Դրամա Բիլբաոյում. Բարսելոնան պարտվեց Ատլետիկին` լքելով Իսպանիայի գավաթը🎥
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։
Հանդիպման մեծ մասում, ճիշտ է, «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ունեին տարածքային առավելություն, սակայն խաղն ընթանում էր բասկյան ակումբի սցենարով, որի ֆուտբոլիստներն ավելի շատ էին հարվածում մրցակցի դարպասին և շատ ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն Մարսելինո Գարսիա Տորալի թիմը չկարողացավ հանդիպման հիմանակ ժամանակում բանը հասցնել հաղթանակի։
Ընդ որում` հանդիպման վերջնամասն անցավ բավական դրամատիկ սցենարով, սակայն ամեն ինչ հերթով։
«Ատլետիկի» ֆուտբոլիստներն Իկեր Մունայինի ջանքերով արդեն 2-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը, սակայն 20-րդ րոպեին Ֆերրան Տորեսը հավասարեցրեց հաշվի հավասարակշռությունը։
Տևական ժամանակ այս խաղում գոլեր չէին գրանցվում, սակայն 86-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո «Ատլետիկի» կազմից աչքի ընկավ Ինիգո Մարտինեսը և առաջ մղեց իր թիմին` հաշվիը դարձնելով 2:1։
Թվում էր` «Բարսելոնան» խաղը փրկելու ժամանակ այլևս չի ունենա, սակայն 90+3-րդ րոպեին Պեդրին մրցակցի տուգանային հրապարակում առաջինը կողմնորոշվեց ստեղված իրավիճակում և հաշիվը դարձրեց 2:2, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ առաջին խաղակեսի մեկնարկն էլ հիմնականում անցնում էր հավասար պայքարում, սակայն 105-րդ րոպեին Ժորդի Ալբան ձեռքով խաղաց սեփական տուգանային տրապարակում, ինչից հետո գլխավոր մրցավար Մարիո Մելերո Լոպեսը, դիտելով դրվագի կրինապատկերը, կատալոնական ակումբին պատժեց 11-մետրանոցով։
Գնդակին մոտեցավ Իկեր Մունիայինը, ով դիպուկ հարվածով գրավեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասն ու կրկին առաջ մղեց «Ատլետիկին»` հաշիվը դարձնելով 3:2։
Լրացուցիչ երկրորդ խաղակեսում Խավիի թիմը նետվեց առաջ` փրկելու խաղը, ստեղծեց մի շարք վտանգավոր պահեր, սակայն բասկյան ակումբը պաշտպանվեց անձնուրաց ու պահպանեց հաղթական հաշիվը։
Այսպիսով, «Ատլետիկը» հաղթեց 3:2 հաշվով և նվաճեց Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր, իսկ «բլաուգրանասը» լքեց պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա Բ, Դանի Ալվես, Ժորդի Ֆարե, Իկեր Մունիային, Ինիգո Մարտինես, Իսպանիայի գավաթ, Խավի, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Մարսելինո-Գարսիա-Տորալ, Պեդրի, Ֆերրան Տոռես