ֆուտբոլիստն է, ով «Արսենալի» կազմում մեկ մրցաշրջանում խփել է 10 գոլ: 1998-99 թվականներին այդ ցուցանիշը պատկանում էր նախկին «Չելսիի» ֆուտբոլիստ Նիկոլաս Անելկային: Նաև «Վեսթ Հեմի» դարպասը գրավելուց հետո, Մարտինելին դարձավ «Արսենալի» երբեմնի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով Պրեմիեր Լիգայի իր նորամուտի խաղում գոլ խփեց 18 և 174 օրական հասակում: Սակայն բոլոր արդյունավետ գործողությունների կողքին կա նաև բացասականը: Մարտինելիի ամենամեծ խոտանը իր գնդակի ունակությունն է: Բավականին հաճախ 19-ամյա երիտասարդը զրոյացվում է, երբ հայտնվում է մրցակցի պաշտպանի դեմ մեն-մենակ` իր ստեղծագործական պակասի պատճառով: Այսպես ասած Մարտինելին ձգտում է «մեկ ոտք ունենալ» գնդակը տեղաշարժելիս, ինչը նրան կանխատեսելի է դարձնում պաշտպանի համար: Իհարկե եթե Մարտինելին ուզում է առաջ շարժվել պետք է իր զինանոցի մեջ ավելացնի նաև այդ հատկությունը: Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ կարող է նա առաջարկել ֆուտբոլին մոտակա տարիների ընթացքում:

3. Ռեյս Նելսոն, 20 տարեկան: Երբ Նելսոնը 2017 թվականին Արսենալի նախամրցաշրջանային Ավստրալիա և Չինաստան շրջագայության ժամանակ հուզիչ ոճով բեմ դուրս եկավ, շատերն ակնկալում էին, որ նա արագորեն կդառնար թիմի հիմնական խաղացող: Բայց այդպես չստացվեց: Նելսոնը չկարողանալով հաստատվել «Արսենալում»` վարձավճարով տեղափոխվեց Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆֆենհայմ», որտեղ էլ գտավ իրեն արևի լույսի տակ` աչքի ընկնելով դրական գործողություններով: Նելսոնն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 24 հանդիպման դառնալով 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: Ստեղծագործական աշխատանքն ու դրիբլինգը նրա գլխավոր առավելություններն են: «Ես կարծում եմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում նա մի փոքր շփոթված էր: Հիմա ես տեսնում եմ, որ Ռեյսը իսկապես ցանկանում է պայքարել և կարծում եմ, որ նա ներուժ ունի անել այն, ինչ ուզում է» ասում է Արտետան: Այնուամենայնիվ Նելսոնի տաղանդը կասկածի ենթարկել չի կարելի և «Արսենալում» նա ունի մի մարզիչ, ով հավատում է իրեն և կփորձի առավելագույնը քաղել նրանից:

4. Կիրան Թիրնի, 23 տարեկան: Շոտլանդական ֆուտբոլը հաճախ արժանացել է քննադատությունների ֆուտբոլի որակի առումով, բայց  առաջնությունը երբեք տաղանդի պակաս չի զգացել: Միջազգային սկաուտների ուշադրությունը գրաված վերջին խաղացողը 23-ամյա պաշտպան Կիրան Թիրնին է: Շոտլանդացին անցած տարի միացավ «Արսենալին» 18 մլն եվրոյի դիմաց: «Արսենալ» տեղափոխության ժամանակ Թիրնին ապաքինվում էր ծանր վնասվածքից, սակայն վերադառնալուց հետո այնպես մտավ խաղի մեջ, կարծես ոչինչ չէր պատահել: Բավականին լավ է միանում թիմի գրոհներին, տիրապետում է երկար փոխանցումների արվեստին: Ֆուտբոլիստը շատ լավ տեղավորվեց Միկել Արտետայի «Արսենալում» և դարձավ անփոխարինելի մասնիկ: Թիրնիի հիմնական խաղային դիրքը ձախ պաշտպանի գոտին է, սական հաճախ, երբ փոխվում է «Արսենալի» մարտավարությունը, Թիրնին նույնպես փոխում է իր դիրքը խաղադաշտում: Բավականաչափ մարտունակ է, ճկուն և արագ է կողմնորոշվում կարճ տարածությունների ժամանակ: Ավարտված մրցաշրջանում Թիրնին մասնակցել է 25 հանդիպման դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Լինելով երիտասարդ՝ արդեն հասցրել է նվաճել 14 տիտղոս: Դրական ցուցանիշները նշանակում են, որ Շոտլանդիայի հավաքականը, բացի Էնդրյու Ռոբերտսոնից, կունենա ևս մեկ բարձրակարգ պաշտպան, ով «Լիվերպուլի» ֆուտբոլիստի հետ կռիվ կտա ձախ եզրի համար: Այս ֆուտբոլիստի մասին պետք է նշել մի բան, որ նա խաղադաշտում հիանալի առաջատար է: Եթե Թիրնին շարունակի իր ելույթները «Արսենալի» կազմում, ապա չի բացառվում, որ մոտ ապագայում կստանձնի ավագի թևկապը: Նա ձգտում է էլ ավելի բարելավել իր որակները Միկել Արտետայի գլխավորությամբ և դա փայլելու հիանալի հնարավորություն է:

