Եվրոպական գրանդը հետաքրքրված է Ժոզե Մոուրինիոյի ծառայություններով
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին, հնարավոր է, շուտով տեսնենք ՊՍԺ-ի ղեկին։
Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն, փարիզյան ակումբի ղեկավարության մարտավարական գծով խորհրդական Լուիշ Կամպուշը կապվել է «Յուրահատուկի» հետ` քննարկելով հավանական համագործակցության մանրամասները։
Հատկանշական է, որ արդեն կան տեղեկություններ, որ եթե «Պարի Սեն-Ժերմենը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում չկարողանա հաղթահարել «Բավարիայի» արգելքն, ակումբը պաշտոնանկ է անելու ներկայիս գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեին։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն դիմակայության առաջին խաղում սեփական հարկի տակ պարտվել է 0:1 հաշվով։
56-ամյա մասնագետի մարտավարական ունակություններին փարիզյան ակումբի ֆուտբոլիստներն սկսել են վերաբերվել թերահավատորեն և կարծում են, որ նա ի զորու չէ ՊՍԺ-ին դուրս բերել ստեղծված բարդ իրավիճակից. ակումբը տարեսկզբից ի վեր կրել է արդեն 5 պարտություն։
Ինչ վերաբերում է Ժոզե Մոուրինիոյին, պետք է փաստենք, որ յուրաքանչյուր անգամ պորտուգալացի մասնագետի անունը կապվում է ՊՍԺ-ի հետ, երբ փարիզյան ակումբում մարզչական փոփոխություն է հասունանում։
Նշենք, որ հավանական գործարքի շուրջ «Պարի Սեն-Ժերմենի» և «Ռոմայի» միջև որևէ բանակցություն տեղի չի ունեցել, սակայն փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ Խելայֆին ու «գայլերի» սեփականատեր Դեն Ֆրիդկինը հիանալի հարաբերություններ ունեն։
Հավելենք, որ Ժոզե Մոուրինիոյի և հռոմեական ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դեն Ֆրիդկին, Ժոզե Մոուրինիո, Լուիշ Կամպուշ, Նասեր Ալ-Հելայֆի, ՊՍԺ, Ռոմա, տրանսֆերներ