Երկու գրանդ ակումբներ հետաքրքրված են Ռամսդեյլի ծառայություններով
«Արսենալի» դարպասապահ Արոն Ռամսդեյլը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 25-ամյա դարպասապահի ծառայություններով սկսել են հետաքրքրվել մի շարք ակումբներ, այդ թվում` «Չելսին» ու «Բավարիան»։
«Ազնվականները» Ռոբերտ Սանչեսին ձեռք բերելուց հետո մտադիր են ևս մեկ հզոր դարպասապահ գնել` վերջնականապես ամրապնդելով այդ դիրքը։
«Բավարիան» էլ ցանկանում է ձեռք բերել այնպիսի դարպասապահի, ով երկար ժամանակով կփոխարինի Մանուել Նոյերին։
Հատկանշական է, որ Ռամսդեյլի` «Արսենալի» մեկնարկային կազմում տեղն արդեն այնքան էլ միանշանակ չէ։
Բանն այն է, որ Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում կայացած «Էվերտոն» – «Արսենալ» (0:1) խաղում Ռամսդեյլը մնացել էր պահեստայինների նստարանին, իսկ նրա փոխարեն դաշտ էր դուրս եկել «զինագործների» նորեկ Դավիդ Ռայան։
Ընդ որում, այդ հանդիպումից հետո լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարեց հետևյալը.
«Դա բացատրվում է նույն կերպ, թե ինչու խաղացին Ֆաբիու Վիեյրան և Գաբի Ժեզուսը։ Ինձ որևէ հարց չտվեցին, երբ Ժեզուսը մնաց պահեստայինների նստարանին։ Նա այս հանդերձարանում բոլորից շատ տիտղոս է նվաճել, այդ թվում` նաև ինձնից։
Ցանկանում եմ, որ Ռամսդեյլը կատարվածին արձագանքի այնպես, ինչպես Ժեսուսը, Հավերցը և Տոմիյասուն։ Ֆուտբոլ խաղում են 11 հոգի, այլ ոչ թե` 10 և ինչ-որ մեկը։
Ես երիտասարդ մարզիչ եմ, ով իր պաշտոնը զբաղեցնում է արդեն 3,5 տարի։ Ես շատ քիչ բաների համար եմ ափսոսում, սակայն վերջին երկու խաղերում 60-85-րդ րոպեներից հետո զգում էի, որ դարպասապահին փոխարինելու անհրաժեշտություն կա։
Ես չարեցի դա, քանի որ համարձակությունս չհերիքեց, սակայն կարող եմ հանդիպման ընթացքում վինգերի կամ հարձակվողի փոխարեն դաշտ դուրս բերել հինգերորդ պաշտպանին` հաշիվը պահելու համար։ Այդ խաղերում մենք ոչ-ոքի գրանցեցինք, ինչից ես շատ դժգոհ էի։
Հավանաբար, մարդիկ կասեն, որ դա տարօրինակ է, սակայն, ինչո՞ւ ոչ։ Եթե մեկ այլ դարպասապահ ունի անհրաժեշտ բոլոր որակներն ինչ-որ բան անելու համար, և դուք փոփոխություն եք ուզում, ապա մի զլացեք անել դա:
Ահա, թե ինչու եմ ափսոսում։ Այժմ զգում եմ, որ բոլորին պետք է ներգրավել խաղի մեջ, որ բոլորը պետք է խաղան՝ անկախ մրցաշարից։
Մենք հարմարվում ենք այն որակներին, որոնք ունեն մեր ֆուտբոլիստները և փորձում ենք խաղալ իրենց ուժերին համապատասխան։ Ըստ իս` «Էվերտոնի» դեմ խաղում այդ քայլն, իրոք, կարևոր էր, որպեսզի օգուտ տանք թիմին»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Հավելենք, որ ստեղծված իրավիճակում «Արսենալը» դժվար թե համաձայնի Ռամսդեյլին վաճառել 2024 թ. ձմեռային պատուհանի ժամանակ։
Մեծ է հավանականությունը, որ «զինագործները» նրան վաճառելու տարբերակը կդիտարկեն միայն հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ այն էլ այն դեպքում, եթե ակումբներն անգլիացի դարպասապահի դիմաց առաջարկեն 60 մլն ֆունտ կամ ավելի գումար։
Հավելենք, որ Արոն Ռամսդեյլն «Արսենալի» կազմում հանդես է գալիս 2021 թ. օգոստոսից` անցկացրած 83 խաղում դարպասը 30 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արոն Ռեմսդեյլ, Արսենալ, Բավարիա, Միկել Արտետա, Չելսի, տրանսֆերներ