5. Էդի Նկետիա, 21 տարեկան: Էդի Նկետիան դեռ 3 տարի առաջ խոսել տվեց իր մասին: 2017/18 մրցաշրջանում «Արսենալը» Անգլիայի Լիգայի Գավաթի 1/8 եզրափակչում պետք է մրցեր «Նորվիչի» դեմ: Հանդիպման ավարտից 5 րոպե առաջ «Նորվիչը» հաղթում էր նվազագույն 1-0 հաշվով: Բոլորին անհայտ Էդի Նկետիան Ռեյս Նելսոնին փոխարինեց և առաջին հպումով գրավեց դարպասը՝ հաշիվը դարձնելով հավասար: Լրացուցիչ խաղակեսի 96-րդ րոպեին Նկետիան կրկին հիշեցնել տվեց իր մասին: Ֆուտբոլիստը ձևակերպեց դուբլ և հաղթանակ պարգեևեց «Արսենալին»: Ինչպես և Նելսոնի դեպքում, այդպես էլ Նկետիան հեշտ ճանապարհ չի անցել: Ֆուտբոլիստը 2019-ի օգոստոսից մինչև 2020-ի սկիզբ վարձավճարով հանդես էր գալիս Չեմփիոնշիփը ներկայացնող «Լիդսում», որտեղ էլ 19 խաղում հասցրեց աչքի ընկնել 5 գոլով և 1 գոլային փոխանցմամբ: Ընդհանուր մրցաշրջանի կտրվածքով Նկետիան մասնակցել է 36 խաղի՝ դառնալով 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: «Ես համարձակ եմ, սիրում եմ ինձ դնել այն տեղերում, որտեղ շանսերը մեծ են գոլի հեղինակ դառնալու: Երբեմն ստացվում են, երբեմն `ոչ: Ես ունեմ մեծ ցանկություն լավ գործել և գոլեր խփել»,- ասում է Նկետիան: Էդվարդը հանդես է գալիս Անգլիայի Մ-21 տարեկանների հավաքականում, որտեղ Բոթրայդը հարմար տեղ գտավ երիտասարդի համար և դարձրեց իսկական առաջատար: Այս պահին 9 գոլերի քանակով մրցաշարը գլխավորում է հենց նա: Իհարկե բոլոր հատկությունները բարելավելու համար հսկայական ճանապարհ կա, այնուամենայնիվ տպավորիչ է տեսնել, թե որքան լավն է նա այդքան երիտասարդ տարիքում: Հարցին, թե շուտով նա կարող է կորցնել Նկետիային Գարեթ Սաութգեյթի ավագ կազմի համար, Բոթրայդը պատասխանեց այսպես` «Դա է աշխատանքի բնույթը»: «Եթե դա տեղի ունենա ապա նշանակում է, որ մեկ այլ խաղացող վեր է բարձրանում, իսկ դա փայլուն է: Նշանակում է, որ նրանք իսկապես լավ են անում իրենց գործը: «Այնպես որ, եթե դա պատահի, մենք միայն հաջողություն կցանկանանք Էդվարդին և կփորձենք գտնել հաջորդին: Նա մրցում է երկրի լավագույն խաղացողների դեմ, և եթե նա անընդհատ գոլ է խփում, և դա անում է իր ակումբի և մեր համար, ապա նրան ծաղկուն ապագա է սպասվում»: Կան շշուկներ, որ «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը պատրաստ է լքել ակումբը, ինչը կարող է 21-ամյա անգլիացու համար իսկական շանս լինել կենտրոնական գոտում հայտնվելու համար:

