Գրանադան անակնկալ է մատուցում․ Նապոլին ոչինչ չկարողացավ առաջարկել🎥
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Գրանադան» «Նուևո Լոս Կարմենես» մարզադաշտում մրցեց «Նապոլիի» դեմ։
Անդալուսական ակումբի ֆուտբոլիստները բավական ակտիվ սկսեցին խաղը և միանգամից երկու գնդակի առավելություն ստացան։
Նախ՝ 19-րդ րոպեին Յանխել Էրերան բացեց խաղի հաշիվը, ապա՝ 21-րդ րոպեին Քենեդին կրկնապատկեց այն։
29-րդ րոպեին նեապոլիտանական ակումբը քիչ էր մնում մեկ գնդակ հետ բերեր, սակայն Էլիֆ Էլմասի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածը բարձր ստացվեց։
Նախքան ընդմիջման գնալն էլ «Նապոլին» վերահսկում էր խաղը, սակայն Ջենարո Գատուզոյի սաների խաղում չկար սրություն։
Գրեթե նույն պատկերն էր նաև երկրորդ կեսում․ հյուրերը տիրում էին գնդակին, սակայն վտանգավոր պահեր գրեթե չկային, էլ չենք խոսում հարվածների մասին, քանի որ «Նապոլիի» ֆուբտոլիստները ոչ մի կերպ չէին կարողանում դիպուկ հարված անել Ռուի Սիլվայի պաշտպանած դարպասին։
Գատուզոյի թիմն իր առաջին իրական վտանգավոր պահը ստեղծեց 87-րդ րոպեին, երբ Վիկտոր Օսիմենի հարվածից հետո Ռուի Սիլվան մեծ դժվարությամբ փրկեց «Գրանադային»։
Հատկանշական է, որ այդ դրվագում «Նապոլին» կատարեց իր առաջին դիպուկ հարվածը․ մյուս բոլոր 12 դեպքերում հարվածները կա՛մ շեղ են եղել կա՛մ էլ փակվել են անդալուսական ակումբի ֆուտբոլիստների կողմից։
Ամեն դեպքում, Դիեգո Մարտինեսի սաներին հաջողվեց պահպանել երկու գնդակի առավելությունը՝ պատասխան խաղից առաջ ստանալով լուրջ առավելություն, որը կկայանա փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 21։55-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գրանադա, Եվրոպա-լիգա, Յանխել Էրերա, Նապոլի, Ջենարո Գատուզո, Քենեդի