Գվարդիոլա. «Ֆուտբոլն ու կյանքը միշտ հնարավորություն են տալիս, եթե չես հանձնվում»
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Ռեալ Մադրիդին»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան.
«Երբ վիճակահանությունից հետո իմացանք, որ մրցելու ենք «Ռեալի» դեմ, ասացի. «Այո՛, ես հենց սա էլ ուզում էի»։
Ես ցանկանում էի կրկին մրցել «Ռեալի» դեմ, քանի որ ամբողջ տարվա ընթացքում ֆուտբոլիստներին քննադատում էին բնավորություն ցույց չտալու համար Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում «արքայական» ակումբից կրած պարտության պատճառով։
Մեզ մոտ ամեն ինչ ստացվեց, և ես երախտապարտ եմ ողջ թիմին` սեփականատիրոջը, նախագահին, ղեկավարությանը և, հատկապես, ֆուտբոլիստներին, քանի որ մենք այն ժամանակ ընդունեցինք պարտությունն, իսկ այսօր տոնեցինք հաղթանակ։
Մեկ տարի անց մենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ենք։ Ֆուտբոլն ու կյանքը միշտ հնարավորություն են տալիս, եթե չես հանձնվում»,- նշել է Գվարդիոլան, ում խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» երկու խաղերի արդյունքում 5:6 հաշվով պարտվել էր հենց «Ռեալին»։
Այդ դիմակայության պատասխան խաղում «քաղաքաբնակները» մրցավարի կողմից ավելացված ժամանակում երկու գնդակ բաց թողեցին, ինչից հետո այն շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում «սերուցքայինները» նաև հաղթանակ կորզեցին` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչում «Ման. Սիթին» մրցելու է «Ինտերի» դեմ, որը կայանալու է սույն թվականի հունիսի 10-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Ռեալ Մադրիդ