6. Էշլի Մեյթլենդ-Նայլս, 23 տարեկան: 17 տարեկան հասակում նա իր դեբյուտը անցկացրեց 2014-ի դեկտեմբերին Չեմպիոնների Լիգայի խաղարկության «Գալաթասարայի» դեմ խաղում (1-4) իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքելուց 2 ամիս անց: 2015/16 մրցաշրջանում «Արսենալի» ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Իսպվիչում», որտեղ դարձավ 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Այնուամենայնիվ Անգլիայի Մ-20 հավաքականի հետ 2017-ի հունիսին տիրացավ Աշխարհի գավաթին` ունենալով իր հաջող ներդրումը հաղթանակում: Նայլսը ավարտված մրցաշրջանում դարձավ 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստը ավելի արդյունավետ էր գործում Ունայի Էմերիի ժամանակաշրջանում, իսկ Արտետայի հետ ավելի պասիվ է դառնում Նայլսի դերը թիմում, քանի որ նույն դիրքի ֆուտբոլիստները գերակշռում են ակումբում: Հունիսին ֆուտբոլը վերադառնալուն պես, Նայլսը լիգայի 10 խաղերից մասնակցեց 6-ին՝  սկսելով 1-ը մեկնարկային կազմից: Արտետան չէր սիրում բացահայտ հասկացնել որ իրեն «պետք չէ» տվյալ ֆուտբոլիստը, սակայն ակնհայտ էր, որ Նայլսին ամենաքիչն է վստահում: Արտետան վերջնական որոշում չկայացրեց և Նայլսին վստահեց Անգլիայի գավաթի մնացած խաղերում: Տրված շանսից Նայլսը ամուր բռնվեց: Նման վստահությունն արդարացված էր, քանի որ Մեյթլենդ-Նայլսը իր թիմի մյուս անդամների հետ միասին կարգապահ ելույթ ունեցավ և «Ման Սիթիին» հաղթելով 2-0 հաշվով ՝ դուրս եկան Անգլիայի գավաթի եզրափակիչ: Արտետան նրան կրկին մեկնարկային կազմում ընդգրկեց օգոստոսի 1- ին կայացած «Չելսիի» դեմ եզրափակչում, որն այս մրցաշրջանի ամենամեծ հաղթանակը դարձավ: Արտետայի վստահությունը Նայլսի նկատմամբ կրկին արդյունք տվեց, քանի որ «Արսենալը» 2-1 հաշվով հաղթեց «Չելսիին» ՝ նվաճելով Անգլիայի գավաթը: «Երբ խաղադաշտում եմ, ես ծաղկում եմ, երբ ավելի շատ խաղաժամանակ եմ ստանում և անկախ նրանից, թե որտեղ եմ խաղում, ես պարզապես աշխատում եմ անել ավելի թիմին օգնելու համար»: ասում է Նայլսը: «Վուլվերհեմթոնը» և «Նյուքասլը» Նայլսի տրանսֆերի համար առաջարկել էին 15մլն ֆունտ: «Արսենալի» համար անհրաժեշտ էր ընդամենը 1 եզրափակիչ, որպեսզի պատասխան տար 2 ակումբներին: Եվ զարմանալի չէր որ Նայլսը մեկնարկում հայտնվեց նաև «Լիվերպուլի» դեմ Անգլիայի սուպերգավաթի խաղում` (1-1 5-4) իր ծննդյան օրը: Պարզ ասած, 23-ամյա խաղացողը, հավանաբար, ներկայացրեց իր կարիերայի լավագույն արդյունքը: Եվս մեկ անգամ, նա կայուն էր պաշտպանության ձախ թևում: 11 մետրանոց հարվածաշարում նրա դիպուկ հարվածը ցույց տվեց նրա վստահությունը և սառնասրտությունը: «Լիվերպուլի» դեմ խաղում Նայլսը ավելացրեց երկրպագուների խնդրանքները` «Չվաճառել Մեյթլենդ-Նայլսին», իսկ հաջորդ օրերին լրատվամիջոցները հայտնեցին, որ «Արսենալը» որոշել է պահել իրեն և նույնիսկ մտածում է նրան նոր պայմանագիր առաջարկել:

