Ե՞րբ էր վերջին անգամ Բարսելոնան դուրս մնացել ՉԼ խմբային փուլից
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց «Բավարիային»։
Այդ պարտության հետևանքով կատալոնական ակումբը E խմբում նահանջեց 3-րդ հորիզոնական և 2022 թ. գարնանը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «Բարսելոնան» 2000 թ. ի վեր առաջին անգամ չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլը։
«Բլաուգրանասը» ՉԼ 2000/01 մրցաշրջանում նույն խմբում ընգրկված էր «Միլանի», «Լիդսի» և «Բեշիկթաշի» հետ ու զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը` պայքարը շարունակելով ՈՒԵՖԱ-ի գավաթի (խմբ.` ներկայիս Եվրոպա լիգայի) շրջանակում։
«Բարսան» այդ ժամանակ հասավ մինչև ՈՒԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչ ու երկու խաղերի արդյունքում 0:1 հաշվով պարտվեց «Լիվերպուլին», որն էլ հետագայում եզրափակիչում 5:4 հաշվով հաղթեց մեկ այլ իսպանական թիմի` «Ալավեսին»` նվաճելով բաղձալի գավաթը։
Նշենք նաև, որ «կապտանռնագույնները» 2004 թ. ի վեր առաջին անգամ հանդես չեն գա ՉԼ փլեյ-օֆֆ-ում։ Կատալոնական ակումբը չէր կարողացել որակավորվել Չեմպիոնների լիգայի 2003/04 մրցաշրջանին, քանի որ Լա լիգայի 2002/03 մրցաշրջանում զբաղեցրել էր միայն 6-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Եվրոպա-լիգա, Լա-լիգա, ՈՒԵՖԱ-ի գավաթ, Չեմպիոնների-լիգա