Եվրո-2024. Գերմանիան քառորդ եզրափակիչում է` հաղթելով Դանիային 🎥
Եվրո-2024-ի տանտեր Գերմանիայի հավաքականը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց Դանիայի թիմի դեմ։
«Բունդեսմանշաֆթն» արդեն երրորդ րոպեին Նիկո Շլոտերբեկի ջանքերով բացեց հաշիվը, սակայն գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը չարձանագրեց դարպասի գրավումը. նախքան գոլը կանոնների խախտում էր եղել։
Այդ դրվագից հետո էլ Յուլիան Նագելսմանի սաները ճնշում էին գործադրում և քանիցս կարող էին բացել հաշիվը, սակայն դանիացիներին ամեն անգամ փրկում էր դարպասապահ Կասպեր Շմեյխելը։
Հանդիպումը 35-րդ րոպեին հորդառատ անձրևի, կայծակի ու ամպրոպի պատճառով Մայքլ Օլիվերի որոշմամբ ընդհատվեց։ Խաղը շարունակվեց միայն 15 րոպե անց։ Առաջին կեսում կողմերը գոլերով չուրախացրին։
Երկրորդ խաղակեսն էլ մեկնարկեց դանիացիների ճնշմամբ, որոնք 48-րդ րոպեին բացեցին հաշիվը, սակայն կրկին գոլը չարձնագարվեց. Յոաքիմ Անդերսենը խաղից դուրս իրավիճակում էր։
Անդերսենն, առհասարակ, դարձավ հանդիպման անհաջողակը, քանի որ չեղարկված գոլից ընդամենը 5 րոպե անց 11-մետրանոց բերեց սեփական դարպասին` ձեռքով խաղի պատճառով։
Գնդակին մոտեցավ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը և բացեց հաշիվը։
Խփած գոլից ստանալով վստահություն` գերմանացիները 68-րդ րոպեին օգտվեցին նաև մրցակցի պաշտպանների կոպիտ սխալից և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ջանքերով կրկնապատկեցին հաշիվը։
Խաղավերջում երկու հավաքականներն էլ կարող էին հաշվի մեջ նոր փոփոխություններ մտցնել, սակայն դարպասի նոր գրավումների ականատես չեղանք։
Այսպիսով, Գերմանիայի հավաքականը վստահ խաղով հաղթեց 2:0 հաշվով և դուրս եկավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Իսպանիա – Վրաստան զույգի հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիայի հավաքական, Դանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Կայ Հավերց, Յուլիան Նագելսման, Ջամալ Մուսիալա