7. Ջո Վիլոք, 21 տարեկան: Այս մրցաշրջանը Վիլոքի համար ավելի լավ կառուցվեց, քան նախորդ մրցաշրջանները: Վիլոքը խաղ առ խաղ վաստակեց Միկել Արտետայի վստահությունը: Նրա հավատը Վիլոքի հանդեպ ձևավորվեց այն պահից, երբ Արտետան խաղադաշտ դուրս բերեց 20-ամյա ֆուտբոլիստին «Ման. Սիթիի» դեմ խաղում` (0-3) Մեսութ Օզիլի փոխարեն: Այդ որոշումը իհարկե անակնկալ չէր, հաշվի առնելով Օզիլի չհայտավորված խաղերի քանակը, սակայն Արտետայի որոշումը շատ բան էր ասում, թե ինչ կարծիք ունի նա Վիլոքի մասին: Ճիշտ է «Արսենալը» պարտություն կրեց այդ խաղում, սակայն Վիլոքը խաղաց իր հնարավորությունների առավելագույն չափով, ինչը բարձր գնահատականի է արժանացնում Արտետան: Նա բազմակողմանի ֆուտբոլիստ է, անմիջական: Հանդես է գալիս թե աջ, թե ձախ եզրերում նաև կիսապաշտպանության բոլոր գոտիներում: Երիտասարդ լինելով հանդերձ չի վախենում խաղն իր վրա վերցնել: Զարմանալի չէ, որ Արտետան հավատում է Վիլոքի տաղանդին: Ավելի տպավորիչ էր նրա խաղը Անգլիայի սուպեր լիգայում «Լիվերպուլի» դեմ խաղում (5-5 5-4), որտեղ Վիլոքը կտրեց հեկտար տարածություն և ֆանտաստիկ գնդակ խփեց մերսիսադյան ակումբի դարպասը: Ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 44 հանդիպման, դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Նա ավելի շատ գոլի հեղինակ է դարձել ավարտված մրցաշրջանում, քան Ջական, Տորեյրան, Սեբայլոսը և Օզիլը միասին վերցրած (4): Չի բացառվում, որ «Արսենալը» կունենա նոր համալրում կիսապաշտպանության շրջանում, որը կարող է խոչընդոտել 20-ամյա ֆուտբոլիստի աճմանը, բայց դա չի խանգարի անվախ պատանուն, ով գիտի, որ ունի իր գլխավոր մարզի անվիճելի վստահությունը: Վիլոքն այն ֆուտբոլիստներից է, ով ունի բոլոր 10/10 որակները, որոնք անհրաժեշտ են պահեստայինների նստարանից խաղ փոխող դառնալու համար: Միակ մտահոգությունն այն է, որ նա կարող է հիասթափվել «պահեստային ֆուտբոլիստի» դերից: Հաշվի առնելով Միկել Արտետայի գործոնը, հուսադրում է այն, որ նա ճիշտ կօգտագործի Վիլոքին և չեն առաջանա տարաձայնություններ:

Նոր համալրումներ:

Այս տրանսֆերային պատուհանին «Արսենալը» այդքան էլ ակտիվություն չցուցաբերեց: Վարձավճարներից թիմին միացան պաշտպան Վիլյամ Սալիբան, կիսապաշտպաններ Մուհամեդ Էլնենին և Էմիլ Սմիթ Ռոուն, իսկ Դանի Սեբայլոսին ակումբը վարձակալեց երկրորդ անգամ: Դրանցից զատ, «Արսենալը» ամբողջական գնեց Պաբլո Մարիի տրանսֆերը և երկարաձգեց Դավիդ Լուիզի պայմանագիրը: Բայց, որպես այդպիսին, «զինագործները» պասիվ էին և գնեցին ընդամենը 2 բրազիլացիների: Փորձենք հասկանալ ինչքանով պիտանի կլինեն ֆուտբոլիստները Միկել Արտետայի «Արսենալին»:

Վիլիան

Մինչև վերջին պահը քննարկվում էր Վիլիանի ճակատագիրը «Չելսիում», սական այդպես էլ կողմերը չկարողացան համաձայնության գալ, ինչի արդյունքում ֆուտբոլիստը անվճար բաժին հասավ «Արսենալին»: Վիլիանն ավարտված մրցաշրջանում մասնակցել էր 47 խաղի՝ դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Այս տրանսֆերին երկրպագուների մեծամասնությունը բացասական վերաբերվեց անվանելով, որ Վիլիանը գտնվում է իր կարիերայի մայրամուտում: Շատերը ցույց կտան նրա տարիքը և կասեն, որ «Արսենալը» պետք է թիրախ դառնա ավելի երիտասարդ ֆուտբոլիստների, բայց կա մի անհերքելի փաստ, որ տարիքի հետ մեկ տեղ Վիլիանի որակները չեն անհետանում և ֆուտբոլիստը չի սկսում հետընթաց ապրել: Ներկայիս «Արսենալը» ունի բավականին շատ երիտասարդ ֆուտբոլիստներ, իսկ Վիլիանի ներկայությունը կարող է նրանց կողքին ապահովել որպես փորձառու ֆուտբոլիստ, ով չի դադարում փայլել իր աշխատասիրությամբ: Վիլի անի և Օբամեյանգի կողքին շատ ու շատ ֆուտբոլիստներ կհղկվեն և կդառնան ավելի փորձառու, քան հիմա կան: Վիլիանն ունի 8 տարվա փորձ Պրեմիեր Լիգայում հանդես գալու, այնպես որ նրան հարմարվելու համար ոչինչ հարկավոր չէ: Սակայն բոլոր դրական հանգամանքների կողքին կան նաև բացասականները: Հնարավոր հետևանքներ, որոնք չպետք է բացառել: Վիլիանի պայմանագիրը կգործի 3 տարի, այսինքն, եթե տեղի չունենան անախորժություններ ֆուտբոլիստը թիմում կմնա մինչև 35 տարեկան: Ուստի հասկանալի է, թե ինչու «Չելսին» չէր ցանկանում 3 տարով պայմանագիրը երկարաձգել Վիլիանի հետ: Մեսութ Օզիլը շաբաթական վաստակում է 350.000 ֆունտ աշխատավարձ, բայց չի ցուցադրում այն խաղը, որի համար նրան այդքան վճարում են: Մտավախությունն այն է, որ եթե Վիլիանի ելույթները սկսեն թուլանալ մոտ 18 ամիս անց, ապա «Արսենալը» կրկին կհայտնվի գրեթե նույն իրավիճակում: Վիլիանը նույնպես բեղմնավոր գոլահար չէ, իսկ «Արսենալին» ավելի շատ գոլեր են պետք կիսապաշտպանության տարածքներից: Այս ամենն այն բացասական կարծիքի պատասխանն է, թե ինչու են «Արսենալի» որոշ երկրպագուներ դժգոհում այս տրանսֆերից: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես կդրսևորի Վիլիանն իրեն եկող մրցաշրջանից:

Գաբրիել Մագալես

Միկել Արտետան փորձում էր գտնել արժանի մեկին, ով կփակի պաշտպանության խնդիրը, որը վերջին տարիներին հաճախ անբարվոք վիճակում էր գտնվում: Մեծ աշխատանքի շնորհիվ «Արսենալը» հաղթեց «Ման. Յունայթեդին» Գաբրիելի համար մղվող պայքարում: Բայց արդյո՞ք նա հենց այն խաղացողն էր, որին փնտրում էր Միկել Արտետան: Անրադառնանք տրանսֆերին` հասկանալու համար, թե ինչ կտա «Արսենալին» Գաբրիելը և ինչ կտա «Արսենալը» Գաբրիելին: Գաբրիելը ժամանակից շուտ կարդում է խաղը և կռահում իրավիճակները: Բրազիլացու աշխատանքը խաղադաշտում հսկայական է: Հանգիստ է, կազմավորված և վերահսկվող: Կարող է մեկ հպումով հեշտությամբ խաղընկերոջը դուրս բերել գրոհի: Պաշտպանի փորձը գնդակի մատակարարման հարցում արտացոլվում է նրա վիճակագրության մեջ: Անցած մրցաշրջանում բրազիլացին ավելի շատ փոխանցումներ էր կատարել (578), քան «Լիլի» ցանկացած այլ ֆուտբոլիստ: Բայց Գաբրիելի խաղը չի սահմանափակվում միայն փոխանցումներով, մասնավորապես նրա 1,90 հասակը նրան զգալի առավելություն է տալիս երկրորդ հարկում: Կենտրոնական պաշտպանը հաղթում էր 3,5 գլխանոց մենամարտերը մեկ խաղում: Դա այնքան կարևոր է, որ բացի պաշտպանվելուց ՝ Գաբրիելը ի վիճակի է այլ գործողություններ կատարել: «Արսենալում» Արտետան ցանկանում է, որ թիմը հնարավորինս շատ մնա գնդակով և մեծ արդյունավետությամբ խաղարկի գնդակը ետնամասից: Իսկ Արսենալի գնդակի խաղարկումը ոչ միշտ է հաջող ստացվում: Սակայն Գաբրիելը համարձակ է և հետևողական: Գաբրիելի առկայությունը կարող է լուծել թերացումները պաշտպանական գոտում: Միևնույն ժամանակ, բացի խաղային հմտություններից բրազիլացին հայտնի է նաև իր լիակատար նվիրվածությամբ և այն համառությամբ, որը կարող է ապահովել խաղադաշտում: Եթե Արտետան կառուցի 3-4-3 մարտավարությունը, ապա հավանականությունը մեծ է, որ հետին գծի կենտրոնից կգործեն Դավիդ Լուիզը, Վիլյամ Սալիբան և իհարկե Գաբրիելը: Վերջին երկուսն անհրաժեշտ տեմպ ունեն `լրացնելու փորձառու, բայց դանդաղ և հաճախ սխալվող Լուիզին, իսկ արդեն ապագայում կարող են լավ սպառնալից դուետ կազմել, որը հաջորդ տասնամյակում կլինի անփոխարինելի «Արսենալի» համար: Եզրափակելով, Գաբրիելը հստակորեն համապատասխանում է բոլոր այն տվյալներին և պայմաններին, որոնք թույլ են տալիս ֆուտբոլիստին խաղալ «Արսենալի» կազմում: 2019-ին ֆուտբոլիստը ստացավ ոտնաթաթի թեթևակի վնասվածք, որը նրան զերծ պահեց 2 խաղից: Դրանից զատ ֆուտբոլիստը չի առնչվել լուրջ վնասվածքների: Մի բան, որը «Արսենալի» երկրպագուները շատ հազվադեպ կարող են տեսնել:

Թեև կան ֆուտբոլիստներ, որոնցով Արսենալը հետաքրքրվում է և եթե ոչ այս ամառ, ապա ձմեռային տրանսֆերային պատուհանին կարող են գնել: Արտետան ցանկանում է իր թիմում տեսնել «Ատլետիկոյի» կիսապաշտպան Թոմաս Պարտիին: Անկասկած գանացի ֆուտբոլիստի տրանսֆերը նոր ուժ կհաղորդի «Արսենալի» կիսապշտպանությանը: Եթե լոնդոնյան ակումբը բաժանվեց թիմի կիսապաշտպաններ Մատեո Գենդուզիից և Լուկաս Տորեյրայից, ապա Պարտիի տրանսֆերը օդ ու ջրի պես անհրաժեշտ կլինի: Արսենալը Պարտիի տրանսֆերի դիմաց առաջարկել էր 30 մլն ֆուտն, գումարած Ալեքսանդ Լակազետի ծառայությունները, սակայն մերժում ստացել: Արսենալը պատրաստում է հերթական առաջարկը: Երկրորդ թիրախավորված ֆուտբոլիստը «Լյոնի» կիսապաշտպան Հուսեմ Աուարն է: «Յուվենթուսը» և «Ման. Սիթին» նույնպես ցանկանում են գնել ֆուտբոլիստի տրանսֆերը: Անձամբ Միկել Արտետան է հետաքրքություն հայտնել այս խաղացողի հանդեպ: Ֆրանսիացին համապատասխանում է 4-3-3 կազմին, որը Միկել Արտետան ցանկանում է օգտագործել այս մրցաշրջանում: «Արսենալը» տրանսֆերի դիմաց առաջարկեց որոշակի գումար, գումարած Մատեո Գենդուզիին, սակայն դեռ բավարար պատասխան չեն ստացել, քանի որ ֆրանսիական ակումբը դիտարկում է նաև այլ տարբերակներ:

Էմիլյանո Մարտինե՞ս, թե՞ Բերնդ Լենո:

Ավարտված մրցաշրջանում Բերնդ Լենոն փայլեց բոլոր առումներով: Ըստ վիճակագրության՝ եթե չլիներ Լենոյի ստաբիլ խաղը, ապա «Արսենալը» չէր հայտնվի նաև լավագույն տասնյակում: Կարող է զավեշտալի հնչել, բայց «Բրայթոնի» հարձակվող Նիլ Մոպեն գուցե «Արսենալի» 2019/20 մրցաշրջանի «ամենակարևոր խաղացողն էր»: Նա այն ֆուտբոլիստն էր, ով վնասվածք հասցրեց Բերդ Լենոյին և միևնույն ժամանակ շանս ընձեռեց մեկ այլ կատարողի: Մինչ այն պահը, երբ Մոպեն միտումնավոր գնաց գնդակի համար պայքարի Բերնդ Լենոյի հետ, փաստացի գերմանացին «Արսենալի» թիվ մեկ դարպասապահն էր: Անկասկած Լենոյի վնասվածքը շատ վախեցրեց երկրպագուներին և կարող էր ամեն ինչ այլ ավարտ ունենալ «Արսենալի» համար: Ինչպես կանոն, եթե փակվում է  մի դուռ, ապա մյուսը անպայման բացվում է: «Արսենալի» համեմատաբար չփորձարկված համար 2-ի` Էմի Մարտինեսի համար սա ուղղակի լավագույն շանս էր դրսևորվելու համար: Չնայած բարձր մակարդակում արգենտինացու անփորձությանը, նա ապացուցեց, որ Լենոյին առավել քան ընդունակ փոխարինող է: Այդ ժամանակվանից ի վեր, արգենտինացին օգտագործեց այն հնարավորությունը, որին սպասում էր գրեթե մեկ տասնամյակ: Նա ապացուցեց, որ պարզապես չափազանց լավն է համար երկրորդի համար: Միկել Արտետան այժմ ևս մեկ մեծ որոշում ունի կայացնելու:

Հաջորդ մրցաշրջանին մնացել է ընդամենը մեկ օր, ուստի Արտետան շատ արագ պետք է որոշի, թե ում է տեսնում համար 1-ի դերում: Փորձենք համեմատել և հասկանալ «Արսենալի» նորագույն պատմության ամենադժվար որոշումներից մեկը:

Փոխանցումների ճշգրտությունը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Էմին զիջում է Լենոյին: Գերմանացու փոխանցման ճշգրտությունը 73.1% է `համեմատած Մարտինեսի 67.9% -ի հետ: Մարտինեզը պատրաստ է ավելի ռիսկային փոխանցումներ կատարել «Արսենալի» առաջնագիծ տեմպ զարթնացնելու համար: Նա նաև ավելի լավ է տեսնում խաղադաշտը, քան Լենոն: Դրա վառ ապացույցն էր Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ «Ման Սիթիի» դեմ խաղը, որտեղ Էմին դրեց գոլային գրոհի սկիզբ և ակումբը հաղթանակ տոնեց:

Սեյվեր: Լենոն այս գործում աչքի է ընկնում: Ավարտված մրցաշրջանի մի փուլում նա ավելի շատ սեյվ էր կատարել, քան Պրեմիեր լիգայի ցանկացած այլ դարպասապահ: Շաբաթ առ շաբաթ նա անհավանական ելույթներ էր ունենում: Մասնավորապես առանձնանում է նրա խաղը անցած սեպտեմբերին Հյուսիսային Լոնդոնի Դերբիում (2-2): Բայց Մարտինեսը ապացուցեց, որ շատ հետ չէ Լենոյից այս գործում: Երբ «Արսենալը» հաղթում էր «Լիվերպուլին» 2-1 հաշվով մնացել էր մի քանի վայրկյան խաղաժամանակ Մարտինեզը այդ սեյվը կյանքի կոչեց: «Արսենալի» երկրպագուները հնարավոր չէ մոռանան 96րդ րոպեին Մարտինեզի ցատկը , որը իսկապես փրկեց «Արսենալին»: Ըստ ցուցանիշի, արգենտինացու սեյվերը 74,7% է Բերնդ Լենոյի  74,5% համեմատ: Գրեթե չկա մեծ տարբերություն:

 Խաղային փորձը: Այս մեկը մրցույթ չէ: Մոտ մեկ տասնամյակ տևած կարիերայում Բերնդ Լենոն ունի ավելի քան 400 ավագ հանդիպում: Եթե ​​չլիներ Գերմանիայի հարստությունը դարպասապահների շրջանում, ապա կարող էինք փաստել, որ նա այժմ կլիներ Գերմանիայի հավաքականի համար 1-ը: Գերմանացին իր դեբյուտը անցկացրեց Լևերկուզենի «Բայերի» կազմում ՝ ընդամենը 19 տարեկան հասակում, Չեմպիոնների լիգայի «Չելսիի» դեմ խաղում (2-0): Դրանից հետո նա իր դիրքը ամրագրեց որպես դարպասապահ: Նույն տարիքում Մարտինեսը նորամուտը նշում էր «Արսենալի» կազմում «Ռեդինգի» դեմ խաղում (7-5): Կարելի է ասել, որ նրա կարիերան հարթ ընթացք չի ունեցել «Արսենալում» քանի որ դրանից հետո նա մի շարք ակումբներ է տեղափոխվել վարձավճարով: Սակայն այժմ ֆուտբոլիստը ունի բավարար փորձ «Արսենալում» խաղալու համար

Կարծիքներ: Ակումբից լուրեր են տարածվում այն ​​մասին, որ երկու դարպասապահներն էլ կարծես պատրաստ են մնալ, որպեսզի հաջորդ մրցաշրջանում պայքարեն մեկնարկային կազմի համար: Ինչ էլ որ պատահի, կարելի է վստահորեն ասել, որ «Արսենալը» ունենալու է Լիգայի լավագույն 2րդ համարին: Twitter-ում  ՝ կար հարցում այս 2 դարպասապահների շուրջ: Մի պահ արդյունքը 50/50 էր: Չնայած Մարտինեսը սկսեց ավելի աճել՝ 65/35 մեծամասնությամբ: Իհարկե դաժան է Բերնդ Լենոյի նկատմամբ `հաշվի առնելով այն հանգամանքները, երբ նա կորցրեց իր տեղը մեկնարկում: Լենոյի համար խորթ չի լինի, եթե գլխավոր մարզիչը մեկնարկում ընդգրկի հենց Մարտինեսին: Իհարկե, երբ նա առաջին անգամ միացավ «Արսենալին», նա Պետր Չեխի ստվերում էր, մինչ 2018-ի հոկտեմբերը, իսկ միջազգային մակարդակում նա մեկնարկային կազմի համար մրցում է Տեր Շտեգենի և Մանուել Նոյերի հետ: 28 տարեկան հասակում նա գուցե ցանկանաում էր լինել երաշխավորված թիվ 1-ը: Բայց այս անգամ ևս հեշտ չի տրվի դա Լենոյին, քանի որ կա նոր խաղամակարդակի վրա դուրս եկած Մարտինես և նա կփորձի հասկանալ, թե իրենից ինչ է պահանջվում ՝ որպես առաջին ընտրություն իր տեղը վերականգնելու համար: Ֆուտբոը երբեմն կարող է այսպիսին լինել: «Ես սիրում եմ ունենալ երկու դարպասապահ ՝ Բերնդի և Էմիի մակարդակի վրա: Անցած մրցաշրջանում, երբ Բերնդը վնասվածք ստացավ շատերը կասկածներ ունեին Էմիի բնավորության կամ որակների մասին, սակայն նա ցույց տվեց, թե ինչ է կարողանում անել, և նա հակառակը չապացուցեց ընդամենը մեկ պահի համար: Նա դա արեց 10 կամ 11 խաղ անընդմեջ» ասում է Արտետան: Արգենտինացին ավելի քան մեկ տասնամյակ սպասում էր «Արսենալի» թիվ մեկ տեղը սեփականը դարձնելու հնարավորությանը: Նա այժմ վաստակել է դա, մնում է վերջնական որոշում կայացնի Արտետան, սակայն ինչ որոշում էլ որ դա լինի, չպետք է հիասթափություն  դառնա դարպասապահներից մեկի համար:

Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մնում է Արսենալում:    Միկել Արտետան համոզեց նրան

Շատ էին խոսակցությունները, որ Օբամեյանգը պատրաստ է լքել լոնդոնի «Արսենալը»: Ֆուտբոլիստը մրցանակների ծարավ էր և չէր կարողանում հանդուրժել թիմի անհաջողության շարքը: Միկել Արտետայի նշանակումից հետո փոխվեց ամեն ինչ: Արտետայի բերած հանգստությունը նաև ազդեց Օբամեյանգի որոշման վրա: Թեև մի շարք անհաջողությունների կողքին Օբամեյանգը դեռ փորձեց մտածել, ժամանակից շուտ չկայացնելով որոշում ապագայի վերաբերյալ: Օբամեյանգը «Չելսիին» խփեց երկու գնդակ Անգլիայի գավաթի եզրափակչում, որտեղ էլ նվաճեց իր առաջին տիտղոսը «Արսենալի» կազմում: Պրեմիեր Լիգայի 32րդ տուրում «Նորվիչի» դեմ խաղում Օբամեյանգը բացեց հաշիվը: Օբամեյանգի համար այդ գոլը 50-րդն էր Անգլիայի առաջնությունում «Արսենալի» կազմում։ Գաբոնցի հարձակվողից այս ցուցանիշը գրանցելու համար պահանջվեց 79 հանդիպում։79 խաղում դառնալով 50 գոլի հեղինակ՝ Օբամեյանգը շրջանցեց ռեկորդակիր Թիերի Անրիի ցուցանիշը։ Ֆրանսիացին «Արսենալի» կազմում Պրեմիեր լիգայում 50 գոլի սահմանը հատել էր՝ անցկացնելով 83 հանդիպում։ «Այս ֆուտբոլային ակումբում մենք միշտ ունեցել ենք անհավանական հարձակվողներ, և Օբան արժանի է անվանվել և համեմատվել մեծ անունների հետ: Հուսով եմ, որ մենք կունենանք երկար ժամանակ, վայելելու նրա խաղը»: ասում է Արտետան: Մարզիչը նաև գովաբանեց Օբամեյանգի աշխատանքային բարոյականությունը. Եվ իհարկե Անգլիայի սուպերգավաթի եզրափակչում տոնած հաղթանակից հետո Օբամեյանգը հրաժարվեց լքել «Արսենալը» և 3 տարվա պայմանագիր ստորագրեց ակումբի հետ:

Եզրափակելով վերլուծությունը կարող ենք վստահ ասել, որ մյուս մրցաշրջանում մենք կտեսնենք ձևափոխված «Արսենալ», որը ունակ է հավասար կռիվ տալ իր մրցակիցների հետ: Երբ թիմում կա հարգանք մեկը մյուսի նկատմամբ և դրական մթնոլորտ հանդերձարանում, երբ թիմի գլխավոր մարզիչը հեղինակություն է ֆուտբոլիստների համար, ապա դա արդեն տալիս է հույսեր, որ թիմը կարող է պայքարել յուրաքանչյուր մրցակցի հետ: Գաղտնիք չէ, որ մարզչի գործոնը բավականին մեծ է թիմում, քանի որ մարզիչն է թիմի հենասյունը, նա է «կարգախոս» թելադրողը և այդ անձը պետք է լինի հոգեբանորեն ամուր, ղեկավարելու հիանալի հատկանիշներով օժտված և մոտիվացնելու գերկամային հատկությամբ հարուստ անձնավորություն և տեսնելով Արսենալի ցույց տված խաղերից կարող ենք ասել, որ Միկելը ունի այդ բոլոր հատկանիշները:

Հայկ Սահակյան